image
Հրատապ լուրեր:

Հայոց ցեղասպանությունը վերապրած Սոկրատ Մկրտչյանի հուշագրությունը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Սոկրատ Մկրտչյանի հուշագրությունը

Սոկրատ Հակեյի Մկրտչյանի հուշագրությունը Մեծ եղեռնի արհավիրքը վերապրած-ականատեսների՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում պահվող շուրջ 500 ձեռագիր վկայություններից մեկն է:

Հեղինակը ներկայացնում է հայ ժողովրդի համար ճակատագրական՝ 1915 թվականին իր հայրենի գյուղի՝ Արևմտյան Հայաստանի Բիթլիսի (Բաղեշ) նահանգի Բիթլիսի գավառի Խլաթի գավառակի Փրխուս գյուղի հայ բնակչության կոտորածի և թալանի, դրա ժամանակ իրեն և իր ընտանիքին բաժին ընկած փորձությունների պատմությունը:

Գոյատևման այդ անհավասար պայքարի` մահվան մշտական սպառնալիքից փրկվելու նպատակով ամեն օր, եթե ոչ ամեն ժամ, րոպե և վայրկյան մաքառման ընթացքում Սոկրատ Մկրտչյանը կորցնում է հորը, մորը և ծծկեր տարիքը չանցած փոքր եղբորը: Փրկվում է միայն ինքը՝ հեղինակը և նրա փոքր քույրը՝ Մարգարիտը:

Հեղինակը բաժանել է հուշագրությունը հինգ գլուխների: Առաջին գլխում, որը կրում է «Մեր գյուղը, նրա նիստուկացը» անունը, նա ներկայացնում է ծննդավայր՝ Փրխուսը, նրա շրջակայքը՝ «ջինջ ու կապուտակ» Նազիկ լիճը, գյուղից դեպի հարավ ընկած «նոթոտ ու մշտապես մռայլ» Նեմրութ լեռը, իր ընտանիքը, գյուղական դպրոցում ուսման դրվագներ: Ուշագրավ են Փրխուսի և գավառի առօրյա կյանքի, բնակչության զբաղմունքի, առանձին սովորույթների և ծեսերի մասին հեղինակի դիտարկումները:

Երկրորդ՝ «Իմ մանկությունը» վերնագրված գլխում, հեղինակը շարունակում է ներկայացնել իր ընտանիքի պատմությունը մինչև 1914 թվականը՝ Առաջին աշխարհամարտի բռնկվելը: Տասը տարեկանը հազիվ բոլորած տղայի հիշողությունների թելը մեզ հաղորդակից է դարձնում Մեծ եղեռնի նախաշեմի արևմտահայ գյուղում կյանքի անշտապ ընթացքին: Մեր առջև պատկերվում է արևմտահայ գյուղացու դժվար և զրկանքներով լեցուն առօրյան: Ինքը՝ հեղինակը, մանկուց ներգրավվել էր գյուղատնտեսական աշխատանքներին՝ օգնելով հորը որպես հոտաղ՝ վարի եզների լուծին նստող կամ լուծի առջևից քայլող ու եզներին քշող տղա: Հուշերի այս հատվածի ուշագրավ դրվագներից են փոքրիկ Սոկրատի` նահանգի կենտրոն՝ Բիթլիս (Բաղեշ) քաղաք, ինչպես նաև հարևան Բուլանըխի գավառակ ճանապարհորդությունների նկարագրությունները:

Վրա է հասնում Առաջին աշխարհամարտը և 1915 թվականը: Հայոց ցեղասպանության առաջին փուլը հայ տղամարդկանց ոչնչացումն էր աշխատանքային գումարտակներում. Սոկրատի հորը, Փրխուսի ու գավառակի գյուղերի բազմաթիվ տղամարդկանց հետ միասին, տանում են բանակ՝ որպես բեռնակիր («դամուռ բաշի»), և նա այլևս երբեք չի վերադառնում, անհետ կորում է:

Հուշագրության երրորդ՝ «Պատերազմ» գլխի առանցքային դրվագը Փրխուս գյուղի եղեռնի նկարագրությունն է: Ռուսական բանակի գրոհի տակ Բայազետի գավառից նահանջող Հասնացի քրդական աշիրեթը 1915 թ. ապրիլին «քաղցից ոռնացող գայլերի ոհմակի գազանությամբ» ներխուժում է իր ճանապարհին ընկած Փրխուս գյուղը. անպաշտպան բնակչության մեծ մասը սրի է քաշվում, հայերի ունեցվածքը՝ հացահատիկը, անասուններն ու գույքը, թալանվում է: Բնակչության ողջ մնացած խլյակները, որոնց մեջ նաև հուշագրության հեղինակն իր մոր, ծծկեր եղբոր ու քրոջ հետ, փախչում են ավերված Փրխուսից:

Սոկրատի և նրա հարազատների դեգերումների ոդիսականը ներկայացված է հուշագրության չորրորդ («Գերություն») և հինգերորդ («Փրկություն») գլուխներում: Այդ ճանապարհի ամեն քայլափոխին նրանց մահ էր սպառնում: Հեղինակի մայրը, որդու կյանքը փրկելու նպատակով, նրան հանձնում է տեղացի մի քրդի՝ Բինբոյին, որպես հովվի օգնական՝ հոտաղ: Հեղինակը ստիպված է լինում հետևել ռուսական բանակի առաջխաղացումից փախչող քրդերին՝ թողնելով թիկունքում մորը և քրոջը (իր ծծկեր եղբայրն այդ ընթացքում մահացել էր), անցնում է Մշո դաշտ և այնտեղ միայն կարողանում փախուստի դիմել: Տարբեր արկածներից հետո, որոնց նկարագրությունը չմարող հետաքրքրությամբ է ընթերցվում, Սոկրատին ի վերջո հաջողվում է անցնել ռուսական զորամիավորումների զբաղեցրած տարածք: Հետդարձի ճանապարհին հեղինակը ողջ է գտնում միայն քրոջը. մայրը, չկարողանալով դիմանալ զրկանքներին, մահացել էր:

Այնուհետև Սոկրատն իր քրոջ հետ միանում է ռուսական զորքերի հետ նահանջող մշեցի և բիթլիսցի հազարավոր փախստականների քարավանին և շարժվում դեպի Արևելյան Հայաստան: Էջմիածին հասնելուց հետո նրանք սկզբից տեղավորվում են այնտեղի մանկատներից մեկում, այնուհետև տեղափոխվում Մոսկվայի հայկական կոմիտեի հովանու տակ գործող Աշտարակի մանկատուն: Մանկատան կյանքի հակիրճ նկարագրությամբ, հաստատության դաստիարակներին և ուսուցիչներին ուղղված ջերմ խոսքերով և ավարտվում է այս ծավալով ոչ մեծ, սակայն խիստ ուշագրավ հուշագրությունը:

Սոկրատ Մկրտչյանի հետագա ճակատագրի մասին մենք իմանում ենք հուշագրությանը կցված կենսագրական ժլատ տողերից: Մանկատանը հեղինակը ստանում է միջնակարգ կրթություն, ուսումն ավարտելուց հետո ամուսնանում է և քրոջ հետ միասին լքում հաստատությունը: Յոթ տարի ծառայում է Խորհրդային Կարմիր բանակում, զորացրվում 1930 թ.: Նույն տարում ընդունվում է Համամիութենական անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտ, որն ավարտում է 1934 թ.՝ ստանալով անասնատեխնիկի մասնագիտություն: 1935 թ. հունվարին ընդունվում է աշխատանքի Ժոմկոմխորհին կից ռադիոհաղորդումների կոմիտե՝ որպես քաղաքական-մասսայական հաղորդումների ղեկավար: 1937 թ. փոխադրվում է քաղաքական հաղորդումների պատասխանատու խմբագրի պաշտոնին: 1940 թ. հունիսից նշանակվում է «Վերջին լուրեր» հաղորդման գլխավոր խմբագիր: Մեծ հայրենական պատերազմի սկսվելուց հետո՝ 1941 թ., մեկնում է ռազմաճակատ, իսկ 1943 թ. զորացրվում՝ հիվանդության պատճառով: 1943-1946 թթ. աշխատում է Սոցիալական ապահովության մինիստրությունում, 1947-1954 թթ.՝ «Կոմունիստ» թերթի խմբագրությունում՝ որպես Մարտունու, Կամոյի և Բասարգեչարի շրջանների սեփական թղթակից: 1960-ական թթ. նա աշխատանքի է անցնում «Ռյա թազա» քրդալեզու թերթում՝ որպես գրաքննիչ: Այնուհետև հիվանդության պատճառով անցնում է թոշակի և վախճանվում 1986 թ. փետրվարին:

 

 

 

 

Սոկրատ Մկրտչյանի հուշագրությունը արժեքավոր է մի շարք առումներով: Նախ այն եզակի պատմական սկզբնաղբյուր է՝ Արևմտյան Հայաստանի հայկական բնակավայրերից մեկի՝ Փրխուսի, ինչպես նաև Խլաթի գավառակի այլ հայաբնակ գյուղերի բնաջնջման, Հայոց ցեղասպանության իրականացման մեջ քրդերի դերակատարության, եղեռնի գործադրման մեխանիզմների՝ սպանության կոնկրետ եղանակների, հայության կոնկրետ խմբերի (տղամարդիկ, երիտասարդ կանայք) թիրախավորման, հայերի նկատմամբ գործադրված այլ բռնության ձևերի (բռնաբարություններ, խոշտանգումներ, աշխատանքային շահագործում), հայերի ունեզրկման վերաբերյալ ականատեսի վկայություն:

Բացի դրանից՝ արևմտահայության ազգագրությամբ զբաղվող ուսումնասիրողների համար կարող են որոշակի հետաքրքրություն ներկայացնել հուշագրության առաջին («Մեր գյուղը, նրա նիստուկացը») և երկրորդ («Իմ մանկությունը») գլուխներում Խլաթի հայ բնակչության առօրյա կյանքի, նիստուկացի նկարագրությունները, Մուշի ժողովրդական երգերի մի քանի նմուշներ և այլն: Հուշագրությունն օժտված է նաև որոշակի գրական-գեղարվեստական արժանիքներով: Աշխատանքն ունի կուռ կառուցվածք, պատմողական ոճը՝ հստակ ու կլանող է, լեզուն՝ պարզ և, միաժամանակ, վառ ու պատկերավոր:

Սոկրատ Հակեյի Մկրտչյանի հուշերը հավաքել և ի մի է բերել նրա ավագ դուստր՝ Լենա Մկրտչյանը: Նա է նաև 1998 թ. մայիսին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին փոխանցել հուշագրությունը պարունակող հինգ տետրերում ամփոփված սկզբնական ձեռագիրը և այդ ձեռագրերի հիման վրա իր կողմից կազմված մաքրագիր մատյանը:

Ստորև ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում մի հատված Սոկրատ Մկրտչյանի հուշագրության 3-րդ գլխից, որտեղ պատմվում է 1915 թ. մայիսին Փրխուս գյուղի հայ բնակչության բնաջնջման մասին:

 

Ռոբերտ Ա. Թաթոյան

պ.գ.թ.,  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրությունների բաժնի ավագ գիտաշխատող


Գլխավոր լուսանկարում՝ Աշտարակի մանկատան սաների խմբակային լուսանկար, 1916 թ.: Վերևի շարք, ձախից երրորդը հուշերի հեղինակ Սոկրատ Մկրտչյանն է: Ներքևից երկրորդ շարքի ձախից չորրորդը Սոկրատ Մկրտչյանի քույր Մարգարիտն է:

 

 

 


Հատված Սոկրատ Մկրտչյանի ձեռագիր հուշից

Գարուն էր. 1915 թվականի եղեռնի գարունը: Հարավից եկած սարյակները ու ծիծեռնակները աշխուժորեն կարկատում էին իրենց բները: Արագիլները ամբողջ գյուղի սիրելին էին. իրենց երկար, կարմիր ոտներով, բոբիկ ջրվորի նման վերադարձել և նստել էին իրենց հինավուրց հաստաբուն բարդու ծառերի վրա ու ջանասիրությամբ պատրաստվում էին մայր դառնալու, ձագուկներ կերակրելու: Գարնանային փոփոխական եղանակը անցնում էր աննկատ: Այդ օրերին սովորական եռուզեռ, աշխատանքային խնդություն չկար: Ոչ մեկի դեմքին ժպիտ չէր գալիս, ոչ ոք կուշտ չէր քնում՝ ամեն ինչ անորոշ ու մութ էր:

Գյուղը ակամա, մի կերպ կիսատ-պռատ դուրս էր եկել գարնանացանի: Բայց դա թվացող գարնանացան էր, քանի որ գյուղում չկային բանող ուժ՝ տղամարդիկ, չկար կազմակերպող ձեռք, ոչ ոք չէր իմանում, ի՞նչ է լինելու վաղը. ամեն ինչ մնացել էր Աստծո հույսին: Սովորականից շատ շուտ վերադառնալով դաշտային աշխատանքներից՝ մենք քուն էինք մտնում, ավելի ճիշտ ծվարում էինք մեր խրճիթներում: Խորհրդավոր ու զուսպ լռությունն էր պատել գյուղը: Աշխարհից կտրված՝ մենք ոչինչ չէինք իմանում ռուսական բանակի առաջ շարժման մասին: Փրկության միակ հույսը տասնյակ տարիներով երազած ռուսական հաղթական բանակի գալն էր, բայց նա չկար. ասում էին՝ նա դեռ հեռու է:

Բայց սև ամպերը վաղուց կուտակվել էին, այն էլ ահավոր չափերով: Ալաշկերտի անառիկ Զիլանի լեռներում և ձորերոմ բնակվող Հասնացի կոչվող քրդական աշիրեթի մի մասը ռուսական բանակի առաջխաղացման պատճառով փախչում էր դեպի արևմուտք: Այդ վայրենաբարո խուժանը արյունռուշտ տաճկական կառավարությունից խնդիր էր ստացել իր ճամփին ընկած հայկական բոլոր գյուղերը կողոպտել և սրի քաշել՝ չխնայելով ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին և ո՛չ էլ ծերերին: Եվ ապրիլյան մի օր այդ խուժանը, զինված բիրդանգի հրացաններով, մեր գյուղ հասավ և երեկոյան շրջապատեց այն: Դեռ մութը չընկած գերեզմանների մոտ նրանք սպանեցին մի տղամարդու. ոչ ոք սիրտ չարեց նրա մոտ գնալ տեսնել՝ նա մեռե՞լ է, թե դեռ գալարվում է իր արյան մեջ: Այդ դեպքը կայծակի արագությամբ տարածվեց գյուղում, ու մահվան սարսափը գալարվեց, սողաց, մտավ յուրաքանչյուրի խրճիթը: Այն ավելի մոտեցրեց հարևաններին, նրանք ընտանիքներով հավաքվում էին իրար մոտ: Մղձավանջային գիշերը տարի էր թվում: Օղակված գյուղից ոչ ոք չէր կարող դուրս գալ. մահվան օղակում գյուղը սպասում էր լուսաբացին: Քրդական այդ ոհմակը սիրտ չարեց գիշերով գյուղ մտնել:

Առավոտյան, երբ տեսան, որ ոչ մի դիմադրություն չկա, չորս կողմից իրենց կանանց հետ միասին սպանելու ու կողոպտելու նպատակով այնպիսի վայրագությամբ գյուղ խուժեցին, ինչպիսի գազանությամբ ուշ ձմռանը քաղցից ոռնացող գայլերի ոհմակն է հարձակվում իր անզեն ու անպաշտպան որսի վրա: Սկզբում ոչնչացնում էին միայն յոթանասուն-ութանասուն տարեկան ծերունիներին, հետո սկսեցին հնձել և պատանիներին: Իմ աչքի առաջ մեր տան շեմքի վրա սպանեցին մոտ իննսուն տարեկան պապիս: Առավոտվանից մինչև արևի մայր մտնելը գյուղի բոլոր թաղերից անընդհատ կրակոցներ էին լսվում. ոչ մի գնդակ զուր չէր անցնում:

Շուտով փողոցներում ու առանձին տների ներսում կուտակվեցին դիակներ: Դիակներ էին ընկած նաև կտուրների ու ճամփեքի վրա:

Այդ օրհասական րոպեներին մայրերը կորցրեցին իրենց երեխաներին, երեխաները՝ մայրերին, որովհետև չէին թողնում մարդկանց մի տեղ մնալ. անընդհատ փողոցից փողոց էին քշում, տնից-տուն:

Ես էլ կորցրեցի մորս ու քրոջս, բայց հետո, չգիտեմ ինչպես, մայրս կիսախելագար վիճակում գտավ ինձ: Նա ինձ իր հետևից քարշ տվեց բարձր պատեր ունեցող մի կիսավեր բակ: Այստեղ մի քանի կանայք սարսափից կարծես ձուլված պատերին սարսռած դեմքերով սպասում էին: Մենք ևս կուչ եկանք պատի մի անկյունում: Չանցած մի քանի րոպե՝ հանկարծ երկու քրդեր մի զույգ հրացանի փողեր վերևից ուղղեցին մեր վրա՝ հրամայելով դուրս գալ բակից: Հենց բակից դուրս եկանք, ծեր, ատամները թափած մի քուրդ բիրդանգի հարցանը դեմ արավ կրծքիս, ասելով.

- Տղա է՝ բավական է: Պետք է ոչնչացնել:

Մի ակնթարթում նկատեցի, թե ինչպես մայրս կռացած համբուրում է ծեր քրդի ոտքերը և խնդրում, որ ինձ չսպանի: Քուրդը սկսեց տատանվել. ես իսկույն թողեցի մորս ու ծուռումուռ փողոցներով փախա քեռուս տան դիմացի բակը: Մի փոքր հետո մազերը արձակ, շնչահեղձ մեռելի գույն ստացած մայրս բակ մտավ՝ ասելով. - Սպանում են, ոչ մի տղա չեն թողնում. արդեն բազմաթիվ պատանիներ իրենց արյան մեջ ընկած են փողոցներում: Գնանք, գնանք այստեղից, հիմա ուրիշ քրդեր կհանդիպեն ու կսպանեն մեզ, - ասաց նա և ուժով ինձ քարշ տվեց իր հետևից և մենք մտանք քեռուս տուն:

Այստեղ իմ հասակակից քեռուս տղային՝ Բենիամինին, մի քանի րոպե առաջ էին սպանել, և նա անշնչացած էր իր արյան մեջ: Մայրս արագությամբ ինձ պառկեցրեց նրա կողքին ու նրա նոր, դեռևս թարմ արյունից քսեց դեմքիս, կրծքիս, ձեռքերիս և բոբիկ ոտքերիս՝ իբր թե սպանված եմ: Հետո չգիտեմ ի՞նչ մտածեց, մի քանի րոպեից հետո ինձ ոտքի հանեց և տարավ պառկեցրեց մեր հարևանի դռանը կուտակված դիակների մեջ՝ պատվիրելով, որ անշարժ, աչքերս փակ մնամ, ձևացնեմ ինձ սպանված:

Արդեն ոչ ոք լաց չէր լինում, արտասուքը վաղուց էր ցամաքել, սրտերը ապառաժ էին կտրել: Կանայք կիսախելագար պոկում էին իրենց գլխի մազերը, պատառոտում էին հագուստները, կրծքերը թակելով մռնչում, անկապ-անկապ խոսքեր էին ասում, օգնություն աղերսում, անիծում ամենակարող ու արդարապաշտ Աստծուն...

Գեղեցիկ հարսներն ու ջահել աղջիկները մրով ու ցեխով այլանդակում էին իրենց դեմքերը, որ չգերվեն ու բռնի կերպով քրդի կին չդառնան: Բայց հաճախ այդ չէր օգնում և շատերին մազերից քարշ տալով բաժանում էին իրենց հարազատներից ու տանում: Րոպե առ րոպե փողոցներում և տներում բարձրանում էին դիակների կույտերը:

Ես պառկած էի դեռ մի երկու ժամ առաջ կենդանի, պայծառ դեմքերով իմ հարազատների, ընկերների, հարևանների ու համագյուղացիների դիակների մեջ, որոնց շրջապատել էին կիսախելագար կանայք, այդ թվում և իմ մայրը, և մռնչում էին իրենց զավակների, եղբայրների ու ամուսինների սառած արյունոտ գլուխները գրկած: Շատերին՝ թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց, բռնում՝ տանջամահ էին անում՝ պահանջելով ցույց տալ թաքցրած ապրանքների, ոսկու ու արծաթի տեղերը: Արևը արդեն մայր էր մտել, հրացանների կրակոցները դեռ չէին դադարել, երբ կենդանի մնացած կանանց ու երեխաների մեջ լուր տարածվեց, որ ժողովուրդը փախչում է դեպի Թլբի ջուր (դա գետակ է, որ սկիզբ է առնում Նազիկ լճից, գյուղից 3-4 կմ հեռու, լճի արևելյան կողմից և 20-25 կմ անցնելուց հետո թափվում է Վանա լիճը):

Մոտ չորս հարյուր տնից բաղկացած գյուղը արյունով ու արտասուքով ողողելուց հետո, բորենիների ոհմակը հեռացավ գյուղից, իսկ խելակորույս ժողովրդի մնացորդները առանց իրենց հաշիվ տալու փախչում էին, միայն թե չտեսնեին հարազատների, բարեկամների ու իրենց ընկերների՝ արևի տակ ուռած, այլանդակված դիակները, փախչում էին, միայն թե ազատվեն այդ մղձավանջային տեսարանից:

 


Սոկրատ Մկրտչյանն իր քրոջ՝ Մարգարիտի (կանգնած), կնոջ և ավագ դստեր հետ, 1930-ական թթ.