1993 թվականի այս օրը՝ հունիսի 26-ին նահատակվել է սփյուռքահայ ազատամարտիկ Կարո (Կարապետ) Քահքեջյանը: Հալեպում 1962 թվականի ծնված Կարո Քահքեջյանը 1978 թվականին ապրել է Գերմանիայում, ուր սովորել է Ֆրանկֆուրտի ճարտարագիտական համալսարանում: Այնուհետև նա տեղափոխվել է Ֆրեզնո:
1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ Կարո Քահքեջյանը աղետի գոտում օժանդակություն է ցուցաբերել տուժածներին: Շահե Ա. Աճեմյանի հետ կազմել է «Խաչակիրներ» ջոկատը։ 1991-1993 թվականներին մասնակցել է ՀՀ Արարատի, Տավուշի, Արցախի, Ասկերանի, Մարտակերտի, Քարվաճառի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ «Պուշկենյալ» բարձունքի ազատագրման ժամանակ՝ մինչև հիմնական ուժերի հարձակումը, իր ջոկատով մարտնչել է հակառակորդի գերակշռող ուժերի դեմ, պահպանել բարձունքը և մարտում զոհվել։
Նրա աճյունը ամփոփված է Եռաբլուրում, որտեղ կանգնեցված է նրա հուշարձանը: