image

Հայրենադարձ սիրիահայի հաջողության պատմությունը՝ Հայաստանում

Հայրենադարձ սիրիահայի հաջողության պատմությունը՝ Հայաստանում

«Միայն մայրս գիտեր, թե իրականում ինչով եմ ուզում զբաղվել: Երբ մի անգամ ասացի, որ շատ եմ ուզում վարսահարդարում սովորել, խնդրեց, որ մոռանամ և այլևս ոչ մի անգամ ու ոչ մի տեղ չբարձրաձայնեմ այդ մասին. վարսավիրությունը Հալեպի հասարակությունում անհարկի գործ և մասնագիտություն էր համարվում: Դիմահարդարմամբ, վարսահարդարմամբ զբաղվող տղամա՞րդ: Մեր հասարակությունում՝ կտրականապես ո՛չ:Ես ընդամենը 17 տարեկան էի, դպրոցն էի ավարտում: Այդ  տարիքում պետք է չափազանց ինքնուրույն լինես, որ թողնես ամեն բան, հեռանաս ընտանիքից և սկսես զբաղվել նրանով, ինչով դու ինքդ ես  ուզում: Դպրոցում գերազանց արդյունքներ ունեի, ինչը թույլ էր տալիս ցանկացած բարձրագույն հաստատությունում շարունակել ուսումս: Հորս օգնելու և ընտանեկան գործը շարունակելու համար ընտրեցի ինժեների մասնագիտությունը: Գերազանցությամբ սովորել և ավարտել եմ Հալեպի պետական համալսարանը: Շատ սիրեցի ինժեներիան, բայց իմ երազած գործով զբաղվելու կիրքը չէր մարել: Հաճախ, երբ մայրս գնում էր որևէ սրահ, և հետ վերադառնում ինչ-որ տարօրինակ սանրվածքով, սկսում էի իմ պատկերացմամբ ձևափոխել:


Համալսարանն ավարտելուց հետո երեք տարի աշխատեցի հորս գործարանում: Ինժեների մասնագիտությունը շատ եմ սիրել և սիրում, այն ևս ստեղծագործելու հնարավորություն էր տալիս: 


Հետո սկսվեց պատերազմ՝ շատ բարդ շրջան հատկապես Սիրիայի համար: Պայմանների բացակայության պատճառով բազմաթիվ գործարաններ, այդ թվում և մերը,  փակվեցին:


2015 թվականին կնոջս հետ վերադարձա հայրենիք: Հայաստան վերադառնալուց հետո որպես ինժեներ աշխատեցի ընդամենը մեկ ամիս: Հենց այդ մեկ ամսվա ընթացքում արդեն հասունացել էր վարսահարդար դառնալու որոշումս: Իմ վաղեմի երազանքի մասին անգամ կինս չգիտեր: Վախենում էի ասել, չգիտեի՝ ինչպես կարձագանքի: Ի զարմանս ինձ առաջին և ամենամեծ ոգևորումը հենց նրանից ստացա. հորդորեց անմիջապես սկսել սովորելը:


Նոր էինք վերադարձել Հայաստան, ոչ մի նման վայր չգիտեի, պատկերացում անգամ չունեի, թե որտեղ կարելի է դիմել: Համացանցում փնտրեցի և գտա վարսահարդարման ակադեմիա:  Ուսուցիչս  պետք է հանգստի մեկներ, իսկ ես 15 օր շարունակ անգործ մնալ չէի կարող: Մտքերով քայլում էի, ճանապարհիս Schwarzkopf-ի գրասենյակն էր. աշխատանք գտնելու ակնկալիքով ներս մտա: Հասկանալու համար իմ փորձն ու կարողությունները առաջադրանք տվեցին, արդյունքում տպավորվեցին և զարմացան, երբ իմացան, որ փորձ չունեմ: Անգամ խորհուրդ տվեցին ոչ ոքի չասել, որ նոր եմ սովորում, որովհետև հմտություններս ու կարողություններս թույլ են տալիս վստահորեն աշխատել ցանկացած գեղեցկության սրահում: Հենց իրենք էլ ուղղորդեցին «Իմիջ կոդ»:


Անգնահատելի ձեռքբերում էր միանգամից վստահության արժանանալը. քաղաքի լավագույն գեղեցկության սրահներից մեկն է, իսկ ես՝ սկսնակ վարսահարդար, ով 27 տարեկանում որոշել է միանգամայն նոր մասնագիտություն ձեռք բերել: Առաջին աշխատանքային օրս բավականին հագեցած էր, տնօրինությունն ու կոլեգաներս՝ տպավորված. ոգևորիչ էր: Այստեղ անցկացրած բուռն ու հագեցած 4 տարիների աշխատանքի շնորհիվ հասել եմ այն ամենին, ինչ հիմա ունեմ:


Մասնագիտության մասին երազել եմ, բայց  beauty lounge ունենալու մասին չեմ էլ մտածել: Բոլորն ասում էին, որ սեփական գործ հիմնելու ժամանակն է: Կոլեգաներս շատ էին ոգևորում, ասում էին, որ կողքիս են, ընտանիքս ևս արդեն «իմ կողմից էր»: Ծնողներս եկան Հայաստան, և տեսան, որ այստեղ ամեն բան այլ է, և հիմա հայրս հպարտանում է, որ կարողացել եմ ինքնուրույն հասնել այս ամենին: Պարզապես ուզում էի հաճելի միջավայր ստեղծել ու ստեղծագործել։


Իսկ բոլոր նրանք, ովքեր այցելում են Kilejian's, «լիցքավորում են» իրենց գեղեցկությունը և բարձր տրամադրությամբ շարունակում օրը:


Նպատակը` կանանց անհատականությունն ընդգծելն է, նրանց հոգատարությամբ ու գեղեցիկով շրջապատելը»,- style.news.am-ին իր հաջողության պատմությունն է պատմել Kilejian's Beauty Lounge-ի հիմնադիր,  Արթուր-Հարութ Քիլեջյանը: