
1907 թ.-ին Թբիլիսում (Թիֆլիս) լույս տեսած «Նոր ալիք» պարբերականի (խմբագիր հրատարակիչ՝ Զանազան Մեհրաբեան) առաջին էջում տպագրված այս գովազդը ներկայացնում է Բաքվի հայտնի գործարար հայերից Միրզաբեկյան եղբայրների հիմնած ծխախոտի խոշոր արտադրության միայն մեկ դրվագը:
Հաճախ է Բաքվի զարգացման և կայացման մասին խոսելիս հիշատակվել հայերի ունեցած ներդրումը:
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին քաղաքի բոլոր ոլորտներում (նավթարդյունաբերություն, բամբակագործություն, մետաքսագործություն, գինեգործություն, ծխախոտի արտադրություն, տպագրական գործ, ճարտարապետություն, շինարարություն, առևտուր, բանկային գործ և այլն) ներգրավված են եղել հայեր, որոնք եղել են այդ գործերի հիմնադիրներն ու ղեկավարները:
Բաքվի հայկական համայնքը մեծ ներդրում է ունեցել նաև երկրի մշակութային կյանքի զարգացման գործում:
1904 թ. Բաքվում երկու ծխախոտի գործարան կար, որոնցից մեկը պատկանում էր Միրզաբեկյան եղբայրներին, մյուսը` Սարգիս Կարագոզյանին և Ավետ Առաքելյանցին: 1914 թ.-ին ժամանակակից Ադրբեջանում եղել են յոթ ծխախոտի գործարաններ, բոլորի տերերը հայեր են եղել: Միրզաբեկյան եղբայրների ծխախոտի գործարանը արտադրում էր երկրի ծխախոտի արտադրատեսակների մեծ մասը:


















