image

Հարցազրույց 1989 թվականին Մոսկվայում առևանգված հայ միլիոնատեր մտավորական Կարիկ Պասմաճյանի հետ

Հարցազրույց 1989 թվականին Մոսկվայում առևանգված հայ միլիոնատեր մտավորական Կարիկ Պասմաճյանի հետ

1989թ-ին Մոսկվայում հանելուկային պայմաններում անհետացավ հայ մտավորական, գրող, միլիոնատեր Կարիկ (Կարապետ) Պասմաճյանը: Նա Մոսկվա էր գնացել  ԽՍՀՄ Մշակույթի նախարարության հրավերով` իր հետ տանելով  ավելի քան 100 մլն դոլար արժողությամբ կտավների հավաքածու: Գործնական բանակցությունների ժամանակ, Պասմաճյանը, ստանալով հեռախոսազանգ և դուրս գալով «Ռոսիա» հյուրանոցի իր սենյակից, այլևս չի վերադարձել: Հայ մտավորականի մասին առ այսօր ոչ մի տեղեկություն չկա: Տարիներ առաջ ռուսական մամուլը նյութեր էր հրապարակում նրա դաժան սպանության և մարմինը թանգարաններից մեկի կաթսայատանն այրելու մասին...

Պասմաճյանը ծնվել է Երուսաղեմում 1947-ին, մեծացել է Իսրայելում, իսկ 1966-ին տեղափոխվել  Հայաստան՝ ուսման նպատակով:  Երևանում  նա ծանոթացել է Ֆրանսիայի քաղաքացուհի Վառվառայի հետ, ամուսնացել, իսկ   1972-ին նրանք տեղափոխվել են Փարիզ, որտեղ Կարիկը հրատարակել է իր բանաստեղծությունները, գրել հոդվածներ արվեստի մասին, զբաղվել թարգմանություններով և արվեստի գործերի հավաքածու ստեղծելով:  Ռասպայ բուլվարի վրա նա բացել էր Galerie Garig Basmadjan պատկերասրահը: 1988 թ. նրա հավաքածուից որոշ նմուշներ ցուցադրվում էին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և Պետերբուրգի Էրմիտաժում: 

Այս հարցազրույցն արվել է Կարիկ Պասմաճյանի անհետանալուց մեկ տարի առաջ՝ մոսկովյան ցուցահանդեսի առթիվ: 


1988-ի հուլիսի 5-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվեց ֆրանսահայ բանաստեղծ, արվեստաբան, հավաքորդ Կարիկ Պասմաճյանի անձնական հավաքածուի ցուցադրությունը: Օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 25-ը այն կտեղափոխվի Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ)՝ ցուցադրվելու նշանավոր Էրմիտաժում: Պասմաճյանը Մոսկվա է բերել ավելի քան 1400 ցուցանմուշ: Դա նրա հավաքածուի մի մասն է միայն: Խորհրդային Միության սահմաններից դուրս այն դիտվում է հայկական եւ ռուսական արվեստի ամենահարուստ հավաքածուներից մեկը, թեպետ հավաքվել է ոչ երկար ժամանակում՝ ընդամենը տասը տարում:

Գեղանկարչությունը ամենամեծաքանակն է այս ցուցադրանքում: Այստեղ են հայ, ռուս եւ խորհրդային այլ ժողովրդների տարբեր դարաշրջանների նկարիչների՝ Բորովիկովսկու, Սերովի, Կրամսկոյի, Կոնչալովսկու, Պետրով-Վոդկինի, Այվազովսկու, Սարյանի, Քոչարի, Գյուրջյանի, Մինաս Ավետիսյանի, Հակոբ Հակոբյանի եւ շատ ուրիշների ստեղծագործություններ, քանդակներ, գծանկարներ, սրբապատկերներ, փայտե փորագրումներ, կիրառական արվեստի բացառիկ նմուշներ՝ արծաթյա իրեր, զարդատուփեր, գոտիներ, ժանյակներ եւ այլն:

Պասմաճյանի հավաքածուն լավագույնս գաղափար է տալիս, թե հայ եւ ռուսական արվեստի ինչ գլուխգործոցներ են այսօր գտնվում Արեւմուտքում: Եւ մինչ մոսկվացիները եւ խորհրդային երկրորդ մայրաքաղաքի հյուրերը զարմանքով ու հիացումով դիտում են այդ հարուստ հավաքածուն, Կարիկ Պասմաճյանը անսպասելիորեն հայտնվում է Երեւանում:

 

– Ինչու՞- բնականաբար ծնվում է հարցը, քանի որ նրա ներկայությունն այս օրերին ավելի անհրաժեշտ էր այնտեղ՝ պատկերասրահի մարդաշատ դահլիճներում։


– Նախ, որովհետեւ կարոտել էի Երեւանին, եւ հետո ծնողներիս ուղեկցեցի: Առաջին անգամ էին Հայաստան այցելում, ուզում էի անձամբ նրանց ցույց տալ հայրենիքը:


– Առաջին անգա՞մ: Ինչու՞ այսքան ուշ, չէ՞ որ դա կարելի էր վաղուց անել, երբ նրանք ավելի երիտասարդ էին:


– Այո, մեղավոր եմ, պարզապես ուզում էի, որ դա լինի ինչ-որ կարեւոր, նշանակալի առիթով: Ահա եւ ցուցահանդեսը Տրետյակովյան պատկերասրահում:


– Ուրեմն, այս ցուցահանդեսը ամենանշանակալի՞ն ես համարում քո կյանքում:


– Ինչ-որ մեծ, կարեւոր գործ կատարելու իմաստով՝ այո՛: Դա իրադարձություն էր հատկապես ծնողներիս համար: Մոսկվայում անհամար մարդիկ դիտում էին արվեստի այդ գործերը ու զարմանում, թե ինչպե՞ս մի հայ, արտասահմանում ապրող երիտասարդ մի հայ, կարողացել է հավաքել այդ ամենը, եւ այդ հայը իրենց որդին է…


– Իսկապես… հպարտության եւ քնքշանքի զգացումներ այս օրերին շատերն են տածում քո հանդեպ, մանավանդ որ հայտնի է, թե ինչպես ես գնել այդ գործերը, թե ինչպես ես գրեթե ոչնչից ստեղծել այդ հսկայական հավաքածուն՝ ինչպես գիտակներն են ասում՝ լավագույններից մեկը Արեւմուտքում:


– Այո, դու ճիշտ ես՝ գրեթե ոչնչից, առաջին գործերը գնել եմ բանաստեղծական գրքիս ոչ մեծ հոնորարով:


– Իսկ չե՞ս կարոտում արդյոք բանաստեղծելուն:


– Սիրում եմ լսել, վերհիշել…


– Ուրեմն կարոտու՜մ ես… Գուցե վերադա՞րձ լինի


– Չգիտեմ… Չեմ կարծում: Իմ կյանքը կարծես տասնամյակներով է պլանավորված. 20-ից 30-ը նվիրեցի բանաստեղծությանը: 30-ից 40-ը՝ արվեստի գործեր հավաքելուն…


– Ուրեմն ի՞նչ, կարծում ես, թե այս ցուցահանդեսը վերջն է՞… Իսկ ինչո՞վ կցանկանայիր զբաղվել մյուս տասնամյակում:


– Չգիտեմ, դեռ հաստատ չեմ որոշել, թերեւս ազգային գործունեությամբ. թեպետ այս բոլոր տարիների ընթացքում ինչի որ ձեռք զարկեցի, ինչ էլ որ արեցի ուզեցի միշտ պահպանել կապը Հայաստանի հետ, ուզեցի հավատարիմ մնալ արմատներիս:


– Իսկ ինչպե՞ս պատահեց, որ քո հավաքածուում այդքան մեծ տեղ հատկացրեցիր ռուսական արվեստին: Չէ՞ որ ավելի բնականը հայ արվեստն էր:


– Ամենապարզ պատճառով: Որովհետեւ հաճախորդ չունեցա, գնող չունեցա, որքան էլ դա ցավալի է, բայց հայը արտասահմանում այնքան էլ չի սիրում կերպարվեստի գործեր գնել, անշուշտ ես խոսում եմ ավելի լայն առումով: Եւ ստիպված եղա գնել նաեւ ռուսական արվեստի նմուշներ ու ժամանակի ընթացքում այն գերակշռող դարձավ:


– Ցուցադրանքում կա՞ն գործեր, որոնք առավել հետաքրքիր պատմություն ունեն:


– Ինձ համար բոլորն էլ հետաքրքիր են, ամեն մեկի մասին կարելի է էջեր գրել, թե ինչպե՛ս գնեցի, ինչպե՛ս աղքատ օրերիս չուզեցի բաժանվել, չվաճառեցի: Բայց, իհարկե, կան, որ գեղարվեստական կամ պատմական առումով առավել արժեքավոր են: Ինչպես օրինակ 16–18-րդ դարերի ռուսական տարազի բացառիկ հավաքածուն, որը նախկինում պատկանել է ժողովրդական կիրառական արվեստի հայտնի հավաքորդ, Փարիզում բնակվող իշխանուհի Նատալյա Շաբելսկայային: Դրանք ասեղնագործ հագուստներ են, շապիկներ, ժանյակներ, հուլունքաշար գլխազարդեր եւ այլն: Այդ հավաքածուն իշխանուհի Շաբելսկայան առաջին անգամ ցուցադրում է Նիկոլայ 2-րդի ամուսնության առիթով եւ այդ ժամանակ էլ որոշ կտորներ նվիրում է ռուսական թանգարաններին: Սակայն լավագույն մասը նա պահում է: Մահից հետո այն անցնում է նրա ժառանգներին: 1955-ից սկսած Լենինգրադի պետական Էրմիտաժը նամակագրություն է սկսում Շաբելսկայայի ժառանգների հետ՝ հավաքածուն գնելու առաջարկով: Սակայն ինչ-ինչ պատճառներով բանակցությունները հաջողությամբ չեն պսակվում: 1985-ին ինձ հաջողվեց գնել ժողովրդական արվեստի այդ բացառիկ նմուշները, որոնց հեղինակները ոչ միայն ռուսներ են, այլեւ ուկրաինացիներ, բելոռուսներ, կարելացիներ, Պովոլժիեի ժողովուրդներ եւ այլն:

Գեղարվեստկան մեծ արժեք են ներկայացնում Բորովիկովսկու կտավները, եւ ամենից առաջ Դարյա Սեմյոնովնա Յակովլեւայի՝ ծագումով Բարաթովայի դիմանկարը, Սուրիկովի, Կոնչալովսկու, Կրամսկոյի, Լեւիտանի եւ այլոց ստեղծագործությունները: Որպես հայ, հպարտ եմ, որ այցելուներին կարող եմ ցուցադրել նաեւ հայկական գեղանկարչությունը՝ ի դեմս Այվազովսկու, Սարյանի, Քոչարի, Հակոբ Գյուրջյանի, Գառզուի, Ժան Սեմի, Հակոբ Հակոբյանի, Զաքար Զաքարյանի, Մինաս Ավետիսյանի, հայրենի եւ սփյուռքահայ բազմաթիվ այլ դասական ու ժամանակակից նկարիչների:


– Կա՞ն բացահայտումներ:


– Բացահայտու՞մ… թերեւս Սարգիս Տիրանյանը, որը հրաշալի նկարիչ է, սակայն մի տեսակ անհայտ է մնացել: Ապրել եւ ստեղծագործել է Փարիզում: Նրա «Նարինջի զամբյուղով տղան» բացառիկ ստեղծագործություն է եւ մեծ հետաքրքրությամբ է դիտվում: Մոսկովյան ցուցահանդեսում անակնկալ է Խուան Գրիս անունով նկարչի մի ստեղծագործության առկայությունը, գործը կոչվում է «Թուրքական քաջագործություն, չորսը՝ մեկի դեմ»: Այն ստեղծվել է 1915 թվականին եւ պատկերում է, թե ինչպես չորս թուրք հարձակվել են մեկ հայի վրա: Ու թեպետ Խուան Գրիսը ոչ մի կապ չունի ռուսական կամ հայկական արվեստի հետ, ես նպատակահարմար գտա ցուցադրել նաեւ ա՛յդ գործը: Հայտնություն եմ համարում նաեւ ամերիկահայ Ռուբեն Նագյանի (մահացել է անցած տարի) աշխատանքները, ինչպես նաեւ Արշիլ Գորկու գրեթե անհայտ ութ ստեղծագործությունները, որոնք ձեռք են բերվել մեծ դժվարությամբ:


– Ասացիր Արշիլ Գորկի, եւ ես հիշեցի նրա դառը խոստովանությունը. «Արվեստը մի դաժան շահագործող է»: Զգացե՞լ ես այդ դաժանությունը երբեւէ:

– Շա՜տ… Ես արվեստի գործեր հավաքելուն նվիրեցի կյանքիս լավագույն տարիները եւ նվիրեցի ինքնամոռաց, առանց հանգիստ ու սահման ճանաչելու: Ու այդ ընթացքում ճաշակեցի ե՛ւ ձեռքբերումի հաճույքը, ե՛ւ բաժանումի ցավը, կամա թե ակամա ես վաճառում եմ ձեռքբերածիս որոշ մասը…


– Եւ նաեւ նվիրումի երջանկությունը, չէ՞ որ դու Հայաստանի թանգարաններին ես նվիրել տասից ավելի մեծարժեք գործեր, եւ դրանց թվում Սարյանի անզուգական կտավը՝ «Գեղամա լեռները»:


– Այո՜, առհասարակ գլուխգործոցներ երբեք ինձանից չեմ հեռացնում: Եւ միայն մեկից բաժանվեցի՝ «Գեղամա լեռներից», բայց եւ ուրախ եմ դրա համար:
Իհարկե, դեռ էլի՛ պիտի նվիրեմ, եւ ոչ միայն Երեւանի թանգարաններին: Ծրագրել եմ առաջիկայում կերպարվեստի տարբեր ժանրերի 10-12 աշխատանք նվիրել Արցախին: Կուզենայի էլի՛ ինչ-որ կարեւոր, օգտակար բան անել, մտածում եմ ցուցահանդեսի կատալոգի վաճառքից ստացած ողջ գումարը նույնպես փոխանցել Արցախին կամ Սումգայիթի ողբերգությունից տուժածներին:


Հիշեցի տողեր քո վաղ շրջանի բանաստեղծությունից.

Աստանդական որդիդ եմ ես.
Գուցե քո մասին ավելին պիտի ասեմ,
քան հինգերորդ դարի պատմիչներդ…


– Չափազանցություն է, բայց պիտի աշխատեմ ուժերս ներածին չափով: Պիտի աշխատեմ, որ ինչ էլ անելու լինեմ՝ ճանապարհը դեպի Հայաստան բերի, դեպի հայրենիք…


– Եւ էլի քո բանաստեղծություններից մեկը, չէ՞ որ ասացիր, թե սիրում ես լսել, վերհիշել…

Քշիր նժույգդ ավելի արագ
Եւ հավատա, որ ա՜յս
լուսե ճանապարհը միայն
քեզ կտանի Աստծուն…

– Ինձ թվում է, որ քեզ համար այդ ճանապարհը հենց հայրենիք բերող ճանապարհն է:


– Ճիշտ ես, իսկապես որ, ես՝ աստանդական որդիս, չէի էլ կարող պատկերացնել, թե այսպես կպատահի, գնալով ավելի եմ կարոտում Հայաստանին: Կարոտում եմ ուսանողության տարիներս, Զեյթուն թաղամասի հանրակացարանի 79-րդ սենյակը, ուր գրվեցին բանաստեղծություններիցս շատերը, երեւանյան ոչ այնքան հարմարավետ ու բարետես սրճարանները: Այո, կարոտում եմ… որովհետեւ աշխարհի գրեթե բոլոր անկյուններում, բոլոր ծայրերում լինելուց հետո մեկընդմիշտ համոզվեցի՝ ամենալուսավորը, ամենակարեւորը դեպի հայրենիք բերող ճանապարհն է…


 

Հարցազրույցը վարեց՝ Սեյրանուհի Գեղամյանը, «Հայրենիքի ձայն», 4 օգոստոսի, 1988թ.

 


թվայնացրեց՝ Հայկական Սփյուռքի պատմության վիրտուալ թանգարանը