image

Հզոր Հայաստանն ու ամուր Արցախը ԼՂ խնդրի կարգավորման առաջին երաշխիքն են. Արմեն Սարգսյան

Հզոր Հայաստանն ու ամուր Արցախը ԼՂ խնդրի կարգավորման առաջին երաշխիքն են. Արմեն Սարգսյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու բանակցային կարգավորման առաջին երաշխիքը հզոր Հայաստանն ու ամուր Արցախն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարզահամերգային համալիրում ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում երդմնակալության արարողությունից հետո իր ելույթում հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Այսօր մեր երկրի և ողջ ժողովրդի համար առանցքային է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային կարգավորումը: Դրա առաջին երաշխիքը հզոր Հայաստանն ու ամուր Արցախն են: Արդարացի լուծման հասնելու և Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքները լավագույնս պաշտպանելու համար մենք պետք է շարունակենք կերտել ամուր, տնտեսապես զարգացող, ծաղկուն և հզոր Հայաստան: Հանուն այդպիսի Հայաստանի մենք պետք է ապահովենք մեր քաղաքացու ինքնադրսևորման համար լավագույն միջավայրը»,- հայտարարեց ՀՀ նախագահը:

Նա ընդգծեց, որ միասին պետք է հետևողական պայքար մղել պետական համակարգում, հասարակության մեջ, մեր շրջապատում առկա բոլոր բացասական և արատավոր երևույթների դեմ՝ կոռուպցիայից մինչև սոցիալական անարդարություն, անտարբերությունից մինչև անպատասխանատվություն: «Այս անզիջում և արդար պայքարում մեզանից յուրաքանչյուրի դերակատարումն անհրաժեշտ է: Մենք կհաջողենք, եթե ոչ միայն քննադատենք, այլև առաջարկենք եթե ջրբաժաններ ստեղծելու փոխարեն համախմբվենք և աշխատենք միասին»,- ասաց Սարգսյանը:

Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդվեց` ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 9-ին գումարված Ազգային ժողովի հատուկ նիստում հնչեց Արմեն Սարգսյանի երդումը. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»:  

Երդմնակալությունից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական օրհնանքի խոսք հղեց:

Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրանում է Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Սահմանադրության համաձայն՝ սպասվում է ՀՀ կառավարության հրաժարականը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: