image

Եպիսկոպոսաց հաւաքը զօրակցութիւն է յայտնում Հայոց բանակին

Եպիսկոպոսաց հաւաքը զօրակցութիւն է յայտնում Հայոց բանակին

Յուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, տեղի ունեցաւ եպիսկոպոսների հաւաք։

Ժողովին թեմակալ առաջնորդներն ու Մայր Աթոռում պաշտօնավարող եպիսկոպոսները անդրադարձան յուլիսի 12-ից սկսեալ ադրբեջանական զինուած ուժերի կողմից ՀՀ Տաւուշի մարզի ուղղութեամբ արձանագրուած հրադադարի խախտումներին եւ ներթափանցման փորձերին։

«Մտահոգութեամբ տեղեկացանք Ադրբեջանի կողմից Հայաստանի հիւսիսային սահմանների նկատմամբ կատարուած հերթական ոտնձգութեան մասին, որի հետեւանքով կան տուժած հայ զինծառայողներ։  Անըմբռնելի է Ադրբեջանի ղեկավարութեան ռազմատենչ կեցուածքը համընդհանուր այս համաւարակի պայմաններում։

Դատապարտում ենք հակառակորդի կողմից մեր երկրի նկատմամբ դրսեւորուած ագրեսիան եւ հրաւիրում միջազգային հանրութեանը առարկայական ու համարժէք գնահատականներով կանխելու ռազմական գործողութիւնների հնարաւոր ծաւալումները եւ դրանց յետագայ կրկնութիւնը։

Աղօթելով ադրբեջանական կողմի սադրիչ գործողութիւնների հետեւանքով տուժած մեր զաւակների շուտափոյթ ապաքինման համար՝ մեր զօրակցութիւնն ենք բերում ՀՀ իշխանութիւններին, Հայոց յաղթական բանակի մեր զինուորներին եւ սահմանամերձ բնակավայրերի մեր քաջարի զաւակներին՝ մաղթելով ամրութիւն ու արիութեան ոգի դիմագրաւելու համար հակառակորդի յարձակումներն ու նկրտումները։

Աղօթում ենք, որ խաղաղութիւնն անվրդով մնա մեր տարածաշրջանում եւ մեր ժողովուրդը շարունակի բնականոն կեանքի իր ընթացքը», - ասուած է ուղերձում։

Ժողովականները նաեւ քննութեան առան համաւարակի պայմաններում Մայր Աթոռի եւ թեմերի կողմից ձեռնարկուած քայլերը եւ կարիքաւոր ընտանիքներին ի նպաստ իրականացուող աջակցութեան ծրագրերը։

Այս առնչութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւոր նկատեց նաեւ, որ հոգեւոր հովիւների կողմից լուսաբանական աշխատանքներ իրականացուեն՝ զօրավիգ լինելու պատկան կառոյցներին համաւարակի կանխարգելման գործողութիւններում՝ յորդոր ուղղելով ժողովրդին խստօրէն հետեւելու պարէտատան կողմից սահմանուած առողջապահական կանոններին եւ դրսեւորելու հանրային բարձր գիտակցութիւն։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարուեց նաեւ ՀՀ Հանրակրթութեան պետական չափորոշչի նախագծին եւ դրա վերաբերեալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշմանը, որի շրջանակներում պետական պատկան մարմիններին յորդոր է ուղղուել հիմնորուին վերատեսութեան ենթարկել փաստաթուղթը՝ նկատի առնելով վերջինիս մէջ տեղ գտած հայեցակարգային էական բացթողումները։ Խորհրդակցութեան ընթացքում որոշում կայացուեց հետեւել այս ուղղութեամբ ընթացող զարգացումներին եւ նկատի առնել սոյն հարցը յետագայ հանդիպումների քննարկումներում։