image
Հրատապ լուրեր:

Բողոքի ակցիա՝ ընդդեմ ՄԱԿ-ի միջամտության

Բողոքի ակցիա՝ ընդդեմ ՄԱԿ-ի միջամտության

Հայկական ազգային արժեքների պահպանման «ԿԱՄՔ» նախաձեռնությունը կոչ է տարածել.

 

«Հարգելի՛ հայրենակիցներ, սույնով անդրադառնում ենք նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի և Միավորված Ազգերի Կազմակերպության պատվիրակության միջև տեղի ունեցած հանդիպմանը։ Մասնավորապես, մեզ անհանգստացնում է այն, որ ինչու՞ է ՄԱԿ-ը հետաքրքրված, թե ի՞նչ մեխանիզմներ պետք է կիրառի Հայաստանի ոստիկանությունը ԼԳԲՏ խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացման առումով։

Ի՞նչու է ՄԱԿ-ը հետաքրքրված՝ ՀՀ ոստիկանությունը վերազինվա՞ծ է հատուկ միջոցներով, թե՝ ոչ։

Այո,՛ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ պետություն է և միջազգային կառույցի առջև որոշ չափով հաշվետու է իր գործողությունների համար, սակայն ընդունելի չէ, որ այդ քողի տակ միջազգային կառույցները միջամտեն Հայաստանի ներքին հարցերին և ազդեն մեր ինքնիշխանության վրա։ Ծանոթ չլինելով Հայի մտածելակերպին, Հայի մշակույթին ու նիստուկացին՝ ճիշտ չէ սեփական մոդելը ներդնել մի երկրում, որտեղ այն  խորթ է։ Պետք է, գոնե, փորձել պահել հավասարակշռությունը, և չզրկել ազգն իր սեփական դիմագծից։ Նույնկերպ, ՄԱԿ-ին անդամագրված են Ամերիկայի Միացյալ Նահանգների նման երկրներ, որոնք կիրառում են մահապատիժ, բայց դա չի մտահոգում ՄԱԿ-ին։ Տարբեր երկրներ ունեն տարբեր սահմանադրություններ, օրենքներ և ազատության տարբեր ընկալումներ։


Նշենք, որ աշխարհի 74 երկրներում, որոնք ՄԱԿ-ի անդամ են, միասեռականության քարոզն արգելված է (Ալժիր, Լիբանան, Եգիպտոս և այլն)։ Կան պետություններ, որտեղ համասեռամոլների դեմ մահապատիժ է կիրառվում։ Դրանք են՝ Եմենը, Իրանը, Մավրիտանիան,Նիգերիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Աֆղանստանը, Սուդանը, Միացյալ Արաբական Էմիրաթները, Սոմալին։ Հետաքրքիր է, թե ինչ վերաբերմունք է ցուցաբերում ՄԱԿ-ը այս պետությունների նկատմամբ։

Նշենք, որ եթե, ինչպես նշել էր պարոն Օսիպյանը, ոստիկանությունը ծառայում է ոչ թե իշխանությանը, այլ ժողովրդին, ապա նրանց համար առաջնային պետք է լինի ազգային շահն ու ժողովրդի ազգային դիմագծի պահպանումն ու դրա շարունակականությունը, այլ ոչ թե միջազգային կազմակերպություններին հաճոյանալը։

Համենայն դեպս կարողացանք հասնել նրան, որ միջազգային ֆորումը Հայաստանում չկայանա, և ապազգային ուժերի մշակած ծրագիրը չհասնի իր վերջնանպատակին։ Հայաստանի հանրությունը հանդուրժել է միասեռականությունը և շարունակում է հանդուրժել։ Սակայն, մենք կոնկրետ բացառում ենք դրա քարոզը հատկապես անչափահաս երեխաների մոտ, ովքեր դեռ գիտակից տարիք չեն մտել։

Պայքարը դեռ չի ավարտվել այնքանով, որ անչափահաս երեխաների մոտ համասեռամոլության քարոզը արգելող օրինագիծը դեռ չի ընդունվել։

Հարգելի՛ հայրենակիցներ, այս առումով տեղեկացնում ենք, որ նախատեսում ենք բողոքի ակցիա կազմակերպել ընդդեմ ՄԱԿ-ի՝ հայկական արժեքների միջամտության հարցում։ Բողոքի ակցիայի տեղի ու ժամի մասին կտեղեկացնենք   «ԿԱՄՔ»-ի էջի    միջոցով։


Նախաձեռնող խումբ»