image
Հրատապ լուրեր:

Երկու էությունների փնտրտուք

Երկու էությունների փնտրտուք

 Շվեյցարացի ֆրանսագիր բանաստեղծ եւ թարգմանիչ Վահե Գոդելը Հայաստան է ժամանել  «Գրական տապան-2015» փառատոնի շրջանակում: Երեկ նա «Բյուրոկրատ»  գրախանութ-սրճարան այցելեց ազատ ոճի հագուստով, անկաշկանդ պատասխանեց լրագրողների հարցերին: Իսկ առիթը Գոդելի «Ինչ ասել այս մարմնի մասին եւ ինչ-որ բան ինչ-որ մեկը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսն էր: Գրքում տեղ են գտել բանաստեղծի՝ վերջին հիսուն տարում լույս ընծայած բանաստեղծություններից լավագույնները: Թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը փառատոնի մասնակիցներին ներկայացրեց Վահե Գոդելի գործունեությունը: Վահե Գոդելի հայրը՝ Ռոբեր Գոդելը, լեզվաբան-հայագետ է, մայրը՝ բնիկ պոլսեցի հայուհի Մելինե Փափազյանը: Շուրջ երկու տասնյակ բանաստեղծական ժողովածուների հեղինակ Վահե Գոդելի  «Խայթոցներ»  անդրանիկ գիրքը հրատարակվել է 1954թ.: Գոդելը թարգմանել եւ ֆրանսերեն առանձին ժողովածուներով լույս է ընծայել Գրիգոր Նարեկացու, Նահապետ Քուչակի, Դանիել Վարուժանի երկերը: Հայաստանին, հայ գրականությանը նվիրված իր հոդվածներում նա խոսել է իր պոեզիայի շեշտված հայկականության մասին: Ո՞ր հեղինակի ստեղծագործություններից է ազդվել: Բանաստեղծը նշում է, որ իր վրա ազդեցություն է ունեցել Գրիգոր Նարեկացին: «Անպայման կա Նարեկացու ազդեցությունը» ,- նշեց Վահե Գոդելը: Հետաքրքվեցինք՝ ո՞վ է, ըստ բանաստեղծի, այսօր սփյուռքահայը, մտածողության ինչ ընդհանրություններ կամ տարբերություններ ունի հայաստանցի հայի հետ: «Տարբեր մտածողություն ունեն» ,- հակիրճ արձագանքեց Վահե Գոդելը: Հայ ժամանակակից գրողների մեջ Վահե Գոդելը տեսնում է ինքնատիպ ստեղծագործողների, որոնք կարող են ներկայանալ արտերկրում: Ի՞նչ փոփոխություններ է նկատում Հայաստան կատարած հերթական այցի ժամանակ: Բանաստեղծի պատասխանը կրկին լակոնիկ էր. «Մեքենաները շատացել են քաղաքում: Մեկ էլ երկու տարի առաջ էի եկել» :

 


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ