image
Հրատապ լուրեր:

Մայր Աթոռը մեկնարկը տուաւ նոր ծրագրի մը՝ «Աջակցինք Արցախին»

Մայր Աթոռը մեկնարկը տուաւ նոր ծրագրի մը՝  «Աջակցինք Արցախին»

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ հաստատուած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագրի շրջանակներում համակարգող յանձնախումբը՝ ատենապետութեամբ Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի, օրերս արդէն ձեռնամուխ է եղել մի շարք հումանիտար ձեռնարկների իրականացմանը։

Մայր Աթոռի Սոցիալական ծառայութիւնների գրասենեակի միջոցով Արարատեան հայրապետական թեմի Արարատի հոգեւոր տեսչութիւնում,  Շիրակի, Գուգարքի եւ Արմաւիրի թեմերում պարէնային սննդի եւ հիգիենիկ պարագաների աջակցութիւն է ցուցաբերուել Արցախից տեղահանուած 205 ընտանիքի։ Աջակցութիւնը կը տրամադրուի առաջիկայ չորս ամիսներին եւ կ'ընդգրկի նաեւ Հայաստանում ապաստանած այս ընտանիքների կոմունալ վարձերի վճարումը։

Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ թեմերի կողմից կ'իրականացուի 250.000 (երկու հարիւր յիսուն հազար) ԱՄՆ դոլարի մէկ այլ ծրագիր, որի շրջանակներում հայաստանեան թեմերում եւ Արցախի թեմում հոգեւոր հովիւների կողմից նուէրներ կը բաշխուեն Արցախից տեղահանուած ընտանիքների, ինչպէս նաեւ զոհուած եւ վիրաւոր զինծառայողների, անյայտ կորած կամ գերութեան մէջ գտնուող անձանց ընտանիքների 18 000 երեխայի։

Ծրագրին օժանդակելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աշխարհասփիւռ թեմերից ստացուել են մի շարք նուիրատուութիւններ։

Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմից փոխանցուել է 7․350․000 (եօթ միլիոն երեք հարիւր յիսուն հազար) ռուբլի գումար, ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմից՝ 50․000 (յիսուն հազար) ԱՄՆ դոլար, ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմից՝ 52․750 (յիսուն երկու հազար եօթ հարիւր յիսուն) ԱՄՆ դոլար, Կանադայի հայոց թեմից՝ 50․000 (յիսուն հազար) ԱՄՆ դոլար, Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմից՝ 33․000 (երեսուն երեք հազար) ԱՄՆ դոլար եւ Գերմանիայի հայոց թեմից՝ 15․000 (տասնհինգ հազար) եւրոյ գումար։