image

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիւրընկալեց «Նագգաշեան մանուկների տան» մանկավարժներին եւ շրջանաւարտներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիւրընկալեց «Նագգաշեան մանուկների տան» մանկավարժներին եւ շրջանաւարտներին

Մարտի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիւրընկալեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքոյ Երեւանում գործող «Նագգաշեան մանուկների տուն» երեխաների աջակցութեան կենտրոնի մանկավարժներին եւ շրջանաւարտներին:

Հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութիւնը՝ կենտրոնի տնօրէն տիար Միհրան Միրիջանեանը ներկայացրեց մանկավարժներին եւ տեղեկացրեց, որ այս անգամ Հայոց Հօր հետ հանդիպմանը ներկայ են կենտրոնի` մայրութեան բերկրանքին սպասող շրջանաւարտները: Տնօրէնը նաեւ իրազեկեց կենտրոնում կրթադաստիարակչական գործընթացի եւ սաների խնամքի կազմակերպման մասին։

Խօսքով հանդէս եկաւ նաեւ կենտրոնի փոխտնօրէն տիկին Նունէ Գեղամեանը: Վերջինս, անդրադառնալով կենտրոնի ապագայի տեսլականներին, նշեց, որ կենտրոնը տարիների ընթացքում մեծ փորձ է կուտակել եւ իր գործունէութեամբ յատուկ խնամքի ոլորտում վստահելի գործընկերի համբաւ ձեռք բերել, որի շնորհիւ այսօր արդիւնաւէտօրէն համագործակցում է պետական պատկան կառոյցների ու հասարակական կազմակերպութիւնների հետ:

Այնուհետեւ ներկաներին ողջունեց եւ իր հայրական օրհնութիւնը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբութիւնն իր բերկրանքն արտայայտեց առ այն, որ հանդիպմանը ներկայ են զաւակներ սպասող շրջանաւարտները՝ մաղթելով Աստծու ամենախնամ Աջի մշտական ներկայութիւնը նրանց կեանքից ներս:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր մասնաւոր գնահատանքը յայտնեց կենտրոնի տնօրէնին տասնամեայ նուիրեալ ծառայութեան ու մանկավարժներին իրենց նախանձախնդիր աշխատանքի համար՝ միտուած վարքային խնդիրներ ու խնամքի կարիք ունեցող երեխաների աջակցութեանը: Նորին Սրբութիւնը, վերյիշելով իր պարբերական այցերը կենտրոն եւ հանդիպումները երեխաների ու պատանիների հետ, կարեւոր եւ հանրօգուտ նկատեց կենտրոնի առաքելութիւնը Եկեղեցու սոցիալական ծառայութիւնների ընդհանուր շրջագծից ներս։

Հայրապետը նաեւ կարեւորեց այն, որ կենտրոնի աշխատակազմը շարունակում է կապ պահել շրջանաւարտների հետ եւ անհրաժեշտ հոգատարութիւն ցուցաբերել նրանց նկատմամբ։

Վեհափառ Հայրապետն ու ներկաները կիսուեցին կենտրոնի հետ կապուած յուշերով՝ մասնաւոր անդրադարձ կատարելով նաեւ կենտրոնն աւարտած սաների յետագայ կեանքի ընթացքին։

Այսօր կենտրոնում խնամւում է 18 սան, շրջանաւարտների թիւը 20-ն է։