image
Հրատապ լուրեր:

Հաճախորդներ ունենք՝ Դիլիջանից գալիս են, որ մենք իրենց մեքենայի գործն անենք. Սիրիահայ արհեստավոր

Հաճախորդներ ունենք՝ Դիլիջանից գալիս են, որ մենք իրենց մեքենայի գործն անենք. Սիրիահայ արհեստավոր

25-ամյա Գեւորգ Քեշիշյանը 2012թ.-ի հունիսից Հայաստանում է ապրում: Հալեպում խառատությամբ զբաղվող Գեւորգը Երեւանում հաստատվելուց հետո ստիպված է  եղել մի քանի աշխատանք փոխել, բայց հիմնական գործ գտնել այդպես էլ չի հաջողվել:

-Հայրս էլ է խառատ, էդ արհեստը ես նրանից եմ սովորել: Հալեպում գործը շատ էր,  կարողանում էինք նորմալ վաստակել: Հայաստանում քիչ է. 2-3 օրը մեկ որ գործ լինում էր, կանչում էին, ես ու հայրս գնում աշխատում էինք…,- ասում է նա:

Ծնողների եւ դպրոցահասակ քրոջ հետ Հայաստան տեղափոխված Գեւորգը  3 ու կես տարվա փնտրտուքներից հետո հասկացել է՝ ճիշտը սեփական գործ սկսելն է: Այս տարվա սկզբից հորաքրոջ տղայի հետ ավտոսպասարկման կետ է հիմնել Երեւանում:

 


Սիրիահայ արհեստավոր Գեւորգ Քեշիշյանը

 

-Մեքենաների ռադիատորներն ենք փոխում… Էս գործում ամենակարեւորն այն է, որ որակով աշխատես: Եթե մարդիկ գոհ մնացին, անընդհատ քեզ մոտ կգան, եթե չէ՝ իմացիր, որ հաճախորդ կորցրեցիր,- ասում է Գեւորգն ու հպարտությամբ նշում,- Մենք հաճախորդներ ունենք, որ Դիլիջանից գալիս են մեզ մոտ, որ մենք իրենց մեքենայի գործն անենք:

Ավտոսպասարկման կետը դեռ մի քանի ամիս է՝ ինչ գործում է: Մեծ եկամուտներ դեռ չեն կարողանում ապահովել, հազիվ հասցնում են վճարել բնակարանի ու ավտոսպասարկման տարածքի վարձը, հոգալ սոցիալ-կենցաղային կարիքները: Բայց երիտասարդները լավատես են, վստահ՝ ժամանակի ընթացքում հաճախորդներն ավելանալու են, գործը՝ շատանալու:

-Ամեն նոր գործ կայացնելը դժվար է, պետք է մարդը չհուսահատվի, որ կարողանա առաջ գնալ,- ասում է գործընկերը՝ 30-ամյա Գեւորգ Իշխանյանը:

 


Սիրիահայ արհեստավոր Գեւորգ Իշխանյանը

 

Սիրիահայ երիտասարդները, չնայած  առկա բոլոր դժվարություններին՝ Հայաստանից հեռանալ եւ երրորդ երկիր մեկնել չեն պատրաստվում: Ասում են՝ հայրենիքում ապրելն ապահովության զգացողություն է տալիս, որ ուրիշ ոչ մի երկրում հնարավոր չէ գտնել:

-Այստեղ ամեն ինչն է լավ, նախ՝ մի ազգ է, քո ազգն է… Հետո՝ էստեղ անվտանգ է: Բնությունն է լավը, մշակույթը… Հայաստանում միակ խնդիրը գումարի հարցն է, դա որ լինի, բոլորը կգան Հայաստանում կապրեն,- ասում են նրանք:

Երիտասարդները հայրենիքում են պատկերացնում ոչ միայն իրենց, այլեւ իրենց ընտանիքների ապագան: Ասում են՝ եթե անգամ Սիրիայում ամեն ինչ կարգավորվի, նորից վերադառնալ եւ այնտեղ ապրել չեն պատրաստվում:

-Արդեն որոշել ենք, որ Հայաստանից ենք աղջիկ ընտրելու,- ասում են նրանք ու ավելացնում,- բայց դեռ վաղ է ամուսնանալը, պետք  է ֆինանսապես կայուն լինենք, որ կարողանանք մեր ընտանիքները պահել:

 

Տաթեւիկ Սարգսյան/«Արեւելքին»