image

Անընդունելի է «Հայոց Եկեղեցւոյ պատմութիւն» առարկայի դուրս բերումը հանրակրթական դպրոցէն․ Մայր Աթոռ

Անընդունելի է «Հայոց Եկեղեցւոյ պատմութիւն» առարկայի դուրս բերումը հանրակրթական դպրոցէն․ Մայր Աթոռ

Հրապարակուեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչների նախագծի եւ «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի վերաբերեալ

 

Օգոստոսի 5-ին տեղի ունեցաւ մամլոյ ասուլիս, որի ընթացքում Հայաստանի Հանրապետութեան եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու յարաբերութիւններին առնչուող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ Տ․ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը եւ Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Տ․ Զաքարիա ծայրագոյն վարդապետ Բաղումեանը ներկայացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշումը հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչների նախագծի եւ «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի վերաբերեալ։

Ստորեւ ներկայացւում են երկու փաստաթղթերը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՈՒՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՄԲԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹԵԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

Հայաստանի Հանրապետութեան եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու յարաբերութիւններին առնչուող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը (այսուհետ` Ենթախումբ) սոյն թուականի յուլիսի 10-ին ԿԳՄՍ նախարարութեանը փոխանցեց Հանրակրթութեան պետական չափորոշիչի նախագծի վերաբերեալ իր դիրքորոշումը: Սոյն դիրքորոշման շրջանակներում  Ենթախումբն իր մտահոգութիւններն արտայայտեց ընթացող գործընթացի առնչութեամբ, արձանագրեց, որ, հակառակ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների, հրաւիրուած չի եղել չափորոշիչների մշակման աշխատանքներին, եւ նոյն ժամանակ յորդորեց` հիմնովին վերատեսութեան ենթարկել նախագիծը:

Ըստ էութեան՝ անտեսելով ինչպէս Ենթախմբի, այնպէս եւ հանրութեան տարբեր, այդ թւում եւ մասնագիտական շրջանակների կողմից այդ փաստաթղթի վերաբերեալ արտայայտուած մտահոգութիւնները` կրթութեան պետական լիազօր մարմինը, առկայ էական տարաձայնութիւնները չփարատած, անհասկանալի շտապողականութեամբ այս անգամ հրապարակել է հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչների նախագծերը:

Ենթախումբը,  շարունակելով չափորոշիչների շուրջ քննարկումներն ու խորհրդակցութիւնները կրթութեան եւ գիտութեան հեղինակաւոր մասնագէտների ու փորձագէտների հետ, գործընթացի վերաբերեալ արձանագրում է`

Հանրակրթութեան պետական չափորոշիչի խնդրահարոյց նախագծի հիման վրայ մշակուած հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչները չեն կարող նպաստել Հայաստանի Հանրապետութեան դպրոցներում ազգային ուսուցման եւ դաստիարակութեան ապահովմանը:

Առարկայական չափորոշիչներում նուազեցուած են հայագիտական առարկաների դասաժամերը, թոյլ են տրուած բովանդակային աղճատումներ, սխալներ եւ պատմական-ժամանակագրական վրիպումներ, որոնց վերաբերեալ արդէն իսկ բերուել են բազմաթիւ վկայակոչումներ: Չնայած բազմաթիւ հաւաստիացումների ու պնդումների` տարրալուծման ճանապարհով կրթական ծրագրից զեղչուել է նաեւ «Հայոց Եկեղեցու պատմութիւն»  առարկայի ծրագրի գերակշիռ հատուածը:

Հայաստանի Հանրապետութեան կրթութեան ոլորտում որդեգրուող պետական քաղաքականութեան շրջանակներում հայագիտական առարկաների նկատմամբ ոչ առաջնային կարեւորութեան ընդգծումը չի կարող բացասական ներգործութիւն չունենալ նաեւ սփիւռքահայութեան կեանքում: Հայրենիքում գործարկուող ազգային կրթութեան գաղափարաբանութեամբ են սնւում եւ կենսագործւում Սփիւռքում  իրականացուող հայապահպանական նախաձեռնութիւններն ու ծրագրերը: 

Մասնագիտական նեղ շրջանակների մասնակցութեամբ, առանց գործունէութեան թափանցիկութեան ապահովման, չափորոշիչների մշակման գործընթացը հանրութեան լայն շրջանակներում արդարացի մտահոգութիւնների տեղիք է տալիս, ինչը չի կարող անարձագանք մնալ՝ ելնելով կրթական բարեփոխումների արդիւնաւէտութիւնից։

Ելակէտ ունենալով վերը նշուած արձանագրումները եւ հաշուի առնելով գործընթացի վերաբերեալ արտայայտուած մտահոգութիւնները՝ կրթութեան պետական լիազօր մարմնին յորդորում ենք կասեցնել հրապարակուած առարկայական չափորոշիչների նախագծերի քննարկումները եւ ձեռնամուխ լինել Հանրակրթութեան պետական չափորոշիչների արմատական վերափոխման աշխատանքներին` հանրութեան առաւել լայն` առաջին հերթին մասնագիտական ընդարձակ շրջանակների ներգրաւմամբ:

 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՈՒՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՈՒՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՄԲԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբը հանգամանօրէն ուսումնասիրել է առարկայական չափորոշիչների նախագծերը, հրապարակային ելոյթներում դրանց մասին պետական կրթական լիազօր մարմնի կողմից տրուած բացատրութիւնները:

Սոյնով արձանագրում ենք, որ իրականութեանը չեն համապատասխանում «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի նիւթն ամբողջութեամբ այլ առարկաների մէջ ներմուծուած լինելու ԿԳՄՍ նախարարութեան պնդումներն ու վստահեցումները։

Անընդունելի է «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի՝ որպէս առանձին բաղադրիչի դուրս բերումը հանրակրթական դպրոցից: Վերջինիս հետեւանքով խախտւում է «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկան դպրոցում որպէս առանձին բաղադրիչ դասաւանդելու վերաբերեալ ՀՀ օրէնսդրութիւնը, անտեսւում են Հայաստանում ճնշող մեծամասնութիւն կազմող Հայոց Եկեղեցու հաւատացեալների իրաւունքները, մատաղ սերունդը զրկւում է համակարգուած եւ նպատակային ձեւով 2000-ամեայ իր Ազգային Եկեղեցու պատմութեանը, տօներին, ծէսերին, հոգեւոր-բարեպաշտական սովորութիւններին հաղորդ դառնալու եւ քրիստոնէական արժեհամակարգով կրթուելու եւ դաստիարակուելու հնարաւորութիւնից։

Հանրակրթութեան պետական առարկայական նոր չափորոշիչներում ընդգրկուած է «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի ներկայ ծաւալի առաւելագոյն 30%-ը․ տարրալուծման հետեւանքով չափորոշիչներից դուրս է մնացել 5-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների դասագրքերի ամբողջ նիւթը: 7-9 դասարանների թեմաները միացուել են «Հայոց պատմութիւն» առարկային՝ ընդհանրական խորագրերով եւ երբեմն տարակարծութեան տեղիք տուող ձեւակերպումներով։ 6-րդ դասարանի դասագրքի ամբողջ ծաւալից միայն մի քանի տօներ են ներմուծուել «Ես եւ իմ հայրենիքը» առարկայի 5-րդ դասարանի չափորոշիչում՝ այն էլ ոչ ամբողջութեամբ, խիստ սահմանափակ ժամաքանակով եւ սխալ անուանումներով։ Նոր չափորոշիչներից, ի շարս մի քանի կարեւոր տօների, դուրս են մնացել նաեւ դարերի ընթացքում մեր ազգային ինքնութեան, ոգու ու նկարագրի հետ սերտօրէն աղերսուած, պետական տօնակարգի մաս կազմող Սուրբ Էջմիածնի, Սրբոց Թարգմանչաց եւ Սրբոց Վարդանանց տօները։

Արձանագրելով «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի 15-ամեայ դասաւանդութեան ընթացքում դրական փորձառութիւնը եւ աշակերտների հոգեկերտուածքի վրայ բարերար ներգործութիւնը՝ ընդսմին ենթախումբը  միանգամայն ողջամիտ ու բնական է համարում իւրաքանչիւր նախաձեռնութիւն՝ ուղղուած ինչպէս «Հայոց Եկեղեցու պատմութիւն», այնպէս եւ այլ առարկաների բովանդակային բարեփոխմանը:

Այսու, ենթախմբի սպասումն է կրթութեան  պետական լիազօր մարմնից՝ յարգել  նախորդիւ կատարուած հաւաստիացումներն առարկայի՝ որպէս առանձին բաղադրիչի դասաւանդման առնչութեամբ, հաշուի առնել այս ուղղութեամբ մասնագիտական տարբեր շրջանակների կողմից արտայայտած դիրքորոշումները եւ վերանայել «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի նիւթը տարբեր առարկաներում տարրալուծելու մօտեցումը։

 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՈՒՄԲ