image

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածամոր ծննդյան տոնը

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածամոր ծննդյան տոնը

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածամոր ծննդյան տոնը՝ Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից:

 

Աստվածաշնչում նկարագրված չէ Մարիամ Աստվածածնի ծնունդը, և այն մեզ փոխանցվել է եկեղեցու սրբազան ավանդությամբ:

 

Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում: Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ՝ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքներն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երևում է նաև Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Ս. Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին` այդ մեծ շնորհին արժանանալու համար: Աննան հղիանում է, ունենում մի աղջիկ, ում անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորյալ:

 

Նա էր այն ընտրյալն, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինել Աստծո մայրը: Ս. Կույսը տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն` քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարևորությունը: Նա առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: Հայ Եկեղեցին Աստվածամոր ծննդյան տոնը հաստատուն կերպով տոնում է սեպտեմբերի 8-ին: