image

Փրկության ոսկե գոտին. Հուշ՝ հայոց ցեղասպանության օրերից

Փրկության ոսկե գոտին. Հուշ՝ հայոց ցեղասպանության օրերից

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվային պահոցում գտնվող 55 թվակիր հուշագրությունը գրի է առել Ռաֆիկ Սուքիասյանը՝ Հայոց ցեղասպանության վերապրող Աղունիկ Գրիգորի Մելքոնյանի որդին: Հուշագրությունն էրզրումցի Աղունիկ Մելքոնյանի՝ տեղահանության և կոտորածի մասին վկայապատումն է: Աղունիկ Մելքոնյանը ծնվել է 1907 թ. Էրզրում նահանգի Բասեն գավառի Ղոնաղրան գյուղում: 11 հոգուց բաղկացած բազմանդամ ընտանիքից մեկն է Աղունիկը, ով հոր հետ ողջ էր մնացել: Նրա ընտանիքը մյուս բասենցիների հետ 1919 թ. գարնանը հասել է Արևելյան Հայաստան:

Երբ զինված թուրքերը հարձակվում են Ղոնաղրան գյուղի վրա, հայերը հարկադրված փախչում են դեպի հարակից սարերն ու ձորերը՝ վերադառնալու հույսով, այդ նպատակով կանխավ պահելով նաև իրենց ունեցվածքը: Ինչպես վկայագիրն է նշում, ամեն անգամ դուրս են եկել վախով, որ վերադարձ հնարավոր է չլինի: Գյուղից վերջնականապես դուրս են գալիս 1918 թ. գարնանը: Ամենուրեք «վխտում էր թուրք ժանդարմը», նրանք հավաքում էին հայ ժողովրդին և «քշում» Քյոփրու Քեոյ կոչվող գետի վրա կառուցված կամուրջը, որտեղ էլ տեղահանված հայերի քարավանին դիմավորում էին ձիավոր-դահիճները՝ զինված և կոտորածի պատրաստ: Վերջիններս կոտորում էին հայերին և կամրջից ցած նետում. «մարդկային մարմնով գետի հունը դուրս էր եկել, և արյունոտ ջուրը հոսում էր կամուրջի վրայով»: Աղունիկի հայրը՝ Գրիգորը, թուրքերենով աղաչում է մի ոստիկանի՝ իրենց ունեցած ոսկու դիմաց բաց թողնել իր ընտանիքին: Ոստիկանը համաձայնում է՝ նշելով, սակայն, որ նորից բռնելու դեպքում այլևս բաց չի թողնի:

Գաղթի ճանապարհին Աղունիկը կորցնում է ընտանիքի անդամների մեծ մասին. նրան հատկապես չի հաջողվում մոռանալ, թե ինչպես իր ութամյա հիվանդ քույրը չի կարողացել տեղից շարժվել, իսկ թուրքի գնդակը թույլ չի տվել հիվանդին տեր կանգնելու. «….ամենուրեք փախստականների շարքերը նոսրանում էին թիկունքից եկող գնդակից»:

Ընտանիքից ողջ են մնում միայն երկուսը՝ Աղունիկն ու իր հայրը. հետագայում նրանք հասնում են Թիֆլիս: Իսկ մայրը, զգալով մոտալուտ մահը, իր ոսկե գոտիով կարողանում է փրկել մեկ այլ հայուհու: Այլ գաղթվածներից լսելով, որ նույն կամրջի վրա զինված թուրքը մի երիտասարդ հայուհու է պատրաստվում սպանել, նա հանում է իր վերնաշապիկը և ցույց տալիս ոսկե գոտին: Երբ թուրք ձիավոր-մարդասպանը մոտենում է ոսկին վերցնելու, Աղունիկի մայրն ամուր կառչում է թուրքի վզից և իր հետ տանում ջրի տակ:

Հուշագրության մեջ թեև նշված չեն հանցագործների անուններ, թվականներ և ընթացիկ իրադարձությունները նկարագրող այլ տեղեկություններ, սակայն այն իր հակիրճ (2 էջ) շարադրանքով կարևորվում է երկու ազգային կերպարներին բնորոշ բնավորությունների հակադրմամբ. իրական պատմության մի կողմում ցեղասպանություն իրագործող և «փրկությունը սակարկող» թուրքն է, մյուս կողմում՝ մայր-հայուհին՝ իրենից ավելի երիտասարդին սեփական կյանքով օգնելու մայրական և ազգային տեսակին բնորոշ բնական մղումով:



Էլինա Զ. Միրզոյան

Բան. գիտ. թեկն., արևելագետ (թյուրքագետ), սփյուռքագետ, բանասեր (հայոց լեզու և գրականություն), ՀՑԹԻ Հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի գիտաշխատող


Լուսանկարում՝ Էրզրում քաղաքը