image

Աքթաշ Էրդողանը դուդուկ կնվագի՝ ի հիշատակ Հրանտ Դինքի

Աքթաշ Էրդողանը դուդուկ կնվագի՝ ի հիշատակ Հրանտ Դինքի

Ամեն տարի Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները` ի դեմս Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON), Հայ ուսանողական «Գլաձոր» միության, Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի և այլ կազմակերպությունների, նշում են Հրանտ Դինքի հիշատակը` արժեւորելով նրա կատարած աշխատանքը Թուրքիայում:
Դինքի սպանությունից հետո  2007 թվականին Նիդերլանդներում նույնպես մեծ հանրահավաք է տեղի ունեցել,  որին, հայերից բացի,  մասնակցել են հարյուրավոր թուրքեր, քրդեր, ասորիներ: Հանրահավաքում իրենց հարգանքի խոսքն  են ասել հոլանդական խորհրդարանի  պատգամավորներ։

Այս տարի նույնպես Նիդերլանդներում կհարգեն Հրանտ Դինքի հիշատակը:  Հունվարի 18-ին, ժամը  19.15-ին, Դինքի սպանության 13-րդ տարելիցի կապակցությամբ  հիշատակի ու հարգանքի տուրք կմատուցվի Հետազոտության և կրթության միջազգային  IIRE ինստիտուտում (Հասցե` Lombokstraat 40 – 1094 AL Amsterdam):  Միջոցառման ընթացքում  կլսվի հայկական դուդուկ` տարբեր գործիքների տիրապետող  կոմպոզիտոր Աքթաշ Էրդողանի կատարմամբ։  Գրող, հրապարակախոս Բարբարոս Ալթուղը կանդրադառնա ժամանակակից Թուրքիայի իրավիճակին: Նա կխոսի լրագրող Հրանտ Դինքի սպանությունը լիարժեք չբացահայտելու պատճառների, այլ փոքրամասությունների և այլախոհների հանդեպ թուրք պետության ագրեսիվ և ատելությամբ լի վերաբերմունքի մասին։  Երեկոն վարելու է IIER ինստիտուտի աշխատակից Մարալ Ջեֆրուդին։