image

Մահացել է ԱՄՆ-ում և մի շարք երկրներում ՀՀ նախկին դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանը

Մահացել է ԱՄՆ-ում և մի շարք երկրներում ՀՀ նախկին դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանը

63 տարեկանում կյանքից հեռացել է հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, պատմաբան Արման Կիրակոսյանը՝ հայտնի պատմաբան Ջոն Կիրակոսյանի որդին: Այդ մասին «Արեւելք»-ը տեղեկացավ Ավստրիայի  «Արարատ» Մարզական Միությունից, որի սատարողներից ու աջակիցներից է եղել Արման Կիրակոսյանը: Նշվում է, որ դիվանագետը մահացել է այսօր՝ Լոնդոնում:

2018-ի նոյեմբերին Արման Կիրակոսյանը նշանակվել էր Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: 

 

Արման Կիրակոսյանը 1992 - 1993 թվականներին եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը։

1994 - 1999 թվականներին եղել է Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։

1999 - 2005 թվականներին եղել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։

2005 - 2011 թվականներին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։

2011 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: 

2011 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

2011 թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար։

2011 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։

2012 թ. մարտի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Արման Կիրակոսյանը բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։ Անգլերեն են թարգմանվել և հրատարակվել նրա «Հայկական ջարդերը 1894-96 թթ.» և «Բրիտանական դիվանագիտությունը և հայկական հարցը» գրքերը։ «Բրիտանական դիվանագիտությունը և հայկական հարցը» գիրքը հայերեն հրատարակվել է 1999 թ. և հանդիսացել նաև նրա դոկտորական դիսերտացիան։ Գրքում վեր է հանվում անգիլական դիվանագիտության սկզբունքները և թուրքերի ջարդարարական քաղաքականությունը հայերի նկատմամբ։ Ներկայացվող փաստացի տեղեկությունները հեղինակը քաղել է դեռևս 80-ական թթ.-ին՝ գրադարաններից և պահոցներից։ Գիրքն անգլերեն վերահրատարակվել է ԱՄՆ-ում գործող «Կոմիտաս» ինստիտուտի կողմից, իսկ վերը նշված «Հայկական ջարդերը 1894-96 թթ.» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 35 հոդված, հրատարակվել է 2004 փետրվարին՝ Դետրոյթի «Վանի» պետական համալսարանի կողմից։