image

Եվս մի վիրավոր զինվոր Արցախում առանձնատուն ստացավ Թուֆենկյանի միջոցներով

Եվս մի վիրավոր զինվոր Արցախում առանձնատուն ստացավ Թուֆենկյանի միջոցներով

Արցախյան ազատամարտի ընթացքում վիրավորված զինվոր Կամո Դավթյանն այսօր բնակարանամուտ նշեց Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում: Ինչպես տեղեկանում ենք, առանձնատունը վերանորոգվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից`«Վիրավոր զինվորների բնակարանային ապահովում»  ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցել են Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը և Մարտունու շրջանի վարչակազմի, Թուֆենկյան հիմնադրամի, գյուղի համայնքի, ՀՅԴ «Մերուժան Մոսիյան Կոմիտէ»-ի և տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հիմնադրամից հայտնում են նաեւ, որ 2003 թվականից ի վեր Թուֆենկյան հիմնադրամը մի շարք ծրագրեր է իրականացրել Արցախին աջակցելու նպատակով: 2016թ. ապրիլին, ի պատասխան Քառօրյա պատերազմին, հիմնադրամը ֆոնդահայթայթման հրատապ արշավ նախաձեռնեց պատերազմից տուժած անձանց օգնելու համար: Այս հրատապ դիմումի արդյունքում ստացված դրամական միջոցների և անհատ դոնորների հավելյալ աջակցության շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամը վերանորոգել կամ նոր տներ է գնել 6 վիրավոր զինվորների համար` երեքը Մարտակերտի, երկուսը Հադրութի և մեկը Ասկերանի շրջաններում:

Չնայած նախաձեռնությունն ի սկզբանե միտված է եղել Քառօրյա պատերազմին մասնակցած զինվորներին աջակցելուն, հետագայում այն ընդլայնվել է, ներառելով բնակարանային կարիքներ ունեցող բոլոր այն զինվորներին, ովքեր վիրավորվել են մարտի դաշտում և արդյունքում ի զորու չեն վերանորոգել իրենց տները կամ նոր բնակարաններ գնել: «Իր կյանքը մեր հայրենիքի համար վտանգած յուրաքանչյուր զինվոր արժանի է ապրել արժանապատիվ կյանքով, որն անհնար է առանց բարեկարգ տան: Արցախի զինվորների համար տներ կառուցելով, վերանորոգելով կամ նոր տներ գնելով մենք ոչ միայն աջակցում և մեր երախտագիտությունն ենք հայտնում այս խիզախ անձանց և նրանց ընտանիքներին, այլ նաև օգնում ենք քայլ առ քայլ վերակառուցել Արցախը», – բնակարանամուտի արարողության ընթացքում ասաց Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:

Կամո Դավթյանը նախաձեռնության շրջանակներում ընդգրկված յոթերորդ զինվորն է և Արցախյան 90-ական թվականների ազատամարտի երկրորդ մանակիցը, ով Թուֆենկյան հիմնադրամից նոր կամ վերանորոգված տուն է ստացել: Ազատամարտի ընթացքում Կամոն միացել էր Նոր Շենի ինքնապաշպանական խմբին և խիզախաբար կռվելով ծանր վնասվածք ստացել մարտերից մեկի ընթացքում:

Այժմ Կամոն 50 տարեկան է: Բնույթով աշխատասեր Կամոն մարտի դաշում կրած վնասվածքի պատճառով այլևս չի կարողանում ֆիզիկական աշխատանք կատարել: Նոր Շենում նա ապրում է կնոջ և երկու դստրերի հետ: Հետևելով հոր օրինակին, Կամոյի որդին որպես պայմանագրային սպա ծառայում է Արցախի պաշտպանության բանակում:

Մինչև վերանորոգումը, Կամոյի ընտանիքն ապրում էր հին գյուղական տանը, որը ոչ միայն անբարեկարգ վիճակում էր, այլ նաև չուներ սանհանգույց և խոհանոց: Հետևաբար, ի հավելումն ընդհանուր վերանորոգման աշխատանքներին, հիմնադրամը կառուցել է խոհանոց, սանհանգույց և միջանցք` ընդլայնելով առանձնատունը կցակառույցի միջոցով:

«Երջանիկ եմ, որ վերջապես այնպիսի տուն ունեմ, որտեղ մենք հպարտ կլինենք ապրել: Միակ ցանկությունս է, որ պատերազմում կռված բոլոր ընկերներս գլխի վերևում տանիք ունենան և ապրեն իրենց սեփական տներում», – բնակարանամուտի ընթացքում ասաց Կամո Դավթյանը:

Չնայած 2016 թվականի արտակարգ իրավիճակն ավարտվել է, Արցախի զինվորների բնակարանային կարիքները դեռևս լուծված չեն: Հաշվի առնելով նմանատիպ օգնության կարիք ունեցող վիրավոր զինվորների թիվը, հիմնադրամի այս նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի: