image

Մահացել է Ռուբեն Սեւակի եղբորորդին՝ ազգային գործիչ, բարերար Հովհաննես Չիլինկիրյանը

Մահացել է Ռուբեն Սեւակի եղբորորդին՝ ազգային գործիչ, բարերար Հովհաննես Չիլինկիրյանը

Մահացել է Չիլինկիրյան տոհմի վերջին շառավիղներից մեկը՝ սփյուռքի նշանավոր ազգային-քաղաքական գործիչ, հրապարակախոս, պատմաբան, բարերար Հովհաննես Չիլինկիրյանը, որ եղեռնազոհ գրող Ռուբեն Սեւակի եղբոր որդին է:

Ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 24-ին Կ. Պոլսի մերձակայքում գտնվող Ֆլորիա գյուղում։ Կարճ ժամանակ անց նրա ընտանիքը բնակություն է հաստատում Մաքրիգյուղում, որտեղ էլ նա ավարտել է Պեզազյան վարժարանը։ Այնուհետև Չիլինկիրյանը սովորել է Կ.Պոլսի Ավստրիական քոլեջում, որն ավարտել է 1944 թվականին։


Հետևելով հորեղբոր՝ Ռուբեն Սևակի օրինակին, Չիլինկիրյանը ցանկանում է բժիշկ դառնալ և ընդունվում է Կ.Պոլսի բժշկական համալսարանը, սակայն հեռանում է բժշկական համալսարանից և աշխատանքի անցնում վաճառականներից մեկի մոտ որպես գրագիր։

1946 թվականին բազմաթիվ պոլսահայեր ցանկություն են հայտնում ներգաղթել Հայաստան։ Հ. Չիլինկիրյանը նույնպես գնում է սովետական հյուպատոսություն և ցուցակագրվում Հայաստան ներգաղթելու համար։ Սակայն թուրքական ոստիկանության հետապնդումների, հարուցած արգելքների պատճառով պոլսահայերի թվում նաև Չիլինկիրյանին չի հաջողվում ներգաղթել Հայաստան և հարկադրված մնում է Կ.Պոլսում։ 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին Չիլինկիրյանը ականատես է լինում հույների և հայերի նկատմամբ Կ.Պոլսում թուրքական ոստիկանության աջակցությամբ զինված խուժանի ավերիչ գործողություններին։


1970-ական թվականներին Չիլինկիրյանը հեռանում է Կ.Պոլսից և բնակություն հաստատում Ֆրանսիայի Նիս քաղաքում, ամբողջովին նվիրվում սփյուռքում հայապահպանության գործին, իր պատմագիտական աշխատություններով մերկացնում թուրք և եվրոպական կեղծարար հեղինակների հակահայկական նկրտումները։


Անուրանալի հսկայական աշխատանք է կատարել Չիլինկիրյանը իր հորեղբայր, նշանավոր բանաստեղծ Ռուբեն Սևակի գրական ժառանգության հավաքման ու պահպանման համար։ Հսկայական ջանքերի գնով Չիլինկիրյանը ստեղծում է «Ռուբեն Սևակ մշակութային հիմնարկը», որն իր կարևոր գործն է համարում բանաստեղծի գրական-հասարակական ու հեղափոխական գործունեության լուսաբանումն ու նրա գաղափարների տարածումը։ Հիմնարկի նախաձեռնությամբ ու նրա միջոցներով, ստեղծման օրից մինչև այժմ, հրատարակվել է երեք տասնյակից ավելի արժեքավոր աշխատություն, որոնք նվիրված են հայագիտության, հայ ժողովրդի պատմության կարևոր պրոբլեմներին։ Գրքերի հրատարակությունից բացի, հիմնարկը ստեղծել է մրցանակային ֆոնդ, որով յուրաքանչյուր տարի պարգևատրվում են Ռուբեն Սևակի գաղափարները ներկայացնող մտավորականները և կազմակերպությունները։ Տարբեր տարիների այդ մրցանակին են արժանացել Գևորգ Գապառաճյանը, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը, հանրաճանաչ դերասանուհի Անահիտ Թոփչյանը, Բեյրութի «Արարատ» օրաթերթի խմբագիր Ժիրայր Նաիրին, Նյու Ջերսիի հայկական ռադիոկայանի հիմնադիր տնօրեն Վարդան Ապտօն և մի շարք մշակութային կազմակերպություններ։
1985 թվականին Չիլինկիրյանը իր միջոցների հաշվին Նիսում ստեղծում է Ռուբեն Սևակի անվան հիշատակի տուն-թանգարանը, որտեղ ամփոփում է բանաստեղծի ձեռագրերը, նամակները, անձնական իրերը։ Թանգարանն ունեցել է պատկերասրահ, որտեղ հավաքված էր տաղանդավոր հայ նկարիչների շուրջ 200 կտավ։ Չիլինկիրյանը շուրջ 18 տարի հետևողականորեն աշխատանք է տարել, որպեսզի այդ հոգևոր հարստությունը նվիրաբերվի Հայաստանին։ Տարիներ շարունակ Հայաստանի տարբեր իշխանություններից անհասկանալի բազմաթիվ մերժումներ ստանալուց հետո հարցը միայն լուծում է ստանում 2009 թվականին, երբ Չիլինկիրյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով մայիսի 5-ին մի քանի օրով այցելում է Հայաստան։ Շնորհիվ այդ այցելության 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Էջմիածինում Նորին Սուրբ Օծություն Գարեգին երկրորդ կաթողիկոսի օրհնությամբ բացվեց Ռուբեն Սևակի անվան թանգարան-պատկերասրահը, որով իրականացավ մեծ բարերարի տարիներով փայփայած երազանքը։
Հովհաննես Չիլինկիրյանի ազգային-հասարակական գործունեությունը առնչվում է նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի /ASALA/ այն մարտիկներին, որոնք մատնության կամ էլ դավաճանության հետևանքով ձերբակալվել ու դատապարտվել էին եվրոպական տարբեր երկրներում։ Հայ բողոքական քահանա Հարություն Հելվեճյանի, Շվեյցարիայի հայկական համայնքի նշանավոր ազգային գործիչ, հայտնի հրապարակախոս Նազարեթ Սրմաքեշյանի հետ միասին, Չիլինկիրյանը դարձավ հայ քաղաքական բանտարկյալների օգնության կենտրոնական հանձնախմբի ստեղծողներից մեկը։ Հովհաննես Չիլինկիրյանը իր ուշադրության կենտրոնում է պահում Երևան քաղաքի Ռուբեն Սևակի անունը կրող թիվ 151 դպրոցը՝ նրան ցույց տալով զգալի նյութական ու ֆինանսական օգնություն։ «Ռուբեն Սևակ մշակութային հիմնարկ»-ը դպրոցում ստեղծել է Ռուբեն Սևակի թանգարան։