image

Արսեն Բոբոխյան. «Կոմիտասն այն առաջին մարդկանցից է եղել, որ տեսել է ժայռապատկերներ»

Արսեն Բոբոխյան. «Կոմիտասն այն առաջին մարդկանցից է եղել, որ տեսել է ժայռապատկերներ»

Հունվարի 16-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում տեղի կունենա ուշագրավ մի դասախոսություն՝ «Քարացած երաժշտություն. Կոմիտասը և հնագիտությունը» թեմայով։ Հնագետ Արսեն Բոբոխյանը  ներկայացնելու է  Կոմիտասի և հնագիտության առնչությունը, ինչպես նաև Կոմիտասի ստեղծագործության հնագույն ակունքների խնդիրը՝ հնագետի տեսանկյունից: Տեղի ունենալիք  դասախոսությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնագետների, Կոմիտասի արվեստով հետաքրքրվողների, արվեստասերների  շրջանում: Դասախոսությունից առաջ «Արևելքը»  զրուցեց Արսեն Բոբոխյանի հետ: 


- Ինչո ՞ւ է դասախոսությունը կրում «Քարացած երաժշտություն» խորագիրը:

-Խոսքը անցած-գնացածի, փոշիացածի, քարացածի վերակենդանացման մասին է: Հնագիտության հիմնական գործառույթն է լույս աշխարհ բերել անշունչ առարկան, մաքրել այն փոշուց, վերականգնել և նոր կյանք տալ: Բայց հնագիտությունը միայն գիտություն չէ, և նրա գերխնդիրը միայն թանգարանացումը չէ. հնագիտությունը նաև արվեստ է, քանի որ վեր է հանում մարդու անցյալի ամենահետաքրքիր դրվագը՝ մանկությունը, մարդու հարուստ և սուբյեկտիվ ներաշխարհը՝ բնորոշ արխետիպերով, նրա անցած ճանապարհը, մի խոսքով՝ մեռյալ լռությունը օժտում է կենդանությամբ և հնչյուններով. այսինքն հնագետն ինչ-որ տեղ վերծանում է «քարացած երաժշտության» խազերը: Նույն կերպ այս արտահայտությունը կարող է վերաբերել Կոմիտասին, ով, ըստ էության, դարերում «քարացած երաժշտությանը» երկրորդ կյանք տվեց, ինչպես մի առիթով ասել է Վազգեն Ա. Հայրապետը Կոմիտասի գործի մասին, նա «պեղեց, մաքրեց և լույս աշխարհ բերեց կույս աղբյուրը հայ երգի»:


 -Ի՞նչ կապ եք տեսնում Կոմիտասի և հնագիտության միջեւ:


 -Կոմիտասի առնչությունը հնագիտությանը կարելի է տեսնել մի քանի մակարդակներում: Առաջին մակարդակում խոսքը ուղղակի առերեսման մասին է: Օրինակ՝ քչերին է հայտնի, որ Կոմիտասը այն առաջին մարդկանցից է եղել, ովքեր տեսել են ժայռապատկերներ: Քչերը գիտեն նաև, որ Կոմիտասի Պատարագն առաջին անգամ հնչել է հնագիտական հուշարձանում՝ Անիում, և նրա առաջին ունկնդիրները եղել են հնագետները:

Երկրորդ մակարդակում խոսքը Կոմիտասի սիմվոլիզմի մասին է, որն էապես պատմական է, շատ հատկանիշներով՝ նույնիսկ հնագիտական: Եզոն, գութանը, հորովելը, կռունկը և այլն վերստեղծում են խորհրդանշական այնպիսի մի ոլորտ, որի ակունքները մեզ տանում են դեպի հնագույն ժամանակներ: Խորհրդանշական այդ համակարգն իր ուղղակի արտահայտությունն է գտնում առկա հնագիտական տվյալներում:

Երրորդ մակարդակում կարևորվում է Կոմիտասի աշխարհայացքի խնդիրը: Երաժշտագետ Իզաբելա Յոլյանը կոմիտասյան գիտական ժառանգության հետազոտության արդյունքում գալիս է այն եզրակացության, որ Կոմիտասը դեպի արվեստն ուներ «պատմական մոտեցում», այսինքն այն դիտում էր իր զարգացման մեջ: Պատահական չէ, որ 1899 թ. Միջազգային երաժշտական ընկերության հանդիպման ժամանակ Կոմիտասի կարդացած «Հայոց եկեղեցական և աշխարհիկ երաժշտությունը» զեկույցի մեջ առաջին հարցադրումը վերաբերում էր այդ երաժշտության «պատմական ծագմանը»: Կոմիտասը նշում էր, որ հայ ժողովրդական երգերը դաշնակելուց առաջ պետք է հմուտ լինել ժողովրդի «պատմական, բնական և ազգային պայմաններին»: Ահա այդ պատմական մոտեցումը, ձգտումը հասկանալու ներկան՝ ուսումնասիրելով ժողովրդի մանկությունը, էապես արտահայտված է Կոմիտասի աշխարհայացքում:

Չորրորդ մակարդակում մեզ հետաքրքրում է Կոմիտասի մեթոդը: Վարդապետի հետազոտական մեթոդը դեդուկտիվ է. նա ընդհանուրից (համաշխարհայինից) մոտենում է մասնավորին (հայկականին): Նախ, մեծ հարգանքով հետազոտելով հարևան ժողովուրդների երաժշտական արվեստը, նա աստիճանաբար սահմանում է, թե որ տարրերն են հայկականի մեջ ազդեցության արդյունք և որոնք են բնիկ: Կոմիտասը կարողանում է տարանջատել քաղաքայինն ու գյուղականը, վերնախավայինն ու ժողովրդականը, հոգևորն ու աշխարհիկը, օտարն ու սեփականը և ցույց տալ այն ոլորտը, որտեղ պահպանվել են զուտ հայկական արժեքները. այդ ոլորտն իհարկե գյուղն է: Այս մեթոդն առաջարկվելու է կիրառել պատմական և մասնավորապես հնագիտական ուսումնասիրություններում, որոնք խիստ ծանրաբեռնված են վերնախավի և քաղաքի խնդրով, միջավայրեր որոնք լինելով խիստ փոփոխական, այնքան քիչ են կրում ժողովրդի զարգացման ինվարիանտ տարրերը:

Մեթոդաբանական հաջորդ քայլում Կոմիտասը կիրառում է համակարգային մոտեցում. հետազոտելով քաղաքայինն ու գյուղականը, վերնախավայինն ու ժողովրդականը, հոգևորն ու աշխարհիկը, նա ցույց է տալիս, որ դրանք մեծ մասամբ սնվում են նույն աղբյուրից, որի ակունքները թաքնված են հեռավոր ժամանակներում: Այս մոտեցումը ոչ միայն գիտական մեծ քայլ է հայկական մշակույթը և նրա ակունքները հասկանալու համար, այլև կարևոր մարտահրավեր՝ արդի հայ հասարակությանը, որը հեռու է կոմիտասյան հիշյալ համակարգային մոտեցման սկզբունքից:

Մեթոդական այլ կարևոր մոտեցումը, որ իրականացրել է Կոմիտասը, հայկական մշակույթի պարզ էությունը բացահայտելու մեջ է. «Հայ ժողովրդական երգերը ավելորդ պաճուճանքի կարոտ չեն». այսպես է բնորոշում Եղիշե Չարենցը Կոմիտասի գործի հիմնական արդյունքը: Պարզի բացահայտումը բոլոր գիտություններում ամենահիմնարար ձեռքբերումն է: Հայտնի ֆիզիկոս Վերներ Գեյզենբերգի կարծիքով, գիտական գործունեության ընթացքում բարդի վերածումը պարզի ձեռք է բերվում ընդհանուր սկզբունքի բացահայտման միջոցով, ինչը դյուրին է դարձնում երևույթների բացատրությունը. նման բացահայտումը նա սահմանում է որպես «գեղեցկության արտացոլում» գիտության բնագավառում: Սա խիստ արդիական միտք է մեր գիտության և նույնիսկ հասարակության համար. շատ դեպքերում փոխանակ հայտնաբերելու, հետազոտելու, պահպանելու և ներկայացնելու այն ինչ մենք ունենք, մենք փորձում ենք պճնել մեզ չեղածով՝ կիրառելով պատրաստի և օտարոտի մոդելներ: Սա ամենահեշտ, բայց ամենակործանարար գործելակերպն է, որին էապես հակադրվում է կոմիտասյան մեթոդաբանությունը:

 

- Արդյոք առաջի՞ն փորձն է հայագիտության մեջ՝ Կոմիտասը դիտարկել այս տեսանկյունից 

 

-Երաժտագետ Ռոբերտ Աթայանը Կոմիտասի աշխատանքների վերաբերյալ մի առիթով գրում է, որ «դրանց տեսական-գիտական նշանակությունը դուրս է գալիս երաժշտության և բանահյուսության մասնագիտական բնագավառներից. ժողովրդի պատմության, ազգագրության, հոգեբանության և գիտական այլ բնագավառների նյութ կարող են քաղել Կոմիտասի ժողովածուներից»: Դժվար է այս մտքին ինչ-որ բան ավելացնելը: Սակայն մասնագիտական գրականության մեջ երաժշտագիտությունից անդին Կոմիտասը քիչ է քննարկվել: Ազգագրական տեսանկյունից Կոմիտասին անդրադարձել է իր սիրելի աշակերտ Սպիրիդոն Մելիքյանը: Շատ երաժշտագետներ հարևանցիորեն նշել են Կոմիտասի աշխատանքի կարևորությունը պատմական տեսանկյունից: Հնագետի հայացքով Կոմիտասի մասին չի խոսվել, բայց համոզված եմ, որ բոլորն էլ զգացել են այն ներուժը, որ Կոմիտասն իր մեջ պարունակում է վերջին տեսանկունից. չէ՞ որ Կոմիտասը տանում է մեզ ետ՝ դեպի մանկություն, իսկ մանկությունն ուսումնասիրող գիտությունը հնագիտությունն է: Այս իմաստով անհնար է չզարմանալ Ղուկաս Չուբարյանի «Կոմիտասը վիշապաքարով» արձանի էսքիզի վրա. ինչքան խորն է զգացել հանճարեղ ճարտարապետը Կոմիտասին և Հայաստանը: Եվ իրոք, ինձ, որպես հնագետի, ներքուստ թվում է, թե վիշապների շուրջ կատարվող հնագույն ծեսերի ընթացքում Կոմիտասի վերականգնած երաժշտությունն է հնչել: Այս միտքն իհարկե զուտ զգացական է, այն երբեք չի ապացուցվի, որովհետև երաժշտությունը քարացել է: Բայց շնորհիվ Կոմիտասի և ապագայում եկող նրա նման նվիրյալների գուցե հնարավոր լինի հնչեցնել «քարացած երաժշտությունը»...

 

Նկարում՝ Ղուկաս Չուբարյան «Կոմիտասը՝ վիշապաքարով»