image

Երջանիկ եմ, որ Արցախը տեսնում եմ լիովին վերափոխված. ամերիկահայ բարերար

Երջանիկ եմ, որ Արցախը տեսնում եմ լիովին վերափոխված. ամերիկահայ բարերար

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է «Հայաստան» համահայկական և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչներին, որոնց շարքում էր ամերիկահայ բժիշկ, բարերար Քերոլայն Նաջարյանը: Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանն Արցախին ցուցաբերած մշտական աջակցության և հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Քերոլայն Նաջարյանին է հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ:

 


 

«Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում   Քերոլայն  Նաջարյանն  ասել է, որ,  այցելելով  Արցախ,   ինքը  չգիտեր,    թե  ինչ  կտեսնի, քանի որ  արդեն  12  տարի  է, ինչ  չի  եղել  Արցախում:

 

«Սկսած 1992  թվականից՝     20  տարի   շարունակ՝    տարին 3-4  անգամ,    գալիս  էինք   Արցախ: Բախտավոր  ու  երջանիկ  եմ, որ  Արցախը   տեսնում  եմ  լիովին  վերափոխված: Տեսնում  եմ  ուրախ  ու  երջանիկ  մարդկանց, ովքեր   շատ  հանգիստ   քայլում  են   փողոցներով: Մեր  այս  այցի ընթացքում   եղել  ենք   Ստեփանակակերտի  «Արփեն»     մոր  և  մանկան  պահպանման  կենտրոնում, ինչպես  նաև  «Հանգանակ»  հասարակական  կազմակերպությունում:  Հանդիպել  եմ  իմ  հին  ընկերներին, որոնց  արդեն  14  տարի է,  չեմ  տեսել: Կուզենայի   նշել, որ    ես  ընդգրկված  եմ  «Թուֆենկյան» բարեգործական  հիմնադրամի     հոգաբարձուների  խորհրդի  մեջ  և   իմ   աշխատանքներն այսուհետ   կշարունակեմ  իրականացնել նաև նրանց  հետ»,-ավելացրել  է  Ք.  Նաջարյանը: 
Անդրադառնալով  իրականացվող   ծրագրերին՝   զրուցակիցը  տեղեկացրել  է  նաև, որ  իրենք  հատկապես  աշխատանքներ  են   տանում  Քաշաթաղի  հյուսիսային  և  հարավային  ուղղություններում: Ցանկանում են  բարելավել  Արցախի  առողջապահական  ոլորտը՝  հատկապես  հղի   կանանց, երեխաների  և  հեռավոր  համայնքների  բնակիչների համար: Շարունակելու են  նաև  աշխատանքներ  իրականացնել  «Արփեն»  մոր  և  մանկան  պահպանման  կենտրոնում, որն  ինքը    հիմնել  է  1995  թվականին: Կենտրոնը   անվանել  է  իր   մոր՝ Արփենի  անունով:
Ք.  Նաջարյանը  մեծ  ցանկություն  ունի   այցելել  Ծիծեռնավանք, որն   իր  ընտանիքի    համատեղ  ուժերով   է բարեկարգել ու  վերանորոգել:



Իր կնոջ հետ Արցախ այցելած Ջորջ  Նաջարյանն  էլ  մեզ  հետ  զրույցում  ասել է, որ դժվարին  տարիներ  էին, երբ Քերոլայնը և շատ այլ սփյուռքահայեր ժամանել են Արցախ և իրենց օգնությունը  ցուցաբերել արցախցիներին: