Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդհատելով հայրապետական այցը Իտալիայի Հանրապետութիւն եւ վերադառնալով հայրենիք, սեպտեմբերի 28-ի առաւօտեան հանդիպում ունեցաւ հրաւիրեալ եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների հետ։
Հանդիպումը սկսուեց միասնական աղօթքով եւ Հայոց Հայրապետի «Պահպանիչ» աղօթքով։
Նորին Սրբութեանը նախ զեկոյցներ ներկայացուեցին Արցախում տիրող իրավիճակի եւ արցախայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով ծաւալուող ռազմական գործողութիւնների մասին։
Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկութիւններ փոխանցեց Վատիկանում սեպտեմբերի 27-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ կայացած հանդիպման վերաբերեալ, անդրադարձաւ նոյն օրը Հայաստանի եւ Արցախի ղեկավարների հետ ունեցած հեռախօսազրոյցներին։
Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց Քոյր Եկեղեցիների հովուապետերին, կրօնապետերին եւ մի շարք երկրների ղեկավարներին, ինչպէս նաեւ միջազգային եւ միջեկեղեցական կազմակերպութիւնների պատասխանատուներին ղարաբաղեան հակամարտութեան՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողութիւնների վերաբերեալ գրութիւններ առաքելու մասին։
Հանդիպման ընթացքում քննարկուեցին Մայր Աթոռի կառոյցների եւ թեմերի կողմից առկայ կացութեան առնչութեամբ ձեռնարկուելիք քայլերը՝ ի զօրակցութիւն Արցախի եւ հայոց բանակի։
Թեմակալ առաջնորդներին կփոխանցուի Նորին Սրբութեան թելադրութիւնը՝ մասնաւոր հովուական խնամք եւ հոգատարութիւն ցուցաբերել մարտի դաշտում քաջաբար զոհուած զինուորների սգացեալ ընտանիքներին, եկեղեցականների այցելութիւններ կազմակերպել հիւանդանոցներ՝ տեսակցելու վիրաւոր զինուորներին եւ նրանց ընտանիքներին։ Կարեւոր նկատուեց թեմերում հոգեւոր հովիւների քաջալերութիւնը եւ զօրակցութիւնը զինուորագրուող եւ Արցախ մեկնող կամաւորական խմբերին։ Շրջաբերական կառաքուի նաեւ սփիւռքի թեմակալ առաջնորդներին՝ հայրենիքին ըստ ամենայնի զօրակցելու ցուցումներով։
Որոշուեց սեպտեմբերի 29-ին՝ ժամը 17։00-ին, Սուրբ Գայանէ վանքում կատարել Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի՝ Հայաստան եւ Արցախ աշխարհի խաղաղութեան եւ անսասանութեան համար։
Ձեռնարկուելիք մնացեալ քայլերի մասին կծանուցուի առաջիկայում։