Այսօր Ազգային ժողովէն ներս արտակարգ միջադէպ պատահած է. պատգամաւոր Ռուբիկ Յակոբեան հարուածած է «Հրապարակ» թերթի լրագրող Վահէ Մակարեանին: Վահէի աջ այտը հարուածի հետեւանքով կարմրած է: Միջադեպէն ետք լրագրողը, «Հայ Ձայն»-ի փոխանցմամբ, յայտարարած է, թէ պատգամաւորը յարձակողական կերպով պատասխանած է իր հարցին եւ ետքը կանչած՝ զրուցելու. «Ես հարցրեցի Ռուբիկ Յակոբեանին, թէ Դաշնակցութեան այն գաղափարախօսութիւնը , որ կրում էք Ձեր մէջ, ո՞րն է։ Ռուբիկ Յակոբեանը պատասխանեց, որ եթէ նոյնիսկ 27 անգամ էլ իմ հարցին պատասխանի, միեւնոյնն է՝ ես չեմ հասկանայ: Ասաց՝ գնա՛ Դաշնակցութեան մասին գրքերը կարդայ եւ գաղափարախօսութիւնը կ'իմանաս»:
Լրագրողը պատմած է նաեւ, որ ետքը, Ռուբիկ Յակոբեան իրեն կանչած է զրուցելու եւ «կուլտուրա» բացատրելու. «Բա՝ հլը արի տեսնեմ, թէ ում ես բացատրում, տղայական ռազպորկայի կանչեց: Եկանք մի հատուած, որտեղ տեսախցիկներ չկան: Հարցրեց, մինչեւ փորձում էի բացատրել, խօսքս կիսատ մնաց, մի բառ էլ չէի հասցրել ասել՝ հայհոյեց ու խփեց դէմքիս: Չէի սպասում, որ եկել էի ոչ թէ զրուցելու, այլ կռիւ անելու խորհրդարանում»:
Պատգամաւոր Ռուբիկ Յակոբեանը աւելի ուշ յայտարարած է, թէ լրագրողը իրեն «խուլիկանի պէս է պահել» ու փորձած է «դասեր տալ»:
Միջադէպէն ետք «Հրապարակ»ի խմբագիր Արմինէ Օհանեանն յայտարարութեամբ հանդէս գալով, կոչ ըրած է լրագրողներուն. «Յարգելի լրագրողներ, խնդրանքս ձեզ բոլորիդ՝ անգամ եթէ շատ չէք սիրում «Հրապարակը» եւ Վահէ Մակարեանին, նիւթեր մի արէք այս խուլիկանին արդարացնող․․․այս ուղտը կարող է բոլորիդ դռանն էլ չոքել՝ մի օր Վահէի հարցը դուրները չի գայ, միւս օրը ձեր գրած տեքստը, երրորդ օրը ձեր աչքերի գոյնը․․․սա աննախադէպ բան է, որ պատգամաւորը հարց տալու համար ծեծում է լրագրողին․․․քուչի տղու նման կանչում է «տալդա» տեղ, որտեղ չեն նկարահանում եւ ծեծում․․․»: