image

Այսօր լրանում է Մոնթե Մելքոնյանի մահվան 25-րդ տարելիցը

Այսօր լրանում է Մոնթե Մելքոնյանի մահվան 25-րդ տարելիցը

Այսօր արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար, Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Չարլզի Մելքոնյանի (Ավո) մահվան 25-րդ տարելիցն է։

Մոնթե Չարլզի Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսեյլի ավանում։ Արցախյան շարժմանը մասնակցելու համար 1991թ-ին նա Արցախ է եկել և ներգրավվել ֆիդայական շարժմանը: 1992թ.-ից ստանձնել է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։

Նրա ղեկավարած ամենապատասխանատու և փայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի նվաճումն էր, որտեղ իրապես փայլել է Մոնթե հրամանատարի, զորավարի տաղանդը:

Մոնթեն որպես զորավար, սպա և  հրամանատար՝ կայացավ դժվարին մարտերում, նա եւ՛ զինվոր էր, և՛ հրամանատար, ու եթե մի բան էր նախապատրաստում, տղաների հետ շարքում զինվոր էր ու առաջամարտիկ:

«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,- Մոնթեի այս խոսքը որպես զգաստացման կոչ էր հնչում ճակատային մարտիկների, ամբողջ հայ ժողովրդի համար։ Նա անփոխարինելի դեր կատարեց հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու և ապա նաև՝ կանոնավոր բանակ ստեղծելու մտահղացումներում։

1993թ. հունիսի 12-ին, Աղդամի    (Ակնա) կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջնում է հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը և դիրքավորելու իր մարտիկներին։ Աղդամի մերձակա Մարզիլի գյուղում անսպասելի հանդիպում է հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային։ Ծավալված անհավասար մարտում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից զոհվում է Մոնթեն։

Նա  հետմահու արժանացել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային հերոսի կոչման։

 
Մոնթեի հիշատակին գրվել են բազմաթիվ երգեր, գրքեր,  նկարահանվել են վավերագրական ֆիլմեր:

 

 

Աղբյուրը՝ http://artsakhpress.am