image

Ամենայն Հայոց Հայրապետը հիւրընկալեց N զօրամիաւորման սպաները եւ անոնց ընտանիքները

Ամենայն Հայոց Հայրապետը հիւրընկալեց N զօրամիաւորման սպաները եւ անոնց ընտանիքները

Յուլիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտաւորաբար եկած  N զօրամիաւորման սպաներին եւ նրանց ընտանիքներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 2019 թուականը ընտանիքի տարի հռչակելու առիթով  ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդութեան կազմակերպած «Քրիստոնեայ ընտանիք՝ պաշտպանուած հայրենիք» խորագրով միջոցառումների շրջանակներում  հայ սպաները եւ նրանց ընտանիքները հնարաւորութիւն ունեցան այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ծանօթանալ թանգարաններում պահուող Հայ Եկեղեցու սրբութիւններին եւ եկեղեցական արուեստի պատմական արժէքաւոր ցուցանմուշներին, որից յետոյ հանդիպում ունեցան Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԶՈԻ հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանը պետութեան պահպանման եւ հզօրացման գործում կարեւոր նկատեց Եկեղեցի-բանակ-ընտանիք կապը, անդրադարձաւ հայ ընտանիքի առջեւ ծառացող մարտահրաւէրներին:

Այնուհետեւ Ամենայն Հայոց Հայրապետը, ջերմօրէն ողջունելով ուխտաւոր զինուորականներին, գոհունակութեամբ նշեց, որ ուրախ է Սուրբ Էջմիածնում համախմբուած տեսնելու հայ սպաներին իրենց ընտանիքների ուղեկցութեամբ: Նորին Սրբութիւնը փաստեց, որ Հայոց Եկեղեցին մշտապէս եղել է հայ զինականի կողքին եւ զօրակցել է նրա հայրենանուէր ծառայութեանը՝ հայրենի սահմանները, հայ ընտանիքի խաղաղութիւնն ու անդորրը պահպանելու գործում:

Խօսելով քրիստոնէական արժեհամակարգի կարեւորութեան եւ ընտանիքում այդ արժէքների պահպանման մասին՝ Վեհափառ Հայրապետը մասնաւորապէս արձանագրեց. «Մեր սահմանների ամրութիւնը մեր հայ ընտանիքն է: Փորձը ցոյց է տուել, որ հսկայական տէրութիւններ անհետացել են պատմութեան թատերաբեմից ոչ այն պատճառով, որ օտար զաւթողներն եկել եւ ստրկացրել են նրանց, այլ այն պատճառով, որ նրանք բարոյական անկում են արել, կորցրել են իրենց արժեհամակարգը: Ահա թէ ինչու է Եկեղեցին իր առաջնահերթ  քարոզչութիւնն ուղղում դէպի հայ ընտանիքը, որպէսզի այն ապրի Քրիստոսի Աւետարանով: Միայն այդպէս է, որ մեր ժողովուրդը կը շարունակի իր հաստատուն ընթացքը դարերի յաւէրժութեան մէջ»:

Ընդգծելով, որ Տիրոջ Խաչի զօրութեամբ են դարերի մէջ կերտուել հայոց յաղթանակները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը յաւելեց, որ իր աղօթքներում մշտապէս հայցում է Տիրոջ յաղթական Սուրբ Խաչի պաշտպանութիւնը հայ զինուորին: 

Նորին Սրբութիւնը նաեւ իր գնահատանքի խօսքն ուղղեց հայոց բանակի հոգեւոր սպասաւորներին՝ գնդերեցներին, քրիստոնէական պատգամներով հայ զինուորի կողքին լինելու եւ նրա ոգին ամուր պահելու համար:

Վերջում Գարեգին Երկրորդ Հայրապետը մաղթեց, որ հայ ընտանիքը, հայոց բանակն ու հայ ժողովուրդը հանապազ աճեն ու զօրանան Աստծու սիրոյ մէջ: