image

Նոր Ջուղայի յայտնի Միրմանեան ազգատոհմի վերջին շառաւիղը իր գերդաստանին վերաբերող մեծարժէք հաւաքածոյ նուիրած է Մատենադարանին

Նոր Ջուղայի յայտնի Միրմանեան ազգատոհմի վերջին շառաւիղը իր գերդաստանին վերաբերող մեծարժէք հաւաքածոյ նուիրած է Մատենադարանին

Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անուան մատենադարանում տեղի է ունեցել մատենադարանի նուիրատու Մանուէլա Սալվինի դը Գիրակ Միրմանի պարգեւատրման արարողութիւնը եւ Միրմանեան նշանաւոր գերդաստանի պատմութեանը վերաբերող արժէքաւոր հաւաքածուի ցուցադրութիւնը: Տեղեկացնում է «panorama.am»ը՝ վկայակոչելով մատենադարանի պաշտօնական կայքին:

Իտալիայի Լիվոռնօ քաղաքից յատուկ այս առիթով ժամանած Մանուէլա Սալվինի դը Գիրակ Միրմանը՝ Նոր Ջուղայից սերող Միրմանեան ազգատոհմի վերջին շառաւիղը, սիրայօժար մատենադարանին է նուիրաբերել Գիրակ Միրման գերդաստանի 1724 թուականի մագաղաթեայ ձեռագիր մատեանն ընտանիքի տոհմածառով հանդերձ, որը սկիզբ է առնում հեռաւոր 1364 թուականից՝ Հին Ջուղայից սերող Ալավերդի Միրման անունով նախապապից եւ աւարտւում 1783 թուականով՝ Գրեգորիօ անունով ընտանիքի մի անդամով: Հաւաքածուի մաս են կազմում ձեռագրի փղոսկրով դրուագազարդուած կրկնակազմը եւ պատմական մի շարք փաստաթղթեր, այդ թւում՝ ընտանիքի զինանշանի վերապատկերումը (1751 թ.), պարսից շահ Սուլէյման Ա.ի 1675 թուականի հրովարտակը, Պիզայի արքեպիսկոպոսի կողմից 1769 թուականին Գրեգորիօ դը Արութօ Միրմանին (ծն. Նոր Ջուղայում 1699թ.) տրուած ազնուականութեան կոչման հաւաստագիրը, ընտանիքի անդամների լուսանկարները եւ այլն:

Միրմանեանները Նոր Ջուղայի մեծատուն վաճառականներից էին եւ տոհմիկ ազնուականներ: Գերդաստանի իտալական ճիւղի հիմնադիրը 1612 թուականին Նոր Ջուղայում ծնուած Գիրակի որդի Գրեգորիօ Միրմանն է, որը զբաղւում էր թանկարժէք քարերի եւ մետաքսի առեւտրով: Յետագայում Գիրակ Միրման գերդաստանի շառաւիղները առեւտրական գործունէութիւն են ծաւալել ոչ միայն Իտալիայի, այլեւ եւրոպական մի շարք այլ քաղաքներում:

Գիրակ Միրման ընտանիքը յայտնի է նաեւ մեծամասշտաբ բարեգործութիւններով: 1688 թուականին Միրման Գիրակի հոգածութեամբ ամբողջովին վերակառուցուել եւ ընդարձակուել է Վենետիկի Ս. Խաչ եկեղեցին: Ի դէպ, Միրման ընտանիքի որոշ անդամների աճիւնները հանգչում են Ս. Խաչ եկեղեցում:

Միրմանեան գերդաստանի վերջին շառաւիղը հանդիսացող Մանուէլա Սալվինի դը Գիրակ Միրմանի ցանկութեամբ, սոյն հաւաքածուն նուիրաբերւում է Մեսրոպ Մաշտոցի անուան հին ձեռագրերի ինստիտուտ մատենադարանին՝ իր արժանի տեղը գրաւելու եւ մասնագէտների ուսումնասիրման համար:

 

«ԱԼԻՔ»