image
Հրատապ լուրեր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիւրընկալեց Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ միտրոպոլիտ Պաւելին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիւրընկալեց Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ միտրոպոլիտ Պաւելին

Յունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցաւ Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի եւ Զասլաւի միտրոպոլիտ Նորին Սրբազնութիւն Պաւելի հետ: Միտրոպոլիտ Պաւելը Հայաստան է ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաւէրով եւ, առաջիկայ օրերին լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիւրը, կը ծանօթանայ Հայոց Եկեղեցու կեանքին, կրթական ու սոցիալական ծրագրերին, ինչպէս նաեւ կ'այցելի տարբեր վանքեր ու պատմական վայրեր:

Հանդիպմանը ներկայ էր Բելառուսի Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Ղեւոնդեանը:

Ուրախութիւն յայտնելով Մինսկի եւ Զասլաւի միտրոպոլիտ Պաւելի Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութեամբ ընդգծեց, որ այն ոչ միայն անձնական բարեկամական ու ջերմ կապերի վերահաստատումն է, այլեւ միտուած է նպաստելու Եկեղեցիների միջեւ եղբայրական յարաբերութիւնների եւ գործակցութեան առաւել զօրացմանը: Նորին Սրբութիւնը վերյիշեց Մոսկուայի հոգեւոր ակադեմիայի ասպիրանտուրայում միտրոպոլիտի եւ իր ուսումնառութեան տարիները, անցած հոգեւոր ծառայութեան ուղին:

Վեհափառ Հայրապետը կարեւորեց նման այցելութիւնները` անդրադառնալով նաեւ Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Կիրիլ Պատրիարքի հետ ունեցած պարբերական հանդիպումներին, որոնց ընթացքում քննարկւում են Եկեղեցիների առջեւ ծառացած խնդիրներն ու մարտահրաւէրները եւ դրանց յաղթահարման ուղիները:

Իր հերթին Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ Պաւել միտրոպոլիտը, շնորհակալութիւն յայտնելով Նորին Սրբութեանը ջերմ ընդունելութեան համար, հաստատեց, որ երկար ժամանակ է, ինչ ցանկանում է այցելել Հայաստան: Միտրոպոլիտը նաեւ նշեց, որ քաջատեղեակ է հայ ժողովրդի եւ Հայոց Եկեղեցու անցած դժուարին ու հերոսական պատմական ուղուն եւ իր ծառայութեան տարբեր վայրերում մշտապէս առնչուել է Հայոց Եկեղեցու կառոյցների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նորին Սրբազնութիւնը Հայոց Հովուապետին ներկայացրեց նաեւ Բելառուսում Ուղղափառ Եկեղեցու գործունէութիւնն ու հոգեւոր կեանքի ներկայիս կացութիւնը:

Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւս անդրադարձ կատարեց Հայաստանի անկախութեան հռչակումից յետոյ Հայոց Եկեղեցու ջանքերին եկեղեցական կառոյցների վերականգնման, հոգեւորականների պատրաստութեան եւ եկեղեցաշինութեան ոլորտներում: Մասնաւորապէս խօսուեց Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման եւ վերանորոգութեան աշխատանքների մասին:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը հոգեւոր եղբօրն ի Քրիստոս մաղթեց արեւշատ կեանքի երկար օրեր եւ արդիւնաւէտ գործունէութիւն ի պայծառութիւն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու եւ ի մխիթարութիւն Բելառուսի հաւատաւոր ժողովրդի: