image

Պոլսի պատրիարքի հարցը ոչ միայն Պոլսի համայնքի, այլեւ ողջ հայության հարցն է

Պոլսի պատրիարքի հարցը ոչ միայն Պոլսի համայնքի, այլեւ ողջ հայության հարցն է

Պոլսո պատրիարքության շուրջ չեն դադարում խոսակցությունները: Օրեցօր նոր լուրեր են հասնում Ստամբուլից: Վերջին նորությունը, ինչպես հայտնի է, այն է, որ մարտի 15-ին Պոլսո պատրիարքարանում տեղի ունեցած տեղապահի ընտրությունից հետո պատրիարքության ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը, պարտվելով ընտրություններում, ներկայացրել է Ստամբուլի նահանգապետարանից ստացված պաշտոնական գրություն, որի համաձայն տեղական մարմինները չեն ընդունում ընտրված տեղապահին,  եւ պատրիարքի ընտրության գործընթացը իրավական տեսանկյունից հնարավոր չէ սկսել:

Տեղապահի ընտրության եւ դրա շուրջ ծավալված քննարկումների մասին՝ «Արեւելք»-ը զրուցել է ՍԴՀԿ Հայաստանի վարիչ մարմնի ատենապետ Նարեկ Գալստյանի հետ:


-Պարո՛ն Գալստյան, վերջին շրջանում Պոլսի պատրիարքության թեման բավականին ակտուալ է: Օրերս հայ համայնքը տեղապահ է ընտրել, եւ թուրքական կառավարությունը, որ ութ տարի է՝ չի խոսում այս օրակարգի մասին, վերջին վայրկյանին հանկարծ չեղյալ է համարում ընտրության արդյունքները: Ի՞նչ տեսակետ ունեք այս հարցի վերաբերյալ:


-Սա հստակ ազդակ էր, որ Աթեշյանը, եթե անգամ թուրքական հատուկ ծառայությունների գործակալ չէ, ապա անմիջապես իր վրա կրում է այդ պետության բոլոր բացասական հիմքերը եւ ծառայում է թուրքական իշխանություններին եւ ոչ հայ համայնքին, որի համար նախեւառաջ կոչված է՝ իբրեւ հոգեւոր հովիվ: Վերջինս ժանդարմի դեր է կատարում Պոլսի հայ համայնքի մեջ: Բարեբախտաբար, անկախ թուրքական իշխանությունների ճնշումներից՝ այսօր Պոլսի հայ համայնքում կան առաջադեմ եւ մտավորական մարդիկ, ովքեր չեն ցանկանում, որ Արամ Աթեշյանը շարունակի ղեկավարել եւ նստել Պոլսի հայոց պատրիարքի աթոռին: Մենք՝ բոլորս, հասկանում ենք, որ նախեւառաջ տեղապահի ընտրություններին հաջորդող պատրիարքի ընտրությունների խնդիրն է այսօր, այլ ոչ թե տեղապահի խնդիրը: Այստեղ մենք իսկապես գտնվում ենք փակուղու առջեւ, եւ այդ փակուղին հնարավոր է լուծել միայն մի դեպքում. իմ խորին համոզմամբ՝ Արամ Աթեշյանը պետք կարգալույծ արվի, որը կարող է անել միայն Մայր Աթոռը: Ցանկալի է, որ Վեհափառ Հայրապետը կտրուկ գործողությունների գնա:

Պոլսի պատրիարքի հարցը ոչ միայն Պոլսի համայնքի հարցն է դարձել, այլեւ ողջ հայության, որովհետեւ հայ-թուրքական հարաբերությունների սրացված իրավիճակի ներքո Պոլսի հայ պատրիարքի աթոռը շատ անկյունային եւ բանալի նշանակություն ունի հայ ժողովրդի համար: Բանալի նշանակությունը Արամ Աթեշյանը օգտագործում է ի նպաստ  թուրքական իշխանությունների: Սա փաստ է: Իր հայտարարություններով, իր գործողություններով՝ նա ցույց է տալիս, որ ինքը հակահայ հոգեւորական է եւ իրեն դուրս է դրել հայկականությունից: Իմ խորին համոզմամբ՝ Արամ Աթեշյանը, որն իր վրա կրում է նաեւ դավաճանի պիտակ, պետք է դառնա բանադրանքի, ծաղրանքի, մերժելի կերպար:


-Իսկ ինչի՞ կհանգեցնի Արամ Աթեշյանի կարգալույծ լինելը:


-Սկզբնական շրջանում, անշուշտ, իրավիճակը կսրվի, բայց, այնուամենայնիվ, եթե լինի Մայր Աթոռի եւ երկու նվիրապետական աթոռների՝ Երուսաղեմի եւ Մեծի Տանն Կիլիկիո  Կաթողիկոսության հստակ դիրքորոշումը այս հարցում, իրավիճակը այլ կլինի: Երեք նվիրապետական աթոռները պետք է կարողանան հստակ դիրքորոշում ցույց տալ, եւ կարծում եմ՝ ի վերջո թուրքական իշխանությունները տեղի կտան՝ հասկանալով, որ իրենց դրածոն մերժելի է հայ ժողովրդի, հայ հոգեւորականության համար: Կարծում եմ՝ հայ աշխարհիկ իշխանությունը, Հայաստանը նույնպես պետք է խառնվի խնդրին, որովհետեւ Արամ Աթեշյանի բացասական դերակատարությունը զգացել են բացառապես բոլորը:


՞նչ եք կարծում՝ առաջիկա ընտրություններին Հայասատանից թեկնածուներ կառաջադրվե՞ն:


-Իմ տեղեկություններով՝ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն է ցանկություն հայտնել՝ չնայած, որ ասել էր իր ավագ եղբորը՝ արքեպիսկոպոս Բեկջյանին է աջակցում:

Կարծում եմ՝ մեր կողմից մի փոքր նահանջի դեպքում՝ թուրքական կառավարությունը ամեն ինչ անելու է, որպեսզի Աթեշյանը պատրիարք կարգվի: Հնարավոր է նաեւ՝  թուրքական իշխանությունները  իմպերատիվ որոշում կայացնեն, որ ընտրություն չկա, կամ ընտրությունները անվավեր կճանաչեն եւ կթողնեն պատրիարքի տեղապահ այնքան ժամանակ, մինչեւ հարմար քաղաքական պահ հասունանա: Անկարայի համար Աթեշյանից առավել հարմար թեկնածու գոյություն չունի, որովհետեւ  իր կամակատարն է:


՞նչ եք կարծում՝ արդյոք Երեւան-Մոսկվա-Անկարա թեժ գիծը կարո՞ղ է այս խնդիրը լուծել: Հնարավո՞ր է՝  Մոսկվան միջամտի՝ խնդիրը շտկելու համար:


-Վստահ եմ՝ Հայաստանի իշխանությունները հետաքրքրված են խնդրով եւ հետեւում են: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ես ինձ իրավասու չեմ համարում ասել, բայց որ գործողություններ պետք է լինեն, փաստ է:

Աթեշյանը փորձանք է, եւ այդ փորձանքը դարձել է խաղալիք Էրդողանի իշխանության ձեռքում: Եվ այստեղ առանձնապես վառ երեւակայություն պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, թե այդ գործիքը ինչպես կօգտագործվի թե՛ հայ համայնքի, թե՛ հայության դեմ: Պարզ է, որ թուրքական իշխանության համար կարեւորագույն խնդիրներից մեկը Պոլսի հայ համայնքի դատարկումն է: Դրա համար Աթեշյանը բավականին հարմար գործիք է:

 

Զրուցեց ՝ Ս. Ա.