image
Հրատապ լուրեր:

Լիբանանցի հրատարակիչ, մշակութային գործիչ Նաճի Նաամանը կրկին Հայաստան է այցելել

Լիբանանցի հրատարակիչ, մշակութային գործիչ Նաճի Նաամանը կրկին Հայաստան է այցելել

Օրերս Հայաստան էր այցելել լիբանանցի հրատարակիչ, մշակութային գործիչ Նաճի Նաամանը: Նրա հետ հետ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այդ մասին տեղեկանում ենք թանգարանից:  

Նաճի Նաամանն արաբական մշակույթը քարոզող իր բազմաթիվ հրատարակությունների կողքին ներկայացրել է նաև հայկական մշակույթին ու պատմությանն առնչվող մոտ քսան գիրք՝ արաբերեն, ֆրանսերեն, հայերեն լեզուներով: 

Այդ շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայոց ցեղասպանությանը՝ մասնավորապես Մարդինի հայության կոտորածին և նրա հոգևոր առաջնորդ, հայ կաթոլիկ հոգևորական Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանին (1869-1915 թթ.) նվիրված երկու գրքերի հրատարակությունը՝ «Մարտին. հերոս քաղաք», «Իգնատիոս Մալոյեան: Մարդը եւ նահատակը»: 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Նաճի Նաամանը նախաձեռնել  և հրատարակել է «Հարյուր և… ցեղասպանությունը կշարունակվի» խորագրով, 510 էջանոց հատոր, որտեղ տեղ են գտել արաբ և օտարազգի տարբեր քաղաքական գործիչների, ցեղասպանության ականատեսների, գրողների, մտավորականների, հասարակական գործիչների վկայությունները Հայոց ցեղասպանության մասին: 

Նաճի Նաամանը, Հայոց ցեղասպանության ուսումնասիրման ու ճանաչման գործում ունեցած ավանդի համար, ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի կողմից պարգևատրվել է «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալով: 

«Մեծ պատիվ է ստանալ Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալ, ես նրա մասին տեղեկացել եմ թանգարանի կայքէջից, տեղյակ եմ նրա կյանքի ոդիսականից»,- նշել է արաբ հրատարակիչը: 

Արաբ գործչի ու նրա հայանպաստ գործունեության մասին մանրամասներ է ներկայացրել  ՀՑԹԻ հուշագրությունների, վավերագրերի և մամուլի բաժնի վարիչ, բանասեր Միհրան Մինասյանը: 

Նաճի Նաամանն իր հերթին պարոն Մարությանին ու պարոն Մինասյանին հանձնել է շնորհակալագրեր՝  ցուցաբերած ուշադրության ու աջակցության համար: