Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյան
Սիրելի հայրենակիցներ,
Գրում եմ Ձեզ Քյոլնից, Գերմանիայի մեծագույն քաղաքներից մեկից, ուր գտնվում է նաեւ Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմի կենտրոնը՝ Առաջնորդարանը։ Այս քաղաքում եւ իր շրջակա բնակավայրերում ըստ մոտավոր տվյալների ապրում են շուրջ 6-8 հազար հայեր։ Մեզ տվյալներ չեն հասել, թե արդյո՞ք որեւէ վարակակիր հայ ունենք կամ ոչ։ Հուսամ իսկապես չունենք։
Քյոլնը գտնվում է Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա երկրամասում։ Սա Գերմանիայի այն երկրամասն է, որտեղ արձանագրվել են թագաժահրի ամենաշատ վարակակիրները, իսկ երկրամասում էլ՝ ամենաշատը Քյոլն քաղաքում։ Հետեւաբար իրավիճակը այստեղ էլ շատ լուրջ է։ Կան դժբախտաբար նաեւ թագավարակի պատճառով ավելի քան 120 մահացածներ Գերմանիայում։
Բարեբախտաբար Հայաստանում (դեռ) մահեր չկան։ Հուսանք նաեւ չլինեն։ Եւ պայման չէ, որ բանը հասնի այդպիսի տխուր ու ցավալի վերջաբանի, որ մենք զգանք պահի լրջությունը եւ այս ժահրի սարսափելի վտանգավորությունը։ Սա այն պահն է, որ թագավարակը մեծ ու փոքր չի հարցնում, հարուստ ու աղքատ չի տեսնում, հայտնի ու անհայտ չի տարբերակում։ Գերմանացի շատ քաղաքական ու պետական գործիչներ կա՛մ վարակակիր են, կա՛մ կասկածվում են վարակ ունենալու հավանականության մեջ։ Անգամ Գերմանիայի վարչապետ տիկին Մերկելը կասկածվում էր վարակակիր լինելու մեջ եւ այս պահին գտնվում է ինքնամեկուսացման մեջ։
Գերմանացիները ընդհանրապես հայտնի են որպես կարգապահ եւ օրինապահ ժողովուրդ։ Կարող եմ փաստել, որ դա այդպես է։ Թեեւ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «Գյուղ չկա, որ շուն չլինի»։ Բայց ջախջախիչ մեծամասնությունը ըմբռնումով ու համբերատարությամբ է վերաբերում պետական համապատասխան մարմինների սահմանած սահմանափակումներին։ Իսկ այստեղ, պետք է ասեմ, որ այդ սահմանափակումները շատ ավելի խիստ են, քան Հայաստանում։
Մարդիկ փողոց են դուրս գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում, եւ այն էլ՝ առավելագույնը միայն երկու հոգով։ Արգելված են երկու անձից ավելի կուտակումները։ Միայն նույն ընտանիքի անդամները կարող են երկուսից ավելի միասին լինել իրենց հարկի ներքո։ Օր-օրի ավելի խիստ միջոցների են ձեռնարկում։ Գրեթե ամբողջությամբ լռել են դիմություն-ընդդիմություն քարկոծումներն ու քննադատությունները։ Գրեթե բոլորը ցուցաբերում են գնահատելի համերաշխություն եւ պետական մտածողութիւն։ Հիմա դա՛ է կարեւորը։ Բոլորն էլ ուզում են, որ ժամ առաջ կարելի լինի կանգնեցնել վարակի ահագնացող տարածումը՝ խուսափելու համար հետագա շատ աւելի մեծ դժվարություններից ու վտանգավոր ու անկառավարելի զարգացումներից։
Ասածս ի՞նչ է, սիրելի ժողովուրդ, պահը լուրջ է, վտանգավոր է։ Հայաստանը Գերմանիայի նման մեծ ու հզոր հնարավորություններ ունեցող երկիր չէ։ Փոքր է մեր երկիրը, միջոցները սուղ են։ Չեմ ուզում վախեցնել, բայց նայեցեք, թե ի՞նչ է կատարվում Իտալիայում կամ Իսպանիայում։ Աստված չանի, Հայաստանը նման իրավիճակի մոտենա կամ նման իրավիճակում հայտնվի։ Դա կլինի բոլորիս ցավն ու ձախողությունը, մենք մեզ չենք ների։ Մի՛ կարծեք, թե միայն իշխանությունն է պարտավոր ապահովելու ամեն ինչ եւ ինքը միայն մեղավոր կլինի, եթե նման տխուր փաստի առաջ կանգնենք։ Այո՛, իշխանությունը շատ մեծ պարտավորություններ ունի։ Սա բնական է, բայց եկե՛ք չմոռանանք նաեւ ամեն մեկիս անձնական պատասխանատվությունն ու պարտավորությունը։
Աղոթում եմ բոլորիս համար։ Խաղաղություն, բժշկություն եւ առողջություն ամենեցուն։ Աստված պահապան։
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ