image

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Սումկայիթի զոհերու յիշատակի Ոգեկոչման առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը  Սումկայիթի զոհերու յիշատակի Ոգեկոչման առիթով

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր ոգեկոչում ենք 1988 թ. Ադրբեջանի իշխանութիւնների կողմից կազմակերպուած Սումգայիթի ջարդերի զոհերի յիշատակը։

Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ անկախացան Միութեան կազմում գտնուող երկրները, եւ Արցախի մեր ժողովուրդը նոյնպէս ինքնորոշման իրաւունքով հռչակեց անկախ ապրելու իր կամքը։ Այս արդար որոշման դէմ Ադրբեջանի ողջ տարածքում ձեռնարկուեցին հայորդիների ջարդ ու կոտորած: Սումգայիթեան ոճրագործութիւնների կազմակերպիչները ծրագրած նոր եղեռնագործութեամբ պարբերաբար զինուած յարձակումների էին ենթարկում Արցախն ու Հայաստանի սահմանամերձ շրջանները։ Անցեալ տարի Ադրբեջանը Թուրքիայի եւ ահաբեկչական խմբաւորումների հետ լայնածաւալ ռազմական գործողութիւններ ձեռնարկեց Արցախի Հանրապետութեան դէմ՝ դաժանաբար գնդակոծելով երկրի տարածքը։ Զոհուեցին խաղաղ բնակիչներ, հայրենեաց պաշտպան մեր շատ զաւակներ, տեղահանուեցին բազմահազար հայորդիներ, աւիրուեցին հոգեւոր-մշակութային կոթողներ ու յուշարձաններ, կորցրեցինք Արցախի զգալի մասը, եւ դեռ կան անյայտ կորածներ ու գերեվարուածներ։ Ցաւով ենք անդրադառնում, որ պատերազմի դադարից յետոյ տակաւին տեղ են գտնում բռնութիւններ ու չարագործութիւններ, ոտնահարւում մեր երկրի ու ժողովրդի իրաւունքները: Այս ողբերգական իրողութիւնները, արցախեան երկրորդ պատերազմի արհավիրքները վկայում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Սիրելիներ, պատերազմի պատճառած կորուստների ցաւը մեր սրտերում՝ միասնաբար ամէն ջանք ի գործ պիտի դնենք՝ յաղթահարելու աղէտալի հետեւանքներն ու փորձութիւնները, զօրացնելու մեր հայրենիքը եւ կերտելու մեր կեանքի նոր ձեռքբերումներն ու յաջողութիւնները։

Խոնարհուելով մեր զոհերի վառ յիշատակի առջեւ՝ ի խորոց սրտի աղօթում ենք նրանց հոգիների հանգստութեան ու խաղաղութեան համար։ Հայցում ենք, որ Աստուած Իր ողորմութիւնը, շնորհներն ու բարեգթութիւնը տարածեալ պահի համայն մեր ժողովրդի եւ մեր հայրենիքի վրայ եւ պահպանի ամենախնամ Իր Սուրբ Աջի հովանու ներքոյ. ամէն։