image

Ընտրովի փաստեր ու կամայական մեկնաբանութիւններ Ոսկան Մխիթարեանի մի գրուածքի առիթով

Ընտրովի փաստեր ու կամայական մեկնաբանութիւններ Ոսկան Մխիթարեանի մի գրուածքի առիթով

Մենք չէ, որ պէտք է յիշեցնենք՝ քրիստոնէական մեր հաւատքը հենուած է սիրոյ, բարերարութեան վրայ։ Աստուած «միշտ ալ Ինք Իր մասին վկայութիւն տուաւ իր բարերարութիւններով» (Գործք 14. 16)։ Վաղ քրիստոնեական համայնքում կարիքաւորների պէտքերը հոգալիս իւրաքանչիւր քրիստոնեայ պարտաւորուել է բաժին հանել իր ունեցուածքից (Գործք 4.32, 34–35): Յակոբոս առաքեալն իր Ընդհանրական թղթում յաւելում է, որ հաւատն առանց գործերի մեռած է. կարիքաւոր եղբօրը կամ քրոջը չօգնողը և երեսպաշտօրէն Աստծուն մատնացոյց անողը նմանւում է դևի (Յակ. 2. 14–26):

 

Բայց յաճախ է պատահում, երբ յայտնւում են մարդիկ, որոնց համար ազնիւ բարեգործութիւնը ստանում է այլ երանգ, բխեցւում են իրենց «պիտանի» եզրակացութիւններ։ Այդպիսի հերթական մի դրսեւորման ականատեսն ենք «Արեւելք» լրատուական կայքէջի «Հայ մանուկների հաւաքական մկրտութիւն՝ Արիս արքեպիսկոպոս Շիրվանեանի ձեռամբ» հրապարակում հարցազրոյցի մասին Ոսկան Մխիթարեանի արձագանքի մէջ։ Քանաքեռ-Զեյթուն համայնքի «Սուրբ Յակոբ» եկեղեցու հոգևոր հովիւ՝ Տէր Բարսեղ աւագ քահանայ Ղազարեանը հարցազրոյց է տուել (Արեւելք, 18-ը դեկտեմբերի, 2018 թ.) եւ պատմել իրենց համայնքի բարեգործական որոշ քայլերի մասին։ Խօսել է նաեւ «Ձորակ» խնամքի կենտրոնում ֆիզիկական և մտաւոր արատ ունեցող երեխաների ու կանանց մասին, որոնք մկրտուել ու նաեւ Արիս սրբազանի կողմից խաչեր, շղթայ և  նարօտ են յանձնուել։ Ահա այս հարցազրոյցը առիթ դարձնելով՝ Ո. Մխիթարեանը բաց տեքստով մեղադրանքների շարան է ուղղում Մայր Աթոռին ու եկեղեցականներին։

 

Կարելի էր անշուշտ անուշադրութեան մատնել այս գրութիւնը եւ թողնել, որ բնականօրէն մոռացութեան մատնուի, ինչպէս որ կը պատշաճէր իր բովանդակութեանն ու կերպին, սակայն փորձը ցոյց է տալիս, որ նման բնոյթի մէկ հրապարակումը կարծես առիթ է տալիս մէկ ուրիշի ծնուելուն, ուստի համառօտ կանգ առնենք որոշ կէտերի վրայ։

 

Ի՞նչ է իրողութիւնը։ 2017 թուականին Հայաստանում գրանցուած «Արիս» բարեգործական կազմակերպութիւնը անցնող ամիսների ընթացքում հասցրել է մի շարք քայլեր ձեռնարկել, մեծ մասը՝ Հայաստանի մարզերում։ Օրինակ՝ 2018 թուականի հոկտեմբերի 27-ին Շիրակի մարզի Բենիամին համայնքում մկրտուել են 35 բնակիչներ, եւս 65 հոգի՝ Բայանդուր եւ Գետք համայնքներում։ Վստահ ենք՝ ցանկացած հայորդու համար ուրախալի առիթներ են սրանք, եւ Աստուած տայ՝ մայր հայրենիքում, հեռաւոր գիւղերում նման ձեռնարկաները միայն բազմապատկուեն։ Սակայն Ոսկան Մխիթարեանը պարզ լրատութեան միջից բխեցնում է հոգեւորականներին ու դրա ենթատեսքտում՝ մեր եկեղեցուն ուղղուած մեղադրանքների մի շարան։

 

Նախ, տարբեր ծանուցումներից իմանում ենք, մի առիթով Տ. Արիս Եպս. Շիրվանեանն ինքն էլ նշում է, որ «Արիս» հիմնադրամը բազմաթիւ ծրագրեր է իրագործում Հայաստանում, այդ թւում՝ Շիրակի մարզում։ Հիմնադրամի միջոցներով Մարալիկում հաշմանդամութիւն ունեցողներին սայլակներ են տրամադրել, Անիին սահմանամերձ գիւղերում դեղորայք են բաժանել, գիւղացիների անվճար բուժզննում իրականացրել, Բայանդուրի դպրոցին համակարգիչներ են նուիրել, ջեռուցմանը հարցեր լուծել, սանհագոյցը վերանորոգել, Մայիսեան գիւղի մանկապարտեզում, Մարմաշենի մշակույթի տանը տեղադրել են արևային համակարգ՝ այդպիսով լուծելով ջեռուցման հարցը եւ այլն, եւ այլն։ Ծանօ՞թ է արդեօք յօդուածագիր Ոսկան Մխիթարեանը այս ամէնին։ Եթէ ծանօթ է եւ ընտրողաբար կանգ է առնում միայն մկրտութեան մասին քահանայի հարցազրոյցի մեկ-երկու մտքի վրայ ու դրանով քարեր նետում եկեղեցու բոստանը՝ լաւ չէ, բայց առաւել լաւ չէ, եթէ ծանօթ չէ ու միայն մկրտութեան հարցերն է քաղուածաբար «քննել»։

 

Մեղադրանքներից առաջինն այն է, թէ ինչու հետխորհրդային այս տարիներին բոլորը չեն մկտրուել, թէ դրա պատճաը «մեր հոգեւորականութեան անտարբերութիւնն է» եւ այլն։ «Ի՞նչպէս կրնայ ըլլալ, որ տակաւին չմկրտուածներ կան հայրենիքի մէջ», հռետորական հարցում է անում հեղինակը։ Դրան մենք մէկ այլ հարցում պիտի անենք, առաւել զարմացած՝ ինչպէ՞ս է կարելի տեղեկատուական այս դարում Հայաստանի մասին լուրերից հեռու լինել ու նման յայտարարութիւններ անել՝ առանց նախապէս իրական պատկերը փոքրիշատէ քննած լինելու, մկրտութեան եւ դրա խոչընդոտների հետ կապուած այլ հարցերի դրդապատճառները պարզելու։ Մեր հոգեւորականներին մերկ մեղադրանք ներկայացնելուց առաջ («եկեղեցականը եթէ պիտի չվարձատրուի նիւթապէս իր կատարած խորհուրդին համար, այդ խորհուրդը կը դադարի անհրաժեշտութիւն ըլլալէ մեր հոգեւոր կեանքին համար») կարելի էր ծանօթանալ յատկապէս մայրաքաղաքից հեռու բնակավայրերում մարդկանց հոգսերին, եկեղեցիների ու հոգեւորականների գործունէութեանը, յաճախ՝ նրանց հերոսական նուիրումին։ Էլ չենք ասում պատերազմական Արցախի մասին, ուր վերարթնացող քրիստնէական կեանքը ուղեցւում է կեանքի ու մահուան պայքարով։ Հեղինակն ուշադիր լինելու դէպքում կարող էր իմանալ բանակում, սահմանային բնակավայրերում կատարուած բազում մկրտութիւնների մասին։ Իբրեւ պարզ հաւատացեալ, այդ ամէնին բազմիցս ենք ականատես ու նաեւ մասնակից եղել։ Նաեւ որպէս անհերքելի փաստեր ունենք, թէ ինչպէս բազմաթիւ մկրտութիւններ են կատարուել, օրինակ՝ ԱՄՆ Արեւմտեան թեմի ծուխերում, յատկապէս ոչ ապահով ընտանիքների պարագայում։ Կամ ոչ վաղուց՝ 2001 թուականին Ս. Էջմիածնում տեղի ունեցաւ 5000 հոգու մկրտութիւն հոգածութեամբ Կանադայի թեմի…

 

Եւ ի՞նչ է ստացւում. այս քայլերից ներքուստ գոհունակութիւն ունենալու փոխարէն ընտրողաբար հոգեւորականութեանը կամ «Մայր Աթոռի հովանիին տակ գործող եկեղեցականներին» է ուղղւում նետը՝ մի հարցազրոյցի դրոյթները կիսատ մէջբերելով։ Կամ թէ՝ առանձին մի փաստը արդեօ՞ք հարմար առիթ է ընդհանրացնելու եւ մեր ողջ եկեղեցու վրայ տարածելու համար։

 

Տէր Բարսեղը լրագրողի հետ անկեղծաբար խօսում է այն մասին, թէ յաճախ ծնողները զաւակների մկրտութիւնը յետաձգում են՝ յետագայում բոլորին միասին մկրտելու համար։ Եւ Ոսկան Մխիթարեանը բխեցնում է՝ «քանի ծախսերը վճարող կայ՝ հետեւաբար մկրտութիւններ տեղի պիտի ունենան»։ Հայաստանում թէկուզ փոքր ժամանակով ապրած որեւէ անձ կարող է իմանալ, որ մկրտութեանը յաջորդում է ժողովրդական աւանդական հիւրասիրութիւնը, որ խօսում է մկրտութեան նկատմամբ մեր ժողովրդի ակնածանքի, ուրախ մթնոլորտում այն նշելու եւ արժեւորելու միտումի մասին, որ մկրտութեան բուն խորհրդից դուրս է արդեն։ Սակայն յօդուածագիրը մի հեռու ենթատեքստով սրա սլաքը նոյնպէս ուղղում է հոգեւորականութեան դէմ, մանաւանդ որ Տ. Բարսեղի խօսքի «մկրտութուածների ծախսերը հոգալ» ասուածը վերաձեւակերպելով որպէս քահանային տրուող «ծախսերի վճար»։

 

Եւ նմանօրինակ միւս նիւթերի հանգոյն՝ անմիջապէս մէջտեղ է գալիս տարածուած մեղադրականը՝ աղանդաւորների տեսքով («եթէ դուք տէր չկանգնիք ձեր ժողովուրդին հոգեւոր կարիքներուն, կասկած չկայ, որ աղանդաւորներ պիտի որսան անտեսուածները»)։ Ամենքս ենք տեղեակ, թէ նիւթական ինչ խայծերով ու մեթոդնեով, օրէնսդրական ինչ միջավայրում են գործում կրօնական կազմակերպութիւնները, որոնք, ի դէպ, մեր եկեղեցուն ու նրա սպասաւորներին ուղղուած հակաքարոզչութեան սլաքն ուղղում են՝ սկսելով մկրտութիւնից։ Ուրեմն մէկ հոգին մկրտելու եւ փրկելու համար պէտք էր ուրախանալ, ինչպէս որ ուսուցանում է Տէր Յիսուս, եւ ոչ թէ, ինչպէս յօդուածի ընդհանուր տրամրադրութիւնից է զգացւում, մռայլուել ու քրթմնջալ։

 

Ոսկան Մխիթարեանի հրապարակման մէջ, ի դէպ, կան փաստական աղաւաղումներ։ Շիրակի մարզում կատարուած մկրտութիւնները մի բան են, իսկ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ս. Յակոբ եկեղեցու մկրտութիւնը՝ այլ բան։ Տէր Բարսեղ Աւագ քահանայ Ղազարեանը պատմում է իրենց Քանաքեռ-Զեյթուն համայնքի մկրտութեան մասին, իսկ Ոսկան Մխիթարենը նրա խօսքերն ընդհանրացնում է Շիրակի մարզի համար, իբր Շիրակի մասին է ասել։ Այսինքն՝ քահանայի խօսքը իր կամօք ընդհանրացնում է բարեգործական բոլոր մկրտութիւնների վրայ։ Նաեւ քահանայի խօսքը «անհասկանալի ու տարօրինակ» է համարում, երբ վերջինս ասում է շատ երեխաներ ունեցող ծնողին՝ «նրանք առանձին են ծնուել, ուրեմն առանձին պիտի մկրտուեն, իւրաքանչիւրը՝ իր պահին»։ Մենք (եւ անշուշտ շատ ընթերցողներ) Տէր Բարսեղի այդ խօսքը կը հասկանանք այսպէս, որ կարիք չկայ, որ ծնողը սպասի բոլոր երեխաները մեծանան ու միասին մկրտի, այլ ամէնքին կարող է համապատասխան ժամանակին մկրտել, որ զերծ չմնան մկրտութեան խորհրդից, ինչպէս որ հիւանդին չես սպասում մեծանայ ու հետո միայն տանում բժշկի, այլ անհրաժեշտ պահին անմիջապէս տանում ես։ Իսկ ահա յօդուածագիր Ոսկան Մխիթարեանը իր ուզած կերպով է մեկնում քահանայի միտքը, չգիտես ինչ տողատակերից այն բխեցնելով՝ «ըսել կ’ուզէ, քանի որ առանձին ծնած էք, ուրեմն առանձին ալ պիտի վճարէք…»։ Այսինքն՝ խօսքից բխեցնում է իրեն ցանկալի միտքը։ Գուցէ դեռ չե՞ն անցել մեր մեծ երգիծաբանի նկարագրած այն ժամանակները, երբ «կրակը ջուրին դէմ, միսը բանջարեղենին դէմ կը կռուէր», իսկ հիմա նաեւ՝ «ատելութիւնը սիրոյ դէմ»

Միակողմանի ու միտումնաւոր այս գրուածքից, բնական է, պիտի բխեցուեր նոյն բնոյթի եզրակացութիւն՝ «ահաւասիկ ցայտուն օրինակ մը Մայր Աթոռի առաքելութեան ձախողութեան», ասում է Պարոն Մխիթարեանը։ Կարող էինք խորհուրդ տալ, որ հանգիստ թողնելով «Արիս» հիմնադրամն ու մկրտութիւնը՝ հեղինակն ուղղակի այդ խօսքը բազմապատկէր ու տարածէր, որպէսզի իր նպատակն առաւել յստակ տեսանելի լինէր, քանզի անթաքոյց զգալի է, որ Ոսկան Մխիթարեանին հետաքրքրում է Մայր Աթոռն ու նրա սպաւաւորներին ներկայացնել միայն ստուերոտ կողմերով։ Էլ չենք ասում հրապարակման ոչ բարեացակամ, եթէ չասենք յանդուգն գրելաոճի մասին, որ բնաւ չի խօսում մտաւորականի կամ թէ նախկին հոգեւորականի կեցուածքի մասին։

 

Հրապարակագիրը կարծես ոչ պատշաճ առիթ է ընտրել մեր եկեղեցուն քննադատական խօսք ուղղելու համար։ Ինչ-ինչ, բայց գոնէ մկրտութեան խորհուրդը զերծ պահենք շահարկումներից, քանզի գիտենք, որ մարդուն անկեալ վիճակից բարձրացնելու համար Աստուած Ինքը ձեռք մեկնեց Իր Որդու՝ Յիսուս Քրիստոսի միջոցով: Քրիստոս Իր մարդեղութեամբ, քարոզութեամբ, քաւչական մահով, յարութեամբ և մկրտութեան սուրբ խորհրդի միջոցով մարդուն ազատեց ադամական մեղքից, Յիսուս ասաց. «Ով հաւատայ և մկրտուի, պիտի փրկուի, և ով չհաւատայ, պիտի դատապարտուի» (Մարկ. 13. 16):  Եւ այդ խորհրդին հոգեւորականի ծառայութեան կերպը նոյնն էր երեկ, նոյնն է նաեւ այսօր։ «Ձեռք ձեռքի տալով պիտի մերժենք բոլոր տեսակի տկարութիւնները եւ մեր առաքելութիւնը փորձենք յաջողութեամբ պսակել ի գին ամէն զոհողութեան։ Մեր կեանքի նշանաբանը պիտի ըլլայ կատարել Աստծոյ կամքը», կարդում ենք մեր անուանի հոգեւորականներից Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի գրուածքներում։

 

Ներկայ օրերում, եթէ նոյնիսկ այդ հարցերի մասին շատ չի խօսւում, բայց իմանալի է, որ Հայ Եկեղեցին նոր թափ է հաղորդել իր բարեգործական գործունեութեանը, բացուել են բարեգործական կենտրոններ ծերերի և կարիքաւորների համար, օժանդակւում են, յատկապէս գիւղերում, կարիքաւոր ընտանիքներին, հիմնուել են մանկական գեղագիտական կենտրոններ, և այլն: Ծրագրերից անմասն չէ ի դէպ նաեւ Միացեալ Նահանգների Արեւմտեան թեմը, սակայն դա մէկ այլ թեմա է, որի մասին կը խօսենք հարմար առիթի դէպքում։

 

Անշուշտ քաջ ծանօթ է Աւետարանական խօսքը՝ Սուրբ Հոգին մէկին տալիս է յափշտակութեան մէջ լեզուներ խօսելու շնորհք, մէկ ուրիշին՝ այդ լեզուներով խօսուածը մեկնաբանելու կարողութիւն (Ա Կորնթ. 12.10)։ Իսկ հիմա սիրելի ընթերցողին ենք թողնում որոշելու, թէ որտեղից է պարոն Ոսկան Մխիթարեանի ունեցած՝ փաստերը կիսատ տեղից ներկայացնելու եւ իր կամքի համաձայն մեկնութիւններ բխեցնելու «շնորհքը»։

 

                                                                                        Նորայր Պօղոսեան