image

Սփյուռքի նախարարը չի կարող սփյուռքահայ լինել. Հրանուշ Հակոբյան

Սփյուռքի նախարարը չի կարող սփյուռքահայ լինել. Հրանուշ Հակոբյան

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բացառիկ հարցազրույց է տվել կանադական Noranor.ca կայքին՝ անդրադառնալով սփյուռքահայերի կողմից բարձրացված մտահոգություններին, որոնք հնչեցին ի պատասխան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կոչին՝ մտավոր, գիտական ու ֆինանսական ներդրումները Հայաստանին ուղղելու կապակցությամբ:

Կանադահայ ինժեներ-շինարար, ինչպես նաև դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանը, որ բազմիցս աջակցել է հայրենիքին, հայտարարել է, որ Սփյուռքի նախարարությունը չի կարող Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ճիշտ միջնորդ լինել, եթե չի գտնվում Սփյուռքում, նա պետք է լինի սփյուռքահայ, իսկ աշխարհագրական 6 վայրերում առաջարկել էր ունենալ Սփյուռքի փոխնախարարներ:

Մեկնաբանելով սփյուռքահայ գործչի առաջարկը՝ Հրանուշ Հակոբյանը կայքի հետ զրույցում միանշանակ բացառել է սփյուռքահայ նախարար նշանակելու հանգամանքը՝ հղում կատարելով ՀՀ օրենսդրությանը: 

 «Չի կարող սփյուռքահայ լինել, որովհետև ՀՀ օրենսդրությունն ու Սահմանադրությունը թույլ չեն տալիս: Սահմանադրությամբ արգելված է, որ այլ երկրի քաղաքացին կամ երկքաղաքացին լինի ՀՀ կառավարության անդամ կամ ԱԺ անդամ: Դրանք ցանկություններ են»,– արձագանքել է Հրանուշ Հակոբյանը:

Նա վստահ չէ, որ Սփյուռքի նախարարությունն իր դերը լավ չի կատարում, ինչն էլ ներդրումների նվազման պատճառ է դառնում, համոզված է, որ սփյուռքահայերի կողմից ներդրումներ եղել են և շարունակում են լինել, իսկ վարչապետի կոչը հուսահատ որակելը տեղին չի համարում, հավաստիացնում է օրինակներով: «Եթե հուսահատություն լիներ, Էռնեկյանը մոտ 500 մլն դոլար չէր բերի, Սամվել Կարապետյանը՝ 300 մլն դոլար, երեկ չէ առաջին օրը հայտարարեց, երբ արդեն 200 մլն և ավելի ներդրում արել է, նույնը չէր ասի մեր Սերգեյ Համբարձումյանը, Ռուբեն Վարդանյանը, Թուֆենկյանները, այնպես որ այն մարդիկ, որոնք չեն ուզում ինչ-որ բանով օգտակար լինել, սկսում են պատճառներ փնտրել, իսկ այն մարդիկ, ովքեր ուզում են հայրենիքին օգտակար լինել, ձևը գտնում են օգտակար լինելու, այդ թվում նաև իրենց, որովհետև մենք այսօր չենք ասում եկեք, բարեգործություն արեք, մենք ասում ենք՝ ներդրում արեք, օգուտ ստացեք, դա ձեր խնդիրն է»,– հայտարարել է Սփյուռքի նախարարը:

Նա չի կարծում, որ յոթմիլիոնանոց Սփյուռքի կարծիքների հետ պետք է հաշվի նստել կամ դրանք ընդհանրացնել, ներդրումները գալիս են ու ծառայում նպատակին: Արդյո՞ք դրանք չեն յուրացվում կամ փոշիացվում, ինչպես վստահ են շատերը, հարցին նախարարը պատասխանել է.

«Ես էլ ձեզ ասում եմ՝ խնդրեմ, վերցրեք բարձր տեխնոլոգիաների ոլորտը, 400-ից ավելի խոշոր կազմակերպություններ կան, ինչո՞ւ են գալիս հաստատվում, եթե փոշիանում է, ինչպե՞ս կարող է, կարող է մի քանի դեպքեր լինեն բացասական, բիզնեսը բոլոր տեղերում չէ, որ 100 տոկոս արդյունք է տալիս, միշտ էլ լինում են ձախողումներ, բայց Հայաստանում այնքան դրական օրինակներ կան, ավելի լավ է խոսենք դրական օրինակների մասին»,– կոչ է արել Սփյուռքի գերատեսչության ղեկավարը:

Ոչ միայն դրական օրինակներ կան, այլև դրական արձագանքներ են ստացվել վարչապետի կոչին, հավաստիացրել է Հրանուշ Հակոբյանը, իսկ կոչի մեջ առանձնացրել է այն, որ դա միայն ներդրումներ անելուն, ֆինանսական միջոցներ ներգրավելուն և նյութական օժանդակություն ցուցաբերելուն չէր վերաբերում, այլ նաև գիտական, մարդկային ներուժի ներգրավմանն ու հայրենիքի զարգացման համար հնարավորությունների ու կապերի օգտագործմանը: