Ինչպես հայտնի է՝ Հայաստանի կառավարությունն արդեն հայտարարել է, որ քննարկվում է համաներման ակտի նախագիծ, որի ընդունումից հետո Հայաստանում տեղի է ունենալու համաներում:
Այս առիթով իր մտահոգությունն է հայտնել «Ազատություն Արսեն Արծրունուն» նախաձեռնություն, մասնավորապես նշելով, թե տեղեկություններ կան, որ համաներման քննարկվող նախագծում ցմահականները ներգրաված չեն:
«Փոխարենն արդարադատության նախարարությունը ստեղծել է ցմահականների գործերի ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողով, առանց անդամներ նշանակելու, որը պետք է զբաղվի գործերի անհատական վերանայմամբ, մի բան, որը Եվրախորհուրդը պահանջել էր դեռևս 15 տարի առաջ՝ 2003 թվականին։
Հնարավորինս երկար ձգձգելու միջոցով խնդրի լուծումը բացառելու ոճը ուղիղ շարունակությունն է Խորհրդային միությունից ժառանգված և ժողովրդի խնդիրների անտեսմամբ պայմանավորված նախորդների մոտեցումների։
Մինչդեռ, ցմահականների խնդրի լուծումը շատ հստակ է։ Այդ մասին բազմիցս նշվել է (հատկապես տե՛ս hetq.am )
Չընդունելով այդ փաստը և փորձելով անտեսել լուծման կարճ և արդար ձևերը, արդարադատության նախարարությունը, ըստ էության հետապնդում է դրանից խուսափելու նպատակ, որի բացահայտ ապացույցն է նաև համաներման՝ իր կողմից պատրաստված փաթեթում ցմահականների նկատմամբ անարդարությանց վերացման առիթի բաց թողնումը»,-իր տարածած հայտարարության մեջ նշել է «Ազատություն Արսեն Արծրունուն» նախաձեռնությունը, միաժամանակ տարածելով հետևյալ կոչը.
«Կոչ ենք անում բոլոր ցմահականների հարազատներին և ընկերներին, ինչպես նաև Հայաստանում օրենքի գերակայությամբ ու արդարությամբ մտահոգ հասարակությանը, սույն թվի հոկտեմբեր 23-ին, առավոտյան ժամը 10։00-ին, ներկա լինել ԱԺ-ի դիմաց կազմակերպվող ցույցին։
Այս ակցիան չի հետապնդում քաղաքական որևէ նպատակ։ Այն պարզապես սպանդը կասեցնելու փորձ է։ Բողոքի ցույցի համակարգողն է՝ Վահագն Չախալյանը (հեռ. 044771779) » :