image

Մնացէ՛ք այստեղ. Նարինէ Թուխիկեան

Մնացէ՛ք այստեղ. Նարինէ Թուխիկեան

1912-13թթ Հայութիւնը համազգային մասշտաբով նշում էր գրերի գիւտի 1500 եւ Հայոց գրատպութեան 400 ամեակները: Չունենալով ազգային պետութիւն, Հայութիւնը աներեւակայելի արժանապատւութեամբ եւ երախտագիտութեամբ էր նշում մեծ տարեդարձները: Արեւմտահայութիւնը եւ Արեւելահայութիւնը դարձել էին, այսպէս ասած, մէկ ամբողջութիւն, մէկ Հայութիւն, մէկ ազգ: Դա համազգային զարթօնքի շրջան էր: 1912-ը, բառիս բուն իմաստով, վերածնունդի տարի էր նաեւ Թումանեանի համար: 1912թ. Մարտի 20-ին Պետերբուրգի դատարանը չապացուցուած համարեց նրա մեղքը, այսպէս կոչուած, «դաշնակցութեան գործով» եւ արդարացրեց: Այլապէս սպասւում էր Սիբիր, կամ ...: Ուրեմն՝ ֆիզիկական առումով սա իրապէս կարելի է վերածնունդ համարել:

Թումանեանի ազատութեան լուրը մեծ խանդավառութիւն առաջացրեց հայկական շրջանակների մէջ եւ մոսկուաբնակ բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրեանը խնդրեց Թումանեանին մինչեւ Թիֆլիս մեկնելը անցնել Մոսկուա՝ տեղի հայ մտաւորականութեանը հանդիպելու համար: Թումանեանը չմերժեց: Աւագ որդին՝ Մուշեղը հօրից անբաժան էր:

«Իսկապէս հայրիկը էստեղ մեծ գործի վրայ է… Հայրիկը էս 400-ի տօնին շատ բաներ է մտադիր անել, էստեղ Պետերբուրգի ու Մոսկուայի Հայերից ուզում է մի բան սարքել, մի ֆոնդ։ Իհարկէ, շատ է ոգեւորուել… Ամէն օր մի տեղ են լինում՝ թատրոն, ցուցահանդէս, գրական մանկական հանդէս, կոնծաբանութիւն, այցելութիւններ եւ այլն»։ (Մ.Թ., Ապրիլի 5-ին ընտանիքին գրած նամակից):

Թումանեանը համոզուած էր, որ այս փառահեղ առիթները կարող են փոխել Հայութեանը, նոր որակ հաղորդել նրան, մեկնարկային մի նոր փուլ հանդիսանալ ամբողջ ազգի համար:

«Սրանից էլ լաւ դէպք չի կարող լինել, որ մենք էլ ազգով մէկ շարժուենք գիտութեան համար։ Ախր շատ ենք անգէտ ու կոյր, գիւղից մինչեւ քաղաք, հոգեւորական-աշխարհական, գրող ու ընթերցող տգէ՜տ, տգէ՜տ, ամէն բանից, սկսած մեզնից, մեր պատմութիւնից, մեր կեանքից…»։ (Յոբելեանների առիթով Գալուստ Տէր-Մկրտչեանին գրած նամակից 1912 Մայիս 25):

Հաւատալով բարեբեր զարթօնքին՝ Յովհ. Թումանեանը նախաձեռնում է գրական մի կառոյցի հիմնադրումը: Եւ արդէն 1912-ի Հոկտեմբերին Թիֆլիսում պաշտօնապէս մեկնարկում է Կովկասի Հայոց գրական ընկերութեան գործունէութիւնը, նախագահութեամբ պարոն Յովհ. Թումանեանի:

Կովկասի Հայոց գրական ընկերութեան հիմնադրումից մէկ տարի անց Պոլսում վախճանւում է քաղաքական գործիչ Սիմոն Զաւարեանը: Նրա դիին Թիֆլիս ուղեկցող թափօրի մէջ էր նաեւ Ատոմ Եարճանեան-Սիամանթօն:

Վերջինս առաջին անգամ էր Թիֆլիսում: Սա Արեւելահայութեան համար ճիշտ նոյն նշանակութեան քաղաքն էր, ինչ Կոստանդնուպոլիսը՝ Արեւմտահայութեան: Սիամանթօն ծանօթանում էր քաղաքին, Հայութեան կեանքին, շփւում մտաւորականների հետ: Յովհաննէս Թումանեանի նախաձեռնութեամբ Ատոմ Եարճանեանը ընդունւում է Կովկասի Հայոց գրական ընկերութեան շարքերը: Նրան այստեղ առանձնայատուկ կերպով են պատւում:

«…Եւ առանձին հաճոյքով ուզում եմ յիշատակել, որ տաճկահայ գրականութեանը նուիրուած էս երեկոյթին ներկայ է տաճկահայ գրականութեան ինքնատիպ ու տաղանդաւոր ներկայացուցիչներից մինը՝ մեր ազգային վշտի ու կորովի ուժեղ երգիչը, Պ. Ատոմ Եարճանեան-Սիամանթօն, որին յայտնում եմ մեր սէրն ու յարգանքը»։ Յ.Թ.

Եարճանեանը այնքան լաւ էր իրեն զգում Թիֆլիսում: Յովնանեան դպրոցի քառաձայն երգչախումբը՝ կոմպոզիտոր Արմէն Տիգրանեանի ղեկավարութեամբ, Վահրամ Փափազեանը՝ Դանիէլ Վարուժանի եւ պատուաւոր հիւրի բանաստեղծութիւնների ընթերցմամբ, Նուարդ Թումանեանի ուղեկցութեամբ մեծ դերասանուհի Սիրանոյշի հետ հանդիպումները, ընդհանրապէս այն ջերմ վերաբերմունքը, որ գտաւ նախեւառաջ Կովկասի Հայոց գրողների ընկերութեան ղեկավարի շնորհիւ, անչափ յուզել էին նրան: «Մնացէք Թիֆլիսում»։ Սա թերեւս ամէնից յաճախ հնչող ցանկութիւն-առաջարկն էր Սիամանթոյին: Բայց իր փոխարէն նա այստեղ թողեց Թումանեանին ընծայագրուած բազմաթիւ գրքերը եւ յստակ որոշեց լքել Թիֆլիսը: Դրա համար նա թէ՛ անձնական եւ թէ՛ անանձնական պատճառներ ունէր: Այս քաղաքում էր ապրում իր երբեմնի սէրը՝ այն աղջիկը՝ Սաթենիկ Ջաղեթեանը, որ թերեւս առաջին անգամ նոր եւ գեղեցիկ զգացողութիւնների աղբիւր է եղել իր համար: Թիֆլիսը արթնացրեց Սաթենիկի հետ կապուած վերյուշը՝ իրենց առաջին հանդիպումը Լօզանի կայարանում, լուսանկարը, որ փաստօրէն թռցրել էր աղջկանից եւ պահել իր մօտ որպէս թալիսման, օրիորդի նամակները, իր ապաքինուելը, որի մէջ երեւի թէ ամենամեծ բաժինը իր սէրն էր եւ իրեն սիրուած զգալու զօրաւոր զգացողութիւնը: Մտքերը նրան մերթ նետում էին Լօզան, մերթ տանում Պոլիս: Սաթենիկից բաժանուելուց վեց-եօթ տարի անց Պոլսում նա գտել էր իր նոր սիրոյն. պոլսեցի արուեստագիտուհի Մաննիկ Պէրպէրեանին: Եւ հիմա Թիֆլիսում յայտնուել էր գեղեցիկ սէր-յիշողութեան եւ գեղեցիկ սէր-իրականութեան միջեւ:

Եւ յանկարծ, տարիների բաժանումից յետոյ, Թիֆլիսում, կարծեմ Արտիստական թատրոնում, Սիամանթօն հեռուից նկատեց օրիորդ Ջաղեթեանին: Սիրտը մի պահ պոկուեց տեղից: Նա առանց մտածելու մօտեցաւ: Աւելի ճիշտ, անգիտակցօրէն կամ ինքնաբուխ գնաց աղջկայ ուղղութեամբ, թէեւ վերջինս մենակ չէր: Յետոյ պարզուեց, որ ընկերուհու՝ Նուարդի՝ Յովհաննէս Թումանեանի դստեր հետ էր:

- Սաթօ,– այսպէս էր կոչում պոէտը Սաթենիկին: Օրիորդը շրջուեց, ճանաչեց իր դիմաց կանգնած տղամարդուն, լայն ժպտաց եւ անմիջապէս զգաց նրա յուսախաբութիւնը:

- Ներեցէք,– մեծ դժուարութեամբ արտաբերեց Ատոմը,– ես սխալած եմ:

- Այնքան էլ չէք սխալուել, պարոն Եարճանեան, ես Սաթենիկի փոքր քոյրն եմ:

Հակառակի պէս այդ օրը Սաթենիկը թատրոն չէր եկել հիւանդ լինելու պատճառով: Ներկայացումից յետոյ Սիամանթօն աղջիկներին ուղեկցեց տուն: Ինչ-որ նուրբ եւ հանդարտ տրամադրութեան մէջ էր նա: Ինչ-որ բան էր կատարւում հետը՝ տաք, աննման, հաճելի եւ նորմալ բան: Արդէն հասել էին տան շեմքին: Ներս մտնելու անկեղծ արուած հրաւէրը Ատոմը մերժեց: Հաւանաբար, հոգու խորքում շնորհակալութիւն յայնտելով Սաթենիկին, որ այդ օրը չէր եկել թատրոն, եւ ներողութիւն խնդրելով Մաննիկից՝ իր մարդկային թուլութեան համար:

Նա հեռացաւ Թիֆլիսից, քանի դեռ անազնիւ չէր գտնուել ինքն իր նկատմամբ:

Մի քանի օրով յետաձգեց ճամբորդութիւնը, քանի որ լսել էր, թէ ծովը փոթորկում է: «Սեւ ծովը ալեկոծուած է, չեմ ուզեր ճանապարհուիլ, որ ձեր ձուկերը… տաղանդաւոր չըլլան»։

Ուր էլ որ ճամբորդեց Ատոմ Եարճանեանը, նրան խնդրեցին մնալ եւ ստեղծագործել այդտեղ՝ Թիֆլիսում, ինչը բազմիցս կրկնեց Յովհ. Թումանեանը, Եւրոպայում... հեռու Պոլսից: Երանի՜ թէ լսէր:

«Պիտի երթամ. իմիններս հոն են»։ 1915թ. մնացել էր շատ քիչ ժամանակ:

 
Նարինէ Թուխիկեան-Խաչատուրեան

«Ազգ»