image

Թէ ինչպէս Քարէն Եփփէն ամուսնացուց հայ որբերը. Հարսանիք անապատին մէջ

Թէ ինչպէս Քարէն Եփփէն ամուսնացուց հայ որբերը. Հարսանիք անապատին մէջ

Լուսանկարում դանիացի հայասեր Կարեն Եփփեի  կազմակերպած հավաքական հարսանիքի տեսարան է` միջագետքյան նորակառույց Թինա գյուղում (Սիրիա), որտեղ միաժամանակ պսակադրվեց ութ զույգ: Այս յուրօրինակ հարսանյաց ծեսը կատարել է Մկրտիչ քահանա Մուրադյանը` երկու այլ քահանաների հետ: Ձախից երկրորդը Կարեն Եփփեի օգնական Յենի Յենսենն է:

Լուսանկարն արված է 1920-ականների վերջին:

 


 

1921 թվականին Կարեն Եփփեն նշանակվում է Ազգերի լիգայի՝ առևանգված հայ կանանց և որբերին ազատելու նպատակով ստեղծված հանձնախմբի լիազոր կոմիսար: Հայահավաք գործունեությունը կոչվում էր «Փրկության առաքելություն» կամ «Ազատարար առաքելություն», իսկ պաշտոնապես` «Մերձավոր Արևելքում Ազգերի լիգայի` կանանց և մանուկների պաշտպանության գործ»: Կարեն Եփփեն ազատագրյալ որբ երեխաների դաստիարակության մեջ կարևորում էր Հայ եկեղեցու դերը և ակտիվ համագործակցությունը եկեղեցու սպասավորների հետ: Եփփեն հավատում էր, որ հայ եկեղեցին իր ծեսերով, արարողություններով կարևոր դեր կարող է խաղալ տարիներով այլազգիների հետ ապրած, բարքերով, ըմբռնումներով և կրոնական հավատալիքներով արմատներից հեռացած-օտարացած հայերի մեջ անցյալի հիշատակն արթնացնելու և իրենց ինքնությանը վերադարձնելու գործում:

1928 թ. «Կանանց և մանուկների պաշտպանության գործն» ամբողջովին տնօրինում է Կարեն Եփփեն (L’śuvre de protection des femmes et des enfants, Directrice K. Jeppe), իսկ գլխավոր հովանավորը «Հայերի դանիացի բարեկամներ» ընկերությունն էր:

 



«Հարսանի´ք անապատին մէջ...
Օր մը անապատին մէջ ութ զոյգ որբեր պսակուեցան: Անապատէն խլուած մեր հեզաճկուն աղջիկները ճերմակ լաթ նետեցին իրենց գլխուն, հա´րս դարձան. մեր պատանիները փեսայ դարձան արաբական գլխանոցներով (փուշի և ակալ)...
Հայկական հարսանիքներէն ամենէ´ն
փառահեղը»:

Սիմոն Սիմոնեան
«Հարսանիք Անապատին մէջ», Հայրենիք օրաթերթ, Պոսթըն, 1958, Յունիս 28-29

 

Լուսանկարի աղբյուրը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածու
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից