Օրերս համագործակցության հուշագիր է ստորագրվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի եւ «Իմ քայլը» հիմնադրամի միջեւ: Հուշագրով նախատեսվում է կրթության եւ գիտության ոլորտներում իրականացնել համատեղ ծրագրեր, որոնք կբացահայտեն մեր երկրի կարեւորագույն ռեսուրսը՝ մարդկային կապիտալը: Մասնավորապես «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը «Իմ քայլը» հիմնադրամի «Quanta» քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրին կհատկացնի 50 մլն ՀՀ դրամի դրամաշնորհ։
Հուշագիրը ստորագրել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ստեփանյանն ու «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը:
Մագիստրոսական ծրագիրը
«Quanta» ծրագրի նպատակն է պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են զբաղվել ռազմաարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով՝ ապահովելով պետության անվտանգությունը, ինչպես նաեւ իրենց գիտելիքները ներդնել մասնավոր ընկերություններում, իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ եւ հիմնել ստարտափներ:
Ուսանողներին դասավանդում են օտարերկրացի եւ տեղացի բարձր որակավորում ունեցող դասախոսներ առաջատար բուհերից (MIT, University of California, Berkeley եւ այլն):
Ծրագրի արդյունքում ուսանողները ստանում են որակյալ կրթություն՝ ունկնդրելով օտարերկրացի եւ տեղացի բարձրորակ մասնագետների, պահպանում են մշտական կապ եւ շփում վերջիններիս հետ՝ ինտեգրվելով միջազգային գիտական համայնքների հետ:
Տեղեկացանք, որ ծրագրին կարող են դիմել ինչպես ՀՀ բոլոր համայնքներից, այնպես էլ արտերկրում ապրող հայազգի այն անձինք, որոնք ունեն ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության, ինֆորմատիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում առնվազն բակալավրի որակավորում:
Նշենք, որ օտարերկրացի համարվող, սակայն ազգությամբ հայ ուսանողների վարձավճարը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը պատրաստակամ է փոխհատուցելու՝ պայմանով, որ վերջիններս կմնան ՀՀ-ում եւ կծավալեն աշխատանքային գործունեություն (այս դրույթները կամրագրվեն ուսման փոխհատուցման պայմանագրում):