Պաքուի արկածախնդրութեան նոր փորձերը անկանխատեսելի հետեւանքներ պիտի ունենան իրեն համար. ՀՀ Նախագահ

Պաքուի արկածախնդրութեան նոր փորձերը անկանխատեսելի հետեւանքներ պիտի ունենան իրեն համար. ՀՀ Նախագահ

Ազրպէյճանի կողմէ ռազմական արկածախնդրութեան նոր փորձերը կրնան անկանխատեսելի հետեւանքներ ունենալ իրեն՝ Ազրպէյճանի համար: Այս մասին, 28 փետրուարին, Պրիւքսէլի «Քարնըկի» կեդրոնին մէջ ունեցած իր ելոյթին ժամանակ նշեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան:

Ստորեւ՝ նախագահի ելոյթին համապատասխան բաժինը.

«2016թ. Ապրիլին, Ազրբեջանի սանձազերծած քառօրեայ ռազմական արկածախնդրութիւնը Բաքուի երկարամեայ ռազմատենչ քաղաքականութեան եւ քարոզչութեան կենսագործումն էր: Այն լուրջ վնաս հասցրեց կարգաւորման գործընթացին: Ադրբեջանի ագրեսիան կրկին ապացուցեց, որ Արցախի ժողովրդի պայքարը սեփական հողի վրայ անվտանգ գոյութեան ու ազատութեան համար այլընտրանք չի ունեցել ու այսօր էլ չունի: Սա կարծիք չէ, այլ Ադրբեջանի վարած քաղաքականութեան արդիւնքում ստեղծուած եւ մեզ պարտադրուած իրականութիւն:

Ահաւասիկ, ապրիլեան պատերազմին հետեւած Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերուեցին յստակ պայմանաւորուածութիւններ 1994-1995թթ. հրադադարի եռակողմ անժամկէտ համաձայնագրերի իրականացման, ինչպէս նաեւ հակամարտութեան գօտում այդ ռեժիմի խախտումների հետաքննութեան մեխանիզմի ստեղծման վերաբերեալ: Սակայն Ադրբեջանն իր՝ արդէն սովորական դարձած վարքագծի համաձայն, շարունակաբար խուսափում է այդ պայմանաւորուածութիւնների իրականացումից՝ յայտարարելով, որ դրանց իրագործումն իբր ամրապնդելու է ձեւաւորուած ստատուս քուոն Լեռնային Ղարաբաղում:

Եթէ Ադրբեջանն իրապէս մտահոգուած է Լեռնային Ղարաբաղում ստատուս քուոյի փոփոխութեամբ, ապա միայն մի տարբերակ կայ փոխելու այն՝ դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ճանաչումն է:

Միամտութիւն կը լինի կարծել, որ Ադրբեջանը չէր գիտակցում, թէ ինչ ծանր հարուած է հասցնում խաղաղութեանը, որքան է խորացնում ստատուս քուոն, որքան յետ է մղում բանակցային գործընթացը:

Ակնյայտօրէն Բաքուն ղարաբաղեան հակամարտութիւնն օգտագործում է իր ներքին հարցերի՝ սոցիալ-տնտեսական ահագնացող խնդիրների եւ մարդու իրաւունքների կոպտագոյն ոտնահարումների դէմ աճող դժգոհութիւնից հասարակութեան ուշադրութիւնը շեղելու նպատակով:

Հէնց այդ պատճառով Բաքւում վերջերս յայտարարեցին, թէ Լեռնային Ղարաբաղի խնդիրն իբր իրենց «ներքին գործն է»: Ղարաբաղեան հիմնահարցով արդէն տարիներ շարունակ որպէս միջնորդներ զբաղւում են Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Միացեալ Նահանգները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնօրէն համաձայնեցուած ձեւաչափով: Հաւանաբար Բաքւում վատ երազ են տեսել եւ դրանից եզրակացրել, թէ միջազգային հանրութեան այս երեք խոշորագոյն դերակատարներն իրենց բոլոր բարդ գործերը թողած՝ յանկարծ սկսել են զբաղուել Ադրբեջանի «ներքին գործով»:

Դա ընդամէնը մէկ օրինակ է աբսուրդի այն թատրոնի, որը բեմականացնում են Բաքւում: Մենք ստիպուած ենք շարունակաբար բախուել դրան գրեթէ ամէնօրեայ ռեժիմով: Սակայն երբեմն լինում են նաեւ անկեղծութեան պոռթկումներ: Դրանցից մէկի ժամանակ Ադրբեջանի ղեկավարը, փորձելով իր ենթակաների առջեւ արժեւորել իրեն, հրապարակայնօրէն խոստովանեց, որ բանակցութիւնների փակ դռների յետեւում իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը, եւ միայն ինքն է, որ կարողանում է դիմանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ճնշումներին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ որպէս միջնորդներ, կոչուած են նաեւ կանխելու հակամարտութեան գօտում իրավիճակի հնարաւոր սրումները: Հրանօթների արկերի տակ ընթացող բանակցութիւնները երբեք խոստումնալից լինել չեն կարող:

Ահա այս հանգրուանում է այժմ գտնւում արցախեան հիմնահարցի կարգաւորման գործընթացը: Ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը սկզբունքօրէն դէմ են ուժի կիրառմանը եւ հանդէս են գալիս հիմնահարցն օր առաջ խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու օգտին:

Ադրբեջանի կողմից ռազմական արկածախնդրութեան նոր փորձերը կարող են անկանխատեսելի հետեւանքներ ունենալ հէնց իր՝ Ադրբեջանի համար: Հայաստանը՝ որպէս Լեռնային Ղարաբաղի անվտանգութեան երաշխաւոր, բազմիցս յայտարարել է, որ պատրաստ է համարժէքօրէն արձագանգելու ուժի կիրառման ցանկացած փորձի:

Չնայած Ադրբեջանի շարունակական սպառնալիքներին՝ Արցախի ժողովուրդը շարունակում է հաստատակամօրէն կերտել սեփական ապագան: Փետրուարի 20ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում հանրաքուէի դրուեց սահմանադրական փոփոխութիւնների փաթեթը:

Արցախի ժողովուրդն իր ձայնը տուեց կառավարման լիարժէք նախագահական համակարգի ձեւաւորման օգտին: Ինչպէս տեսնում էք, երկրի կառավարման մոդելի հարցում Հայաստանի եւ Արցախի պատկերացումները չեն համընկնում, սակայն նոյնն է ժողովրդավարական հասարակարգ կառուցելու անխախտ վճռականութիւնը: Արցախի ժողովուրդն այդ կամքը դրսեւորել է տասնեակ տարիներ շարունակ՝ ընտրութիւնների միջոցով ձեւաւորելով իր գործադիր, օրէնսդիր եւ տեղական ինքնակառավարման մարմինները: Արցախի ժողովուրդն այլ ապագայ չի պատկերացնում եւ լծուած է մարդու իրաւունքների ու հիմնարար ազատութիւնների վրայ հիմնուած ազատ հասարակութեան կառուցման գործին:

Արցախցին, ժողովրդավարական աշխարհի հետ հաւասար, իրաւունք ունի վայելելու համամարդկային բոլոր հիմնարար ազատութիւնները, շատ աւելի լաւ գիտի ազատ ապրելու գինը, ինչի համար նա վճարել է իր սեփական զաւակների արեան գնով: Այսօր էլ Արցախը ժողովրդավարութիւն է կառուցում թշնամական կրակահերթերի ներքոյ: Իսկ Ադրբեջանն ամէն ինչ անում է ազատութեան այս ձայնը լռեցնելու համար, կոչ է անում դատապարտել ժողովրդավարական գործընթացը Արցախում: Մինչ Արցախը հաստատուն քայլեր է կատարում դէպի աւելի ամուր ժողովրդավարութիւն, նրա հարեւան Ադրբեջանը, յատկապէս վերջին շրջանում, հաստատուն քայլեր է կատարում դէպի ժառանգաբար փոխանցուող լիակատար բռնապետութիւն:

Այստեղ հաւաքուածներդ, ես տեսնում եմ, յայտնի փորձագէտներ էք: Եթէ կայ կառավարման, ինքնակազմակերպման այլընտրանքային մեխանիզմ չճանաչուած միաւորների համար, շնորհակալ կը լինեմ, եթէ յուշէք: Դժուար է բացատրել արցախցի գործընկերներին, թէ ինչու ՄԱԿի անդամ չհանդիսացող Կոսովոն կարող է համագործակցել ԵԱՀԿ-ԺՀՄԻԳի հետ եւ այդ կերպ ձեւաւորել իր կառավարման ինստիտուտները, իսկ իրենք դա անել չեն կարող:

Հայաստանը, թէեւ չի ճանաչել Կոսովոյի անկախութիւնը, այնուամենայնիւ ԵԱՀԿի բիւջէն ֆինանսաւորելու միջոցով մասնակից է այդ գործընթացին: Վստահ եմ, որ միջազգային հանրութիւնը պէտք է աստիճանաբար սկսի նպաստել Արցախի ժողովրդավարական գործընթացներին՝ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կարգավիճակից»: