image
Հրատապ լուրեր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելած է Մայր Աթոռի կառոյցներուն մէջ ապաստանած արցախցի ընտանիքներուն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելած է Մայր Աթոռի կառոյցներուն մէջ ապաստանած արցախցի ընտանիքներուն

Նոյեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Էջմիածին քաղաքում այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառոյցներում ապաստան ստացած արցախցի ընտանիքներին։ Արցախից տեղահանուած ընտանիքների Հայոց Եկեղեցին կացարան եւ ամբողջական խնամատարում է ապահովել նաեւ Ծաղկաձորում, Սաղմոսավանքում եւ Եղէգնաձորում գտնող թեմական այլ կառոյցներում։

Արցախցիների հետ հանդիպումը սկսուեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայութիւնների գրասենեակի տնօրէն Արժանապատիւ Տ․ Մարկոս քահանայ Մանգասարեանի խօսքով, ապա հայորդիներին իր հայրական օրհնութիւնը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նորին Սրբութիւնն իր խօսքում անդրադարձաւ արցախցիների ոգու  անպարտելիութեանն ու քաջութեանը՝ հակառակ այս պատերազմական օրերին կրած զրկանքների, տառապանքի ու ցաւի։ Հայոց Հայրապետը կարեւոր նկատեց, որ արցախահայութիւնը ուժ գտնի իր մէջ եւ առ Աստուած ապաւինութեամբ վերադառնա վերականգնելու Արցախը, իր աշխատանքով վերստին շէնացնելու այն եւ նոր փառաւոր էջեր արձանագրելու Արցախի պատմութեան մէջ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց՝ հայ ժողովուրդը չգիտի վհատուել, դժուարութիւնների առջեւ ծնկել․ դա մեր քրիստոնէական հաւատքից, առ մեր Տէրն ունեցած վստահութիւնից է բխում, եւ Տէրը պիտի իր օրհնութիւնը հովանի դարձնի Հայաստանի եւ Արցախի վրայ, որպէսզի դուրս գանք ստեղծուած այս ծանր ու դժուարին իրավիճակից։

Նորին Սրբութիւնը շեշտեց, որ իբրեւ ժողովուրդ Աստծուց շնորհ ունենք ցաւն ու տառապանքը ուժի վերածելու եւ այդ ուժով արարելու, վերաշինելու մեր կեանքը, արթուն պահելու մեր մէջ հայրենիքի շէնութեան ու զօրացման, մեր սերունդների ապագայի կերտման, մեր ժողովրդի յարատեւութեան հետ առնչուած տեսիլքները։

Վեհափառ Հայրապետը պատգամեց արցախցիներին ամուր պահել իրենց ոգին, զօրաւոր՝ հաւատքը՝ հաւաստիացնելով, որ Հայոց Եկեղեցին եւ աշխարհասփիւռ մեր ժողովուրդը կարելի բոլոր միջոցներով ու հնարաւորութիւններով զօրավիգ ու օգնական է լինելու նրանց առկայ մարտահրաւէրների յաղթահարման եւ Արցախի կեանքի վերաշինութեան գործում։ «Մենք հաւատում ենք, որ պիտի կարողանանք մեր երազների հայրենիքը կերտել մեր քաջարի զաւակների հաւատքով ու աննկուն ոգով։ Այս ցաւի, տրտմութեան ապրումները մենք վերածելու ենք ձեռքբերումների ու յաղթանակի ապրումների», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Հայոց Հովուապետը արցախցի ընտանիքների հետ զրուցեց նրանց սպասումներից եւ յետագայ ծրագրերից։