Այսօր Երեւանի պետական համալսարանի «Հայագիտություն» եւ «Սփյուռքագիտություն» մագիստրոսական ծրագրերի 13 ուսանողներ հաջողությամբ պաշտպանեցին մագիստրոսական թեզերը եւ արժանացան հայագիտության մագիստրոսի աստիճանի, տեղեկանում ենք ամբիոնից:
Հայագետների հետաքրքրությունների մեջ էին՝ հայոց պատմության տարբեր շրջափուլերի ուսումնասիրությունները, պետություն-եկեղեցի հարաբերությունները, Հայրենիք-Սփյուռք կապերը, հայկական համայնքների հիմնախնդիրները, հայերը Լիբանանում 21-րդ դարի սկզբին եւ երկրի տնտեսության մեջ նրանց ներկայությունը, ինչպես նաեւ՝ հայ մշակույթի առանձին հիմնահարցերը:
Սփյուռքագետները կենտրոնացել էին Թուրքիայի հայության, հայկական լոբբինգի, Սփյուռքում Գարեգին Նժդեհի գործունեության, 1920-ական թվականներին Սփյուռքում միջկուսակցական հարաբերությունների եւ մեծ հայրենադարձության հիմնահարցերի վրա:
Թեզերն արժանացան պետական քննական հանձնաժողովի բարձր եւ գերազանց գնահատականների: