image

«Ինչ տեսակի մարդ ասես կա զինյալների շարքերում, նույնիսկ` չինացիներ ու մոնղոլներ»

«Ինչ տեսակի մարդ ասես կա զինյալների շարքերում, նույնիսկ`  չինացիներ ու մոնղոլներ»

Սիրիահայության Շտապ օգնության և վերականգնման կառույցի անդամ, սիրիահայ  Կարո Մանճիկյանը, «Արեւելքի» հետ զրույցում, ներկայացնելով Սիրիայում տիրող  իրավիճակը, ասաց, որ Սիրիայի  բանակն ամբողջությամբ իր տիրապետության տակ  է վերցրել մայրուղիներն ու ռազմավարական կարևորագույն  դիրքերը:  Նա հայտնեց, որ երկու օրվա ծանր մարտերից  և  ռմբակոծություններից  հետո   բանակը կարողացել է գրավել Զահի լեռը (Ժապալ Զահի), որ ռազմավարական մեծ նշանակություն ունեցող վայր է, քանի որ  ձգվում է թուրքական սահմանի  երկարությամբ, և որտեղից   զինյալները սովորաբար թափանցում են Սիրիայի այդ հատվածն ու այդտեղից ռմբակոծում    Քեսաբն  ու մերձակա շրջանները:

 «Զահի լեռան վերագրավումը վերջին ուրախալի լուրն է, ինչը տոնական է համարվում մեր շրջանում և ամբողջ երկրում ընդհանրապես:  Լեռը, իր տեղադրվածությամբ,  իշխող  դիրք ունի շրջապատի հանդեպ,  ճիշտ է,  Կասիոս լեռան նման բարձր չէ, բայց Քեսաբի  ու մերձակայքի  ամենաբարձր գագաթն է, որ շրջապատված է հովիտներով: Հենց այդ հովիտներում էլ զինյալները իրենց թաքստոցներն են տեղադրել, որոնցում պաշտպանվում են ցուրտ եղանակին և ռմբակոծման ժամանակ»,- նշեց քեսաբաբնակ մեր զրուցակիցը: Կարո Մանճիկյանը, որ անմիջականորեն հետևում է շրջանի իրադարձություններին, ասաց նաև, որ Զահի  լեռան գագաթը հարազատ վայր է համարվում նաև հայերի համար. լեռան գագաթին  հայ անտառապահների աշտարակն է գտնվում,  իսկ լեռան ամեն մի թիզը ծանոթ է շրջանում բնակվող հայ որսորդներին:   «Այժմ լեռը մաքրված է, գրավված,  և բանակն այնտեղ կայք է հաստատել»,-ասաց նա:

Մեր այն հարցին, թե Զահի լեռան վրա դիրքավորված զինյալները ո՞ր  խմբերից էին, Կարո Մանճիկյանը պատասխանեց.  «Ինչ տեսակի մարդ ասես կա զինյալների մեջ, նույնիսկ` չինացիներ և մոնղոլներ: Բայց այդ կողմից թափանցող զինյալները հիմնականում  «Ալ-Նուսրա» ճակատից և նրա հարակից խմբերից էին, ասենք   «Ահրար ալ-Շամ»-ի  և այլ խմբերի  անդամներն էին հիմնականում գալիս այդ կողմից»:

Սիրիայում տեղեկություններ են տարածվել, որ    բանակը մտադիր է առաջիկայում զինյալներից մաքրազերծել Հալեպ-Լաթակիա մայրուղին, որ Քեսաբից  35-40 կմ հեռավորության վրա է:  Մեր զրուցակիցը հաստատեց, որ նման լուրեր կան, և, ինչպես ասաց,  եթե բանակն այդ առաջխաղացումն ունենա, ապա կստացվի, որ այն  արդեն երեք կողմից  իշխում է  Հալեպ-Լաթակիա մայրուղու վրա:

Ինչ վերաբերվում է Զահի լեռան դիմաց գտնվող մյուս լեռանը` Սալմային, որը դեռևս զինյալների տիրապետության տակ է, Կարո Մանճիկյանն ասաց, որ Սալմայի բոլոր բարձրադիր գագաթների վրա բանակն արդեն կայքեր է հաստատել,  չնայած լեռը, այո, զինյալների տիրապետության տակ է, բայց բարձրադիր մասերում Սիրիայի բանակի հաջողված գործողությունները նշանակում են, որ այս կետում նույնպես  իշխում է բանակը, և  նույնանուն Սալմա քաղաքի դիրքը դրանով ամրապնդված կարելի է համարել:

 

Անդրադառնալով  Քեսապին, որ գտնվում է սիրիական  բանակի իրականացրած  նշված գործողությունների շրջագծում,   Կարո Մանճիկյանը  հայտնեց, որ քեսաբցիներն այսօր ավելի լավատես են, որովհետև նշված ամեն մի  վտանգավոր շրջանի վնասազերմամբ ավելի է ապահովվում Քեսաբի  անվանգությունը:

«Ստույգ  տեղեկություններ չկան, բայց գործողությունների տրամաբանությունը մեզ հուշում է, որ  շուտով բացվելու է  Լաթակիան Քեսաբին  կապող գլխավոր մայրուղին, որն  անցնում է Ղասթալ Մահա գյուղով: Մենք հուսադրված  ենք, որ այսքան ճիգերից, ջանքից, պայքարից,  այս ամենից հետո  պիտի  վայելենք խաղաղ օրերը և վերադառնանք առաջվա բնականոն կյանքին»,-նշեց մեր զրուցակիցը:   Պատասխանելով մեր այն հարցին, թե քանի մարդ կա այսօր Քեսաբում, Կ. Մանճիկյանն  ասաց, որ  բնակչության 85 տոկոսը վերադարձել է: «Քեսաբաբնակ հայությունը նախկինում   մոտ 1400 հոգի էր կազմում,  նրանցից 1200 հոգին  վերադարձել է: Ես դա գիտեմ նաև մեր բաժանած   պարենի քանակից. մենք  1200 հոգու պարեն ենք տալիս»,-ասաց Սիրիահայության Շտապ օգնության և վերականգնման կառույցի անդամը:

Ըստ Կարո Մանճիկյանի,  Քեսաբը Սիրիայի միակ վայրն է, որտեղից պատերազմի հետևանքով հեռացած մարդկանց հիմնական մասը վերադարձել է.

«Սիրիայի  ոչ մի  այլ շրջանից   տեղահանված բնակչության մեջ վերադարձողների  այսպիսի թիվ  չկա, սա հրաշքի հավասարազոր մի բան է, ինչի պատճառն, անշուշտ,  կախարդական  Քեսաբն է, որը ստիպում է կառչել  հողին, նվիրվել այս բերրի ու հրաշալի քաղաքին»,-ասաց նա հույս հայտնելով, որ առաջիկայում մյուս քեսաբցիները նույնպես կվերադառնան իրենց տները և կշարունակեն խաղաղ կյանքը: