Սեպտեմբերի 29-ին Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցը վերանվանվել է հայ անվանի բժիշկ Արամ Չոբանյանի և բարերար Էդվարդ Ավետիսյանի անուններով, տեղեկանում ենք դպրոցի կայքէջից: Համալսարանը մանրամասն անդրադարձել է հայ գործիչների անունով Բոստոնի նշանավոր բժշկության դպրոցի անվանակոչության արարողությանը, որին ներկա են եղել Արամ Չոբանյանն ու Էդվարդ Ավետիսյանը:
Արամ Չոբանյանը սրտաբան է, բժշկական գիտությունների պրոֆեսոր, եղել է Բոստոնի համալսարանի նախագահ (2003-2005), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1994)։ Նա ծնվել է 1929-ին՝ ԱՄՆ-ի Փրովիդենս շրջանում, Ռոդ Այլենդ:
Արամ Չոբանյանը Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամ է։ Մասնակցել է Հայաստանում առողջապահական խնդիրների բարելավմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի։ Կազմակերպել է հայ բժիշկների և բուժաշխատողների վերապատրաստումներ, հետբուհական ծրագրեր Հայաստանում:
Բարերար Էդվարդ Ավետիսյանը նույնպես ծնվել է ԱՄՆ-ում, Ռոդ Այլենդ նահանգի Փոթակետ քաղաքում՝ 1937-ին: Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հոգաբարձուների (ԱՀԱԸ) խորհրդի անդամ է, «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցի հիմնադիր, երաժիշտ։ Էդվարդ Ավետիսյանը տաս տարի շարունակ դասավանդել է նաև Բոստոնի համալսարանում։ Բարելավելով իր ֆինանսական վիճակը՝ Ավետիսյանը զբաղվել է բարեգործությամբ։ 1999 թվականին Էդվարդ Ավետիսյանի միջոցներով Երևանում կառուցվել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցը,որը կրում է նրա ծնողների անունը։ 2014 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Էդվարդ Ավետիսյանին պարգևատրել է «Մովսես Խորենացի» մեդալով: Էդվարդ Ավետիսյանի առաջարկով կառուցվել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքը և եղբոր՝ Փարամազ Ավետիսյանի մահից հետո այն անվանակոչվել է նրա պատվին: