image
Հրատապ լուրեր:

Երեւանում կանցկացվի «Արևմտահայ գրողներ» խորագրով մեկամսյակ

Երեւանում կանցկացվի  «Արևմտահայ գրողներ» խորագրով մեկամսյակ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կանցկացնի «Արևմտահայ գրողներ» խորագրով մեկամսյակ՝ նվիրված արևմտահայ գրողներ Երվանդ Օտյանի 150, Լևոն Շանթի 150, Դանիել Վարուժանի 135, Զահրատի 95-ամյա հոբելյաններին, այդ մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի, կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունից: 
Հոբելյանական միջոցառումների շրջանակում «Արևմտահայ գրողներ» խորագրի ներքո կբացվի Երվանդ Օտյանի, Լևոն Շանթի, Դանիել Վարուժանի, Զահրատի գրական ժառանգությունը ներկայացնող ցուցահանդես:
Պոեզիայի ժամ. «Ցեղին սիրտը» խորագրով արևմտահայ գրողների բանաստեղծությունների ընթերցումներով հանդես կգան գրադարանի ակտիվ ընթերցողները, Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանի, Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողները:
«Արևմտահայ գրականություն» խորագրի ներքո գրականագետ Ս. Սրապիոնյանը կանցկացնի բաց դաս-դասախոսություն: Նախատեսվում է նաև «Երվանդ Օտյան-150, Լևոն Շանթ-150, Դանիել Վարուժան-135, Զահրատ-95» զրույց-տեսություների շարք:
Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» ստեղծագործությունը կանցկացվի ընթերցանություն-քննարկում ձևաչափով. կմասնակցեն գրադարանի բարձր տարիքի ընթերցողները:
Ծրագրի շրջանակում տեղի կունենա նաև «Գրիգոր Զոհրապի նովելները», Վահան Թոթովենցի՝ «Կյանքը հին հռովմեական ճանապարհին» ստեղծագործությունների քննարկումը, որին կմասնակցեն թիվ 19 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները:
Հաջորդիվ կներկայացվեն նաև Սիպիլի, Զապել Եսայանի, Տյուսաբի, Հերանուշ Արշակյանի ստեղծագործությունները՝ «Արևմտահայ կին գրողներ» խորագրի ներքո:
«Արևմտահայ պոեզիա. խոսող գրքերը» խորագրի ներքո կներկայացվնեն՝ Մատթեոս Զարիֆյանի, Վահան Թեքեյանի, Միսաք Մեծարենցի, Դանիել Վարուժանի և արևմտահայ այլ գրողների ստեղծագործությունները: