image

«Վերադարձ հարազատ տուն» ԱՀԱԸ-ի միջոցառումը Ստեփանակերտում

«Վերադարձ հարազատ տուն» ԱՀԱԸ-ի միջոցառումը Ստեփանակերտում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու  կայքը գրում է՝

Պատերազմից հետո երազել, ուրախանալ, ծիծաղել բառերը խորթ են հնչում։ Հատկապես Արցախի մանուկների աչքերում ուրախությունը կարծես թաքնվել էր։ Այդ մանուկներից շատերը երազում են իրենց հարազատ տուն վերադառնալու մասին, բայց դա այժմ անհասանելի երազանք է: «Վերադարձ հարազատ տուն», այդպես էր կոչվում նաև այն թատերական ներկայացումը, որը ՀԱԵ Ստեփանակերտի, Ասկերանի, Շուշիի  ծառայողների, երիտասարդների, պատանիների ու մանուկների մասնակցությամբ բեմադրեց Վազգեն Թորոսյանը: Գյումրու ՀԱԵ թատերական խմբակի պատասխանատու Վազգեն Թորոսյանն ու ՀԱԵ ՔԴ բաժնի աշխատակից Շուշան Ենգիբարյանը Հայաստանից Արցախ էին մեկնել Սուրբ Ծննդյան միջոցառումները կազմակերպելու նպատակով: 

Հունվարի 8-11-ը Ասկերանում, Ստեփանակերտում, Մարտակերտում Արցախի  գրեթե բոլոր շրջանների շուրջ 3000 մանուկների համար տարբեր բեմերի մութ դահլիճներում 7 անգամ  վայրագույրի բացվելուց հետո, լույսերի ու երաժշտության տակ սկսվեց հեքիաթը, որը պատմեց նրանց մի աղջնակի մասին, ով միշտ բողոքում էր իր ընտանիքից, ամենօրյա իրադարձություններից, ստում էր հարազատներին ու ցանկանում էր տնից շատ հեռու գնալ։ Հեքիաթասացի հետ ճամփորդելով՝ նա սովորում է, որ ստի պատճառով մարդիկ կարող են չվստահել իրեն, որ  ճիշտ չի գնահատել իր ունեցածը,  և հիմա կորցնելուց հետո է, որ հասկանում է ունեցածի արժեքը։ Ներկայացման հերոսուհին ի վերջո հայտնվում է  երազների թագավորության մեջ, որի թագավորն Արքաների Արքան է։ Հենց Նրան ուղղված աղոթքն է, որ փոխում է աղջնակի սիրտն ու օգնում հասկանալ՝ կյանքում ամենաթանկ բանը հարազատների հետ անցկացրած ժամանակն է, իսկ իր երազանքները միայն Արքան կարող է կատարել, որոնք Նրա կամքով բարի են և իրականանալու են ճիշտ ժամանակին:

Այս պատգամը հատկապես լույսի շող էր Շուշիում ու Հադրութում իրենց տունը կորցրած մանուկների ու նրանց ծնողների համար։ Այն, ինչ զգացին և ապրեցին Արցախի փոքրիկները «Վերադարձ հարազատ տուն» ներկայացման մեջ, արձանագրեցին մեծահասակներն ու ներկայացման դերասանական թիմը․

«Ներկայացումը շատերի համար ուրախության, նոր ճշմարիտ ճանապարհի ընտրություն էր»։ 

«Թե՛ գույները, թե՛ սյուժեն գրավում էին երեխաների ուշադրությունը: Մարդկանց սրտերի հետ կապն անուղղակի էր, բայց միևնույն ժամանակ հասանելի: Պատգամը շատ խորն էր՝  նոր հույսի կամ մահացած հույսն արթնացնելու մասին էր»։ 

«Հենց մասնակիցների համար նոր ծանոթություն, շփում, փոփոխություն էր, որոշ չափով կտրվեցին ստեղծված իրավիճակից։ Արցախում սա կարծես նոր սկիզբ լիներ, վառ գույներ, ժպիտ, ուրախություն, հույս»։ 

«Բեմադրությունը նոր ու հիանալի զգացողություններ փոխանցեց թե՛ փոքրիկ հանդիսատեսին, թե՛ մեզ՝ դերասաններիս։ Ներկայացումը լի էր վառ գույներով և գեղեցիկ էմոցիաներով»։ 

«Մանուկներ, ովքեր սովորեցին չստել ու նույնը փոխանցեցին ընտանիքի մյուս անդամներին»։ 

«Նորից անկեղծ ծիծաղելու եւ ուրախանալու հնարավորություն տրվեց: Մինչ այդ նույնիսկ ժպիտն արհեստական էր։ Գլխավոր երջանկությունը բեմից մանուկների անհոգ ժպիտները տեսնելն էր, որի համար անչափ շնորհակալ եմ»: 

«Ազատություն, սեր, խնդություն, ուրախություն, համբերություն ճաշակեցինք և գեղեցիկ փաթեթավորմամբ մատուցեցինք։ Պետք է շարունակել»։ 

«Մանկական աչքեր, որոնք առաջին անգամ էին իրենց կյանքում ներկայացում տեսնում, սա իրական հեքիաթ էր իրենց համար»։ 

«Ամենաազդեցիկը Տիրոջ ներկայությունն էր, աղոթքների պատասխանների արագ, զգալի, տեսանելի, շոշափելի լինելն էր... երբ ամբողջ Ստեփանակերտը հոսանքազրկված էր, իսկ բեմում… բեմում լույս կար»: 

Շուշան Ենգիբարյան
ՀԱԵ ՔԴ բաժնի աշխատակից