image

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց «Հայկական լեռնաշխարհի եւ դրա յարակից տարածքների ժողովուրդների քրիստոնէական ժառանգութիւնը» առցանց համաժողովին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց «Հայկական լեռնաշխարհի եւ դրա յարակից տարածքների ժողովուրդների քրիստոնէական  ժառանգութիւնը» առցանց համաժողովին

Մարտի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց «Հայկական լեռնաշխարհի եւ դրա յարակից տարածքների ժողովուրդների քրիստոնէական պատմական-մշակութային ժառանգութիւնը» առցանց համաժողովին, որ կազմակերպուել էր Եւրոպայի հայկական միութիւնների ֆորումի (Շուէդիայ), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան հարցերով գրասենեակի, «Վիեննայի ակումբ» քաղաքական եւ տնտեսական վերլուծութեան համաեւրոպական կենտրոնի եւ «ՊԱՆԱՊ» խաղաղութեան պաշտպանութեան դաշինքի կողմից (Սլովակիայ)։

Համաժողովի համաատենապետներն էին Կենտրոնական Եւրոպայի եւ Շուէդիայի Հայրապետական պատուիրակ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսեանը, Պետական Էրմիտաժի գլխաւոր տնօրէն պրոֆ․, դոկտ․ Միխայիլ Պիատրովսկին եւ Եւրոպայի հայկական միութիւնների ֆորումի նախագահ դոկտ․ Աշոտ Գրիգորեանը։ Երկօրեայ համաժողովի ընթացքում երկու տասնեակից աւելի զեկոյցներով հանդէս կը գան արտերկրի եւ Հայաստանի նշանաւոր գիտնականներ, հասարակական գործիչներ եւ եկեղեցականներ։

Համաժողովը բացուեց Նորին Սրբութիւն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խօսքով, որի ընթացքում Հայոց Հայրապետն իր օրհնութիւնն ու գնահատանքը բերեց կազմակերպիչ յանձնախմբին, զեկուցողներին եւ մասնակիցներին։

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՕՍՔԸ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԵՒ ԴՐԱ ՅԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

 

Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսեան, Կենտրոնական Եւրոպայի եւ Շուէդիայի Հայրապետական պատուիրակ,

Մեծայարգ ատենապետներ՝ տիարք Միխայիլ Պիոտրովսկի եւ Աշոտ Գրիգորեան,

Համաժողովի յարգարժան մասնակիցներ,

Հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ու ողջոյնն ենք բերում ձեզ բոլորիդ։

Այս համաժողովի գումարումը կարեւոր եւ այժմէական է յատկապէս ներկայիս, երբ ամիսներ առաջ Ադրբեջանը Թուրքիայի եւ ահաբեկչական խմբաւորումների հետ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետութեան դէմ, որի հետեւանքով նաեւ վնասուեցին հայկական եկեղեցական եւ մշակութային կոթողներ։ Հարիւրամեակներ շարունակ մեր ժողովուրդը, իր ազգային նկարագրով ու հոգեւոր արժէքներով զօրացած, կերտել է իր կեանքը հայրենի բնօրրանում, կառուցել սքանչելի տաճարներ, ստեղծել բացառիկ ձեռագրեր, արուեստի ու դպրութեան բարձրարժէք գործեր: Արցախ աշխարհի ժառանգութիւնը՝ որպէս հայ մշակոյթի անբաժանելի մաս, մեծապէս հարստացրել է ինչպէս հայոց, այնպէս էլ համաշխարհային մշակութային գանձարանը իր իւրօրինակ մեծ աւանդով:

Այսօր, սակայն, Արցախի բազմադարեայ ժառանգութեան ճակատագիրը պատերազմի հետեւանքով Արցախի օկուպացուած եւ Ադրբեջանի տիրապետութեան տակ անցած տարածքներում վերստին վտանգուած է: Ցաւօք պիտի արձանագրենք, որ դեռեւս նախորդ տարուայ նոյեմբերից պաշտօնական Բաքուն տարատեսակ խոչընդոտներով կասեցնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնութիւնը` մասնագէտներ առաքելու Արցախ հայկական հոգեւոր-մշակութային ժառանգութեան վիճակի գնահատման համար: Այս առթիւ Մայր Աթոռը, Հայաստանի եւ Արցախի պետական եւ հասարակական կազմակերպութիւններ դիմել են միջազգային պատկան կառոյցների եւ պետութիւնների ղեկավարների, որպէսզի կարելին ձեռնարկուի, եւ ապահովուի մեր դարաւոր ազգային եւ հոգեւոր ժառանգութեան, մեր սրբավայրերի, մեր վանքերի ու եկեղեցիների, հազարաւոր խաչքարերի պահպանութիւնը, եւ կանխարգելուի դրանց ոչնչացումը:

Հայութեան հետ առնչուած ամէն ինչ ոչնչացնելու Ադրբեջանի մոլուցքը դրսեւորւում է նաեւ մարդկային կեանքի հանդէպ դատապարտելի վերաբերմունքով։  Ադրբեջանը, ոտնահարելով միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերը, հրաժարւում է գերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման ստանձնած պարտաւորութիւնից՝ դիվերսանտներ յայտարարելով պատերազմից յետոյ գերեվարուած զինուորներին, ովքեր ռազմական գործողութիւնների դադարեցման յայտարարութիւնից անտեղեակ պատսպարւում էին անտառներում կամ իրենց դիրքերում։

Ադրբեջանական իշխանութիւնները, նկատելի է, որ ջանում են ամէն գնով ջնջել հայկական հետքն ու հայկական ներկայութիւնը Արցախ աշխարհում։ Նախիջեւանի դարաւոր հայկական գերեզմանի բազմաթիւ խաչքարերի իսպառ ոչնչացումը եւ դրա վերաբերեալ միջազգային հանրութեան ոչ համաչափ արձագանքը թերեւս առիթ է ընծայել Ադրբեջանին կարծելու, որ մշակութային ցեղասպանութիւնը կարող է մնալ անպատիժ: Այս մասին է վկայում այն փաստը, որ վերջին պատերազմի ընթացքում երկու անգամ հրթիռակոծուեց Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, քանդուեցին Շուշիի Սբ. Յովհաննէս (Կանաչ ժամ) եկեղեցու գմբէթները, ոչնչացուեցին Թալիշի հայկական յուշարձանները, Հադրութի շրջանի Առաքել գիւղի եւ Դիզափայտ լեռան գագաթին գտնուող Կատարոյ վանքի խաչքարերը եւ այլն: Այս ամէնից զատ նաեւ վտանգաւոր միտում է նկատւում Ադրբեջանի կողմից խեղաթիւրելու հազարամեակների հայկական հոգեւոր մշակոյթի, մասնաւորաբար Արցախի տարածքում եկեղեցական կառոյցների պատկանելիութեան պատմական փաստերը: Այդ նենգ նպատակի համար նաեւ գործի են դրւում պատմական հիմնաւորում չունեցող, գիտական շղարշի տակ ներկայացուող թեզեր, որոնք հայկական եկեղեցիները, սրբավայրերը դիտարկում են որպէս կովկասեան աղուանական ծագում ունեցող կառոյցներ։ Ադրբեջանի կողմից հայկական ժառանգութիւնը սեփականացնելու նոր քաղաքականութիւն է իրագործւում, որի դրսեւորումներին ականատես ենք վերջին շրջանում։

Այս առումով այսօր հրամայական է գիտական անկողմնակալ մօտեցում ցուցաբերել ադրբեջանական զաւթողական ու պատմութեան կեղծման քաղաքականութեան դէմ: Գնահատելի է, որ սոյն համաժողովին ներկայ պատուարժան մասնակիցներդ, քաջատեղեակ լինելով պատմութեանը, ձեր խօսքով պիտի միջազգային հանրութեանը առաւել հասու դարձնէք Արցախի եւ տարածաշրջանի քրիստոնէական ժառանգութեանը, դրա պատկանելիութեանը, ինչպէս նաեւ պահպանութեան կարեւորութեանն ու անհրաժեշտութեանը։

Վերստին Մեր օրհնութիւնն ու գնահատանքը բերելով համաժողովի կազմակերպիչներին եւ բոլոր մասնակիցներիդ՝ մաղթում ենք ամէնքիդ քաջառողջութիւն, յաջողութիւններ ձեր գովարժան գործունէութեան մէջ եւ բարի ընթացք համաժողովի աշխատանքներին։