Այսօր Ավագ Հինգշաբթի է, որը առանձնակի տեղ ունի եկեղեցական օրացույցում: Ավագ Հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին, իբրև Հաղորդության խորհրդի հաստատում: Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:
Ըստ ազգագրագետ Սոնիա Թաշչյանի, ընդունված է այսօր ճաշակել թթու և կծու ուտելիքներ, ի հիշատակ Տեր Յիսուս Քրիստոսի կրած տառապանքների: