image

Հազվագյուտ լուսանկար. Սողոմոն Թեհլիրյանը կնոջ՝ Անահիտ Թաթիկյանի հետ

Հազվագյուտ լուսանկար. Սողոմոն Թեհլիրյանը կնոջ՝ Անահիտ Թաթիկյանի հետ

Անցնած դեկտեմբերին Վարշավայի «Pilecki» ինստիտուտում բացվել է իրավագետ Ռաֆայել Լեմկինին նվիրված ժամանակավոր ցուցադրություն: «Pilecki» ինստիտուտի խնդրանքով «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը լեհական այդ ինստիտուտին էր տրամադրել ՀՑԹԻ արխիվում պահվող եզակի ցուցանմուշ՝ Սողոմոն Թեհլիրյանի հազվագյուտ լուսանկարը: 

1924 թ. Փարիզում Սողոմոն Թեհլիրյանի և կնոջ` Անահիտ Թաթիկյանի արված այս լուսանկարը հայկական թանգարանը ձեռք է բերել 2009 թ., այն նվիրաբերել է ամերիկաբնակ Լևոն Սարյանը:

 

 

Վարշավայի  «Pilecki» ինստիտուտի համար ցուցադրության մեջ Թեհլիրյանի լուսանկարն ընդգրկելու հիմք է հանդիսացել Ռաֆայել Լեմկինի կողմից 1944 թ. առաջին անգամ «ցեղասպանություն» եզրի շրջանառության մեջ դնելու նախապատմությունը:

Դեռևս պատանի հասակում Ռաֆայել Լեմկինի վրա մեծ տպավորություն էին թողել 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները: Հայերի նկատմամբ իրագործված այդ ոճրագործությունների մասին հիշողությունները մնացին նրա գիտակցության մեջ, և նա, երբ արդեն 21 տարեկան էր ու լեզվաբանություն էր ուսումնասիրում Լվովի համալսարանում, պատահաբար տեղական թերթից տեղեկանում է Սողոմոն Թեհլիրյանի կողմից Բեռլինում Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշայի սպանության մասին: Հայոց ցեղասպանությունն իրագործած թուրք հանցագործների անպատիժ մնալու հանգամանքն անհանգստություն է առաջացնում երիտասարդ Լեմկինի մոտ, նա տեղեկանում է նաև՝ չկա որևէ օրենք, որով թուրք հանցագործներին հնարավոր լինի հանձնել արդարադատությանը: Սողոմոն Թեհլիրյանի գործը Ռաֆայել Լեմկինի համար հիմք է հանդիսանում հետաքննելու համար այն պարադոքսը, թե ինչպես Ս. Թեհլիրյանը կարող էր մեղադրվել մարդասպանության համար, այն դեպքում, երբ սպանվածը` Թալեաթը ավելի քան մեկ միլիոն մարդու բնաջնջման ծրագիրը հաջողությամբ իրագործելուց հետո, կարողացել էր խուսափել պատասխանատվությունից: 

Դեռևս երիտասարդ դոկտորանտ Լեմկինն իր հուշերում գրում է. «Թուրքիայում ավելի քան 1.2 միլիոն հայ սպանվեց միայն այն պատճառով, որ քրիստոնյա էր: …Հետո մի օր թերթում կարդացի այն մասին, որ բոլոր թուրք պատերազմական հանցագործները պետք է ազատ արձակվեն: Ես ցնցված էի: Ազգը ոչնչացված է, իսկ մեղավորներն ազատության մեջ են: Ինչո՞ւ է մարդը պատիժ կրում, երբ սպանում է որևէ մեկին, մինչդեռ միլիոնավոր մարդկանց սպանությունն ավելի՞ պակաս հանցագործություն է, քան անհատի սպանությունը: … Ես չգիտեի բոլոր պատասխանները, բայց զգում էի, որ աշխարհը պետք է օրենք ընդունի նմանատիպ ռասայական կամ կրոնական սպանության դեմ»: 

Միջազգային հեղինակություն ունեցող ցեղասպանագետների, իրավաբանների, լրագրողների մասնակցությամբ բացված ցուցադրությանը ներկա էր նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի փոխտնօրեն Էդիտա Գզոյանը. «Որպես իրավաբան – ցեղասպանագետ, իհարկե, շատ եմ կարևորում այս ցուցադրության կազմակերպումը: Ցանկանում եմ նշել, որ ՀՑԹԻ արտաքին կապերի առանցքում լինելու է հավասարազոր պայմաններում համագործակցություն ինչպես Սփյուռքի, այնպես էլ միջազգային կառույցների հետ»: