image

Հայ որբերի խնամակալ, դանիացի միսիոներուհի Մերի Աննա Օստերգարդի իրերը Հայաստանում են

Հայ որբերի խնամակալ, դանիացի միսիոներուհի Մերի Աննա Օստերգարդի իրերը Հայաստանում են

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հավաքածուն  վերջերս համալրվել է թանգարանային բացառիկ արժեք ներկայացնող նորահայտ միավորներով, որոնք թանգարանին է նվիրաբերել հունաստանաբնակ Սարգիս Քեշիշօղլուն: Նվիրաբերված իրերը (լուսանկարներ, անձնական գրքեր և իրեր) վերաբերում են դանիացի միսիոներուհի Մերի Աննա Օստերգարդին (Mary Anna Ostergaard), որ 1927 թվականից գործունեություն է ծավալել Հունաստանում՝ մեծապես նպաստելով Հայոց ցեղասպանությունից հետո այնտեղ ապաստանած հայ գաղթականների տեղավորմանը և խնամքի կազմակերպմանը։ Օսմանյան կայսրությունից Հունաստան գնացած հայ գաղթականների ճշգրիտ թիվը դժվար է ասել, նախ՝ վիճակագրական տվյալների բացակայության, և երկրորդ՝ գաղթականության անընդհատ շարժի պատճառով: Գաղթականների մեջ մեծ թիվ են կազմել որբերը: Ըստ Պետրոս Կոկինոսի «Հունահայ գաղութի պատմությունից» գրքի՝ Հունաստանում գտնվել են 17520 որբեր՝ տեղաբաշխված հետևյալ որբանոցներում՝ Ետոպոսի որբանոցում 7500 հոգի, Լուտրաքիայում՝ 3300, Կորֆուում՝ 2720, Օրոպոսում՝ 2000, Զափիոնում՝ 2000: Հետագայում այդ թիվը աճել է և հասել 20000-ի: 

Մ. Ա. Օստերգարդի մասին, ցավոք, տվյալներ շատ չկան: Հայտնի է, որ ծնվել է 1897 թվականին Դանիայում: 1927 թվականից հաստատվել է Աթենքում: Եղել է դանիական խնամատարական կենտրոնի տնօրենը, որը գործել է մինչև 1961 թվականը: Մերի Աննա Օստերգարդը կենտրոնի փակվելուց հետո էլ շարունակել է իր առաքելությունը Հունաստանում: Նրա ջանքերով Աթենքում հիմնվել է «Քրիստոնեական խնամքի կենտրոն», որտեղ իզմիրցի Սրբուհի Հովսեփյանի և հույն Էվդիքեա Հիոնիդուի հետ միասին զբաղվել է հիվանդների և ծերունիների խնամքով: Արդեն պատկառելի տարիքում, հարազատների հորդորով 1987 թվականին հետ է վերադարձել Դանիա, որտեղ էլ մի քանի տարի անց կնքել է իր մահկանացուն: Փայլուն տիրապետել է հայերենին: Ծավալած գործունության համար 1955 թվականին արժանացել է դանիական թագավորական շքանշանի, եղել է «Դանիացի քույրերի միության» անդամ (դանիերեն՝ Dansk Sygeplejeråd (DSR), անգլերեն համարժեքը՝ Danish Nurses' Organization (DNO), հիմնադրվել է 1899 թ. Կոպենհագենում և գործում է ցայսօր): 

 

Ձախից՝ 1. հույն Էվդիքեա Հիոնիդու, 2. դանիացի միսիոներուհի Մերի Աննա Օստերգարդ (միս Մերի), 3. Իզմիրցի Սրբուհի Հովսեփյան: Լուսանկարն արվել է մոտավորապես 1987 թվականին 

 


Նվիրաբերված հավաքածուում տեղ են գտել նաև Մ. Ա. Օստերգարդին մեծապես օժանդակած Սրբուհի Հովսեփյանին և Էվդիքեա Հիոնիդուին վերաբերող նյութեր:

Նվիրատու Սարգիս Քեշիշօղլուն անձամբ ճանաչել է Մերի Աննա Օստերգարդին, Սրբուհի Հովսեփյանին և Էվդիքեա Հիոնիդուին, նրանց հետ գործակցել է սկսած 70-ական թթ. վերջերից: 

 

Ձախից՝ Սրբուհի Հովսեփյան, նրա կողքին Մերի Աննա Օստերգարդ 

 

 

 

Աղօթագիրք, 1934, Կ. Պօլիս
Ընծայագրով՝ «Յիշատակ Ազնուափայլ օր. Մերի Օստրքարտի. Աղօթարար Խորէն Ա. քհնյ. Պըչախճեան, 1 Յունուար 940, Աթէնք» 

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ