image

Հալեպի զինվորական հոսպիտալի պետ Ֆայեզ ալ-Այուբին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների ջանքերը

Հալեպի զինվորական հոսպիտալի պետ  Ֆայեզ ալ-Այուբին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների ջանքերը

Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության և Սիրիայի Օգնության Խաչի հետ համագործակցությամբ մարտի 20-ին ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի Հայկական ծերանոցին, Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնին և մի շարք այլ բժշկական հաստատությունների է փոխանցել բժշկական պարագաներ։ Այս մասին տեղեկանում ենք Հումանիտար ականազերծման փորձագիտական կենտրոնից: 

Սիրիայի Օգնության Խաչի վարչության անդամները և Դարմանատան ընկերաբժշկական կենտրոնի ղեկավարությունը երախտագիտություն են հայտնել հայ բժիշկներին՝ թե՛ տրամադրված բժշկական պարագաների, թե՛ Հայկական ծերանոցում, Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք այլ բժշկական հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար։
Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, նվիրական աշխատանքը, մասնագիտական բարձր հատկանիշները, ոչ միայն պատերազմի հետևանքով տուժածներին բուժօգնության ցուցաբերումը, այլև համատեղ ուժերով ցանկացած տեսակի վտանգի դեմ պայքարելու պատրաստակամությունը։
- Մեր հայ գործընկերները հավատարիմ են մարդասիրության վեհ սկզբունքներին և ամեն օր պրոֆեսիոնալ մոտեցմամբ օգնություն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչությանը։ Սիրիայի ժողովուրդը գնահատում է, որ հայերն այս դժվար իրավիճակում մեր կողքին են,- նշել է գեներալը։
Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ մարդասիրական խմբին, Հալեպում ՀՀ հյուպատոսությանը և իշխանություններին՝  մշտական աջակցության համար։