image

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ղպտի ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդ Թավադրոս Երկրորդի հետ

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ղպտի ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդ  Թավադրոս Երկրորդի  հետ

Եգիպտոսում պաշտոնական այցով գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 13-ին հանդիպեց Ղպտի ուղղափառ եկեղեցու  առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի հետ:              

Անդրադառնալով կրոնահամայնքային համագործակցությանը՝ նախարար Մնացականյանը կարևորեց հայերի և ղպտիների դարավոր կապերի շարունակական ամրապնդումը՝ խարսխված հոգևոր արժեքների և ավանդական բարեկամության վրա: 

ԱԳ նախարարն ու ղպտիական եկեղեցու առաջնորդը քննարկեցին կրոնական փոքրամասնությունների հիմնախնդիրներին առնչվող մի շարք հարցեր՝ առանձնահատուկ կարևորելով  կրոնական հանդուրժողականությունն ու խաղաղ գոյակցությունը։ 

Այս համատեքստում զրուցակիցները ցավով արձանագրեցին կրոնական խմբերի թիրախավորումն ահաբեկչական և ծայրահեղական խմբերի կողմից՝ ընդգծելով կրոնական խմբերի պաշտպանության անհրաժեշտությունը, այդ թվում՝ նրանց իրավունքների երաշխավորման, հոգևոր և պատմական ժառանգության պահպանման միջոցով: Այս համատեքստում նախարարը նշեց. «Հայաստանը միջազգային տարբեր ձևաչափերի և հարթակների միջոցով աշխատում է ազգային և կրոնական խոցելի փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, կրոնների բազմազանության ապահովման ուղղությամբ՝ ի նպաստ վերջիններիս ներուժի հզորացման ու ամրապնդման»:

Նախարարը բարձր գնահատեց Եգիպտոսի իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ, որը բացառիկ ներդրում է ունեցել եգիպտական պետության կայացման և զարգացման գործում: 

Թավադրոս Երկրորդը կարևորեց երկու քույր՝ Ղպտի ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիների կայուն փոխգործակցությունը: